– Ես իրականում շատ եմ ցանկանում երեխա որդեգրել,- ասում է 50-ամյա Ռիտա Այվազյանը,- սակայն ամուսինս չի ցանկանում, խուսափում է շրջապատի բամբասանքներից: Արդեն երեսուն տարի է, ամուսնացած ենք, բայց ոչ մի կերպ չի հաջողվում համոզել: Կարծում եմ, որ ում էլ պահեմ, խնամեմ ու սիրեմ, այսինքն` կապվածություն ստեղծվի, իմ երեխան կհամարվի: Գենետիկան, իհարկե, կարեւոր է, երբ կենսաբանորեն դու ես ծնող համարվում, բայց ի՛նչ կարող ենք անել…
Հայաստանում որդեգրման իրավունք ունեն բոլորը` ամուսնական զույգեր, ամուսիններից մեկը միայն, բայց այդ դեպքում անպայման պետք է լինի մյուսի համաձայնությունը, ինչպես նաեւ` միայնակ կանայք եւ տղամարդիկ: Որդեգրման միակ պահանջն այն է, որ որդեգրողի եւ որդեգրվողի տարիքային տարբերությունը պետք է տասնութ տարուց ավելի լինի: Մանկատներից երեխաներ որդեգրելուց խուսափում են, որովհետեւ վախենում են երեխաների ժառանգական արատներից: Շատ հաճախ որդեգրում են իրենց հարազատների երեխաներին՝ չմտածելով այդ երեւույթի հոգեբանական կողմի մասին:
– Ինձ որդեգրել են իմ հորեղբայրն ու նրա կինը, երբ մահացել է մայրս: Ես շատ փոքր էի, բայց, այնուամենայնիվ, չկարողացա նրանց հայրիկ ու մայրիկ ասել, հայրիկ չէի ասում նաեւ իմ հարազատ հորը: Փաստորեն ես ընդունվածից շատ ծնողներ ունեի կամ էլ` բոլորովին որբ էի,- պատմում է մեր զրուցակից Վաչագան Ալեքսանյանը:
– Իմացած մարդուց որդեգրելու դեպքում (ընտանեկան տիպի որդեգրում) մարդիկ մի տեսակ ապահովված են զանազան խնդիրներից, այսինքն՝ ավելի նեղ սերնդային կապերի մեջ են նայում եւ, կարծում եմ, որ մի փոքր էլ սնոտիապաշտություն է,- ասաց հոգեթերապեւտ եւ հոգեբանական գիտությունների դոցենտ Ռուբեն Պողոսյանը եւ ավելացրեց,- երկրաշարժից հետո սովորական երեւույթ էր երեխաներ որդեգրելը, որովհետեւ միայնակ մարդիկ եւ երեխաները շատ-շատ էին: Իսկ ինչ վերաբերում է եվրոպական երկրներին՝ այս դեպքում մարդասիրական գործոնն է հիմնականում եւ նաեւ նրանց հնարավորություններն են շատ` եւ՛ բժշկությունը, եւ՛ կենսամակարդակը: Մենք ասիացի ենք, եւ մեր հոգեկերտվածքի հետ է կապվում, որ մենք խուսափում ենք մանկատներից երեխաներ որդեգրել:
Հայաստանում վերջին տարիների (2004թ.) տվյալներով` կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը կազմել է 225, որոնցից որդեգրվել են 150 երեխաներ, այսինքն՝ հաշվառման վերցված երեխաների 66,7%-ը: Որդեգրողների 64.7%-ը ՀՀ քաղաքացիներ են եւ միայն 35.3%-ն են կազմում օտարերկրացիները:
– Ուրախալի փաստ է, որ երբեւէ կենտրոնացված հաշվառման վերցված օտարերկրացի որդեգրողների թիվը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ավելի չէ,- մեզ հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը եւ ավելացրեց,- օտարերկրյա քաղաքացիների եւ ՀՀ քաղաքացիների որդեգրման պրոցեսի միակ տարբերությունն այն է, որ հաշվառված երեխաների տվյալներն օտարերկրացիներին տրվում են միայն այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացիները երեք ամսվա ընթացքում հրաժարվում են որդեգրել:
Ըստ Լենա Հայրապետյանի` ՀՀ Արտգործնախարարությունում հաշվառվում են արտասահմանցիների կողմից որդեգրվող երեխաները, որի շնորհիվ հնարավոր է դառնում վերահսկել նրանց խնամքն արդեն Հայաստանի սահմաններից դուրս: