«Մշակութային պոռթկումների համար ուզում ենք դաշտ ստեղծել»,- ասում է Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը

24/11/2006 Զրուցեց Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

– Ձեր կարծիքով` ՀՀ Մշակույթի նախարարությունն ավելի շատ կարելի է անվանել մշակույթի պահպանմա՞ն, թե՞ զարգացման գերատեսչություն:

– Նախարարության պահպանողական ֆունկցիաները դանդաղորեն պետք է իրենց տեղը զիջեն զարգացմանը միտված ֆունկցիաներին։ Հասարակարգերի փոփոխման պատճառով նոր ֆորմատ է ձեւավորվել։ Որքան էլ դժգոհենք անցած տարիներից, փաստ է, որ մենք այն տարիներին, այնուամենայնիվ, կարողացանք պահպանել մեր մշակութային օջախներն ու մեր արժեքները եւ շատ մեծ կորուստներ չունեցանք։ Բայց այսօր միայն պահպանելը բավարար չէ, մենք պետք է նաեւ զարգացման մասին մտածենք։ Միայն ժառանգությունը պահպանելով՝ մշակույթ պահել հնարավոր չէ։

– Այս դեպքում հարց է ծագում՝ ի՞նչը զարգացնել եւ ի՞նչը՝ ոչ։

– Դա արդեն քաղաքականության խնդիր է։ Սովետական տարիներին մենք աշխատում էինք բոլոր ճյուղերը հավասարաչափ զարգացնել, քանի որ հավասարությունն այդ հասարակարգի հիմքն էր, բոլորս պետք է հավասար պայմաններում ապրեինք, նույն վայրերը գնայինք հանգստանալու ու մոտավորապես նույն աշխատավարձը ստանայինք։ Հիմա արհեստական այդ մոտեցումը չի աշխատում: Եվ այլեւս միակ ներդնողը պետությունը չի կարող համարվել։ Արվեստի ճյուղերը չեն կարող հավասարաչափ զարգանալ, եւ մենք պետք է մեր ուժերը կենտրոնացնենք հրատապ խնդիրների վրա եւ այն ոլորտի, որը կարգավորման կարիք է զգում։

– Հնարավո՞ր է, որ պետությունը հրաժարվի ֆինանսավորել, ասենք, բալետը կամ օպերան։

– Ոչ, իհարկե, ֆինանսավորման դադարեցումն ուղղակի բացառված է, պարզապես պետք է ֆինանսավորման ձեւերը հստակեցվեն։ Օրինակ, մենք բազմաթիվ թատրոններ ունենք, որոնք տարեկան մեկ ներկայացում բեմադրելու համար պետպատվեր են ստանում։ Իմ կարծիքով` դա ճիշտ մոտեցում չէ, կան թատրոններ, որոնց աշխատաոճը պետք է փոխվի։ Եթե մշակութային հիմնարկներում մի քանի տարի շարունակ ստեղծագործական պրոցես չի ընթանում, ուրեմն պետք է զարգացման նոր ուղիներ գտնելու մասին մտածել, նույնիսկ` կտրուկ քայլերի դիմել: Կտրուկ քայլեր ասելով՝ ես նկատի չունեմ այդ մշակութային օջախի փակումն ու վերացումը: Յուրաքանչյուր մշակութային օջախ յուրովի մոտեցում է պահանջում: Եվ թող ոչ մեկին չթվա, որ կարելի է տարիներ շարունակ ոչինչ չանել ու պարզապես գոյատեւել:

– Թատրոններն այսօր հիմնականում իրենց դահլիճները վարձով տալով են գումար աշխատում:

– Վարձակալությունը ես բնական երեւույթ եմ համարում, բայց, վարձակալության հետ մեկտեղ, պետք է դաշտ ստեղծվի՝ մշակութային պոռթկումների համար։ Հիմա բոլոր մեր դահլիճները դարձել են շատ մատչելի, կարծես փոխվել է դահլիճների կարգավիճակը։ Մինչդեռ, իմ կարծիքով, ասենք` Օպերային թատրոնի բեմը պետք է անհաս մի բարձունք լինի, որը ոչ բոլորին հասանելի կդառնա։

– Պոռթկումների համար, բացի դահլիճից, նաեւ տաղանդավոր թատերախումբ ու նոր գաղափարներ են պետք։ Առաջինն ունենք, իսկ մնացածի հետ խնդիրներ են ծագում։

– Պատճառն այն է, որ առողջ մրցակցություն չկա: Գրեթե բոլոր թատրոններն իրենց որոշ չափով ապահովագրված են զգում: Դա ինքնաբավարարված ու հանգիստ իրավիճակ է ստեղծում ու ստեղծագործական պրոցեսին չի նպաստում։ Եթե լինի որեւէ ալտերնատիվ թատերախումբ, որը կարող է պետական թատրոնի բեմում խաղալ ավելի հետաքրքիր ներկայացումներ, քան այդ բեմն օրենքով զբաղեցնողները, ապա դրանից միայն կշահենք։ Եվ դահլիճի «տերերը», ուզեն թե չուզեն, կսկսեն տեղից շարժվել ու ավելի լայն մտածել:

– Վստահ կարելի է ասել, որ մեր թատրոնների գեղարվեստական ղեկավարներն այլ թատերախմբերին իրենց բեմը չեն զիջի։

– Այդ պատճառով էլ պետք է ռեֆորմներ անել եւ փոխել ստեղծված համակարգը։ Մենք որեւէ մեկին պետական աջակցությունից զրկելու ցանկություն չունենք: Պարզապես ուզում ենք, որ պետությունը տարբեր մեխանիզմներով՝ այլ թատերախմբերին եւս բեմը անվճար տրամադրելով, ազատ բեմի գաղափար ստեղծելով, վճարների ճկուն համակարգով խթանի նորարար ու թարմ նախագծերը։ Պետությունը մշակույթին ընդհանրապես չվճարել չի կարող: Մշակույթն անպայման պետք է ֆինանսավորվի ոչ միայն պետության, այլ նաեւ` մեկենասների ու հանդիսատեսի կողմից։ Մշակույթը գումար պահանջող ոլորտ է։ Հետաքրքիր է, որ շատ պետություններում մշակույթի ոլորտի պետական ֆինանսավորումը տարեցտարի նվազում է, իսկ մեր երկրում աճում է: Պարզապես արդյունքները տեսանելի չեն։ Ֆրանսիայի նախկին նախագահ Պոմպիդուն, օրինակ, ժամանակին կարողացավ կենտրոնացնել ողջ ներուժը եւ ժամանակակից արվեստի կենտրոն ստեղծեց: Դա չի նշանակում, որ դադարեցվեց թատրոնների ֆինանսավորումը, պարզապես կենտրոնի գաղափարն առաջնային համարվեց։

– Կարծում եմ, որ նախարարություն մտնող մարդիկ հիմնականում ֆինանսների պակասից են բողոքում, բայց ոչ երբեք՝ գաղափարների պակասից։

 – Ես նախարար եմ ու շատ բան ասելու իրավունք չունեմ, բայց տարիներ շարունակ բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներ չլուծվելով` այսօր դարձել են լուրջ հիմնախնդիրներ, որոնք անհապաղ հանգուցալուծման կարիք ունեն: Մենք փորձում ենք դա անել, սակայն պետք է խոստովանեմ, որ հակազդեցության դեպքում ստիպված կլինենք դրանց հիմքերն ու պատճառները գտնել ու բացահայտել: Ֆինանսների պակասից միշտ դժգոհողներին պետք է ասեմ, որ տաղանդավոր արվեստագետն անպայման գտնում է իր ճանապարհը, իր հանդիսատեսին կամ ընթերցողին։ Տաղանդավոր երեւույթը հնարավոր չէ չնկատել։ Ով կարծում է, թե իր աշխատանքը քիչ է գնահատված կամ ընդհանրապես գնահատված չէ, թող ներկայացնի իր նախագիծը, մենք պատրաստ ենք ընդունել, քննարկել ու, եթե տաղանդավոր է, անմիջապես կաջակցենք։

– Մշակութային իրադարձությունների հանդեպ հիմա շատ մեծ հետաքրքրություն, կարծես թե, չկա: Թատրոնների դահլիճները հիմնականում դատարկ են մնում:

– Չեմ կարող ասել, որ դահլիճները դատարկ են, շատ թե քիչ հանդիսատես կա։ Ուրիշ հարց է, թե ի՞նչ են մարդիկ դիտում։ Պետք է աշխատենք մշակութային արժեքներ ստեղծել։ Ժամանակին մեր երկրի այցեքարտն Արամ Խաչատրյանն էր, իսկ հիմա մենք նրա նման երեւույթներ չունենք։ Ավելի քան համոզված եմ, որ մշակույթը միայն երկրում եղած կադրերով գոյություն ունենալ չի կարող։ Հյուրախաղեր, համատեղ բեմադրություններ, շփումներ են պետք։ Խնդիրն այն է, որ մենք պարփակվել ենք մեր շրջանակներում, ինքներս ստեղծում ենք, ինքներս մեզ գնահատում ենք ու ինքներս մեզ ծափահարում։ Լուրջ, պրոֆեսիոնալ քննադատությունն էլ իսպառ վերացել է։ Թվում է, որ եթե մի բան ենք ստեղծում, ուրեմն դա լավ է։ 1990-ականներին այդ մոտեցումը կարելի էր ճիշտ համարել, քանի որ մարդիկ ոչնչից էին ինչ-որ բան ստեղծում, իսկ հիմա մենք զարգանալու անհրաժեշտություն ունենք։ Արվեստի մարդկանց լիարժեք կրթություն ստանալ է պետք։ Լավ կլիներ նաեւ, որ դրսից արվեստագետներ գային մեզ մոտ աշխատելու։ Բայց մեր արվեստագետներից շատերը վախենում են մրցակցությունից, առաջ են քաշում իրենց անձնական շահերն ու ամբիցիաները։ Իսկ եթե մենք այսօր չկարողանանք ժամանակակից մշակույթ ստեղծել, ապա վաղը դա մեզ չեն ների։ Կոնկրետ մարդկանց ամբիցիաներն ու վատ նախարարներին ոչ ոք չի հիշելու, բայց տվյալ ժամանակահատվածում մշակույթի պակասը կանդրադառնա ողջ հասարակարգի զարգացման վրա։

– Մշակույթին գնահատական տալն, ամեն դեպքում, սուբյեկտիվ է կատարվում, քանի որ անձնական համակրանքներ գոյություն ունեն։ Լավ կամ վատը արվեստում որոշելը դժվար է։ Գուցե ավելի պրոֆեսիոնալ էքսպերտների կամ ֆոնդերի կարի՞ք կա։

– Ցավոք, մենք դրան դեռ չենք հասել։ Այս համակարգը սովոր է աշխատել այնպես, ինչպես աշխատել է եւ կարծես թե այսօր այն փոքր-ինչ կտրվել է հասարակական երեւույթներից եւ պրոֆեսիոնալ կարծիքը ձեւավորող զանգվածից։ Մշակույթի ոչ մի բնագավառում երբեւէ էքսպերտների խմբեր չեն աշխատել։ Եթե տարվա ընթացքում, ասենք, 300 գիրք է տպագրվել, ապա էքսպերտների խումբը կարող էր կարդալ այդ բոլոր գրքերն ու իր անկախ կարծիքը հայտնել։ Մենք նման մեխանիզմներ չունենք։ Մինչդեռ նախարարությունը պետք է որոշի, թե հիմա պետությանն ինչպիսի գրականություն է հարկավոր, եւ ֆինանսավորի, ասենք, հինգ գրքերի տպագրությունը, իսկ Գրողների միությունը պետք է ներկայացնի լավագույն հեղինակներին։ Բայց հիմա ստացվում է այնպես, որ բոլորն իրենց գրքերը նախարարություն են բերում։

– Ստեղծագործական միությունների դերն ինչո՞ւմ եք տեսնում։

– Միությունները հասարակական կազմակերպություններ են, որոնք պետք է ինքնակառավարվեն ու ինքնակարգավորվեն։ Միությունները պետք է հասարակությունը ուղղորդող մասնագիտական կարծիքի հեղինակը լինեն, մասնագիտորեն դաշտն ուսումնասիրեն ու հասարակությանը տեղեկացնեն նոր անունների ու երեւույթների մասին։

– Իսկ ինչպե՞ս կարելի է պահպանել փոփ-կուլտուրայի ու բարձր արվեստի հավասարակշռությունը:

– Դա շատ լուրջ խնդիր է: Պետք է հիշել, որ դատարկ տեղը երբեք երկար ժամանակ դատարկ չի մնում: Եթե մենք դաշտը չենք լցնում լուրջ մշակույթով, ապա այն լցվում է արհեստածին ու կեղծ երեւույթներով: Զարմանալի է, բայց մենք թիթեռի մտածելակերպ ունենք, այս պահին որոշակի գործ ենք անում, մյուս պահին` անմիջապես մոռանում ենք դրա մասին: Մեկ գործը դեռ չավարտած՝ սկսում ենք մտածել, թե ի՞նչ ենք անելու վաղը: Չենք մտածում մեր գործը արժեւորելու, պատմությանը հանձնելու մասին:

– Հնարավո՞ր է, որ նախարարությունը մշակութային հեռուստահաղորդման նախաձեռնող դառնա: Թեկուզեւ` հատուկ այդ նախագծի համար գումար հատկացնի:

– Լուրջ մշակութային հաղորդաշար ստեղծելն իմ ամենամեծ ցանկությունն է: Բազմաթիվ հայկական ալիքներ կան, բայց եթե ուզում ենք մշակութային հաղորդումներ դիտել, մենք, միեւնույն է, նայում ենք ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքը: Մշակույթը պետք է իր տեղը զբաղեցնի տեղեկատվական դաշտում, սակայն առայժմ այդ պրոցեսը շատ դանդաղ է գնում: Մենք հիմա ստեղծում ենք մեր ինտերնետային կայքն ու աշխատում ենք այն հագեցնել ինֆորմացիայով: Իհարկե, շատ ժամանակ ենք կորցրել, բայց փորձում ենք շատ հետ չմնալ:

– Ձեր կարծիքով` լա՞վ է, երբ իշխանության են գալիս կանայք: Արդյոք դա կարո՞ղ է դիտվել որպես հասարակության զարգացման ցուցանիշ:

– Չեմ կարծում, որ հասարակությունը կշահի, եթե ավելի մեծ թվով կին նախարար կամ պատգամավոր ունենա։ Թերեւս կանայք ավելի ճկուն մտածելակերպ ունեն, բայց դա չի նշանակում, որ նրանց պետք է ակտիվորեն ներգրավել աշխատանքի մեջ։ «Դուրս ու ներս» հասկացողություն գոյություն ունի. «դուրսը» դա աշխատանքն է, իսկ «ներսը»՝ մեր տունը, ընտանիքն է։ Կանանց ակտիվ աշխատանքի մղելով` մենք զարգացնում ենք «դուրսը», բայց միեւնույն ժամանակ՝ թուլացնում ենք «ներսը», քայքայում ենք հասարակության հիմքը՝ ընտանիքը։ Երբ կինն իր երեխաների, ամուսնու ու ընտանիքի հետ շփվելու համար ազատ ժամանակ չի ունենում, դա ազդում է հասարակության վրա։ Հիմա ակտիվ աշխատող կանայք քիչ են, եւ դրա բացասական ազդեցությունը դեռ տեսանելի չէ։ Եթե մեծ թվով կանանց ներգրավենք քաղաքականության կամ բիզնեսի մեջ, ապա դա հաստատ բացասաբար կազդի հասարակության վրա։ Կնոջն իշխանություն տալը հասարակության համար ոչ մի դեպքում ինքնանպատակ լինել չի կարող։ Կարծում եմ, որ կանայք շատ արագ են կորցնում չափի զգացողությունը եւ ինքնամոռաց տրվում են աշխատանքին: Իհարկե, ամեն ինչ անհատից է կախված, բայց, ամեն դեպքում, կնոջն ավելի դժվար է ներքին զսպանակին հետեւել։ Երբ ես հանկարծ հիշում եմ, որ, օրինակ, այսօր չեմ հասցրել իմ երեխաների հետ հեռախոսով խոսել, ես ինձ անհարմարավետ եմ զգում։ Ես չեմ ուզում լրիվ չոր, «տղամարդ» կին դառնալ, կարծում եմ, որ հասարակությանն էլ դա պետք չէ։ «Տղամարդ» կինը ոչ մեկին պետք չէ։

– Կնոջ համար կարեւո՞ր է իմիջ, կերպար ստեղծելը։

– Կերպարը կարեւոր է, բայց պետք է փորձել ավելի գլոբալ մտածել։ Ասում ենք, որ կին նախարարներ են պետք, բայց պատկերացրեք, որ նախարարության շենքի յուրաքանչյուր հարկում մի կին նստած լիներ։ Արդյոք դա՞ ենք ուզում։ Չէ՞ ո&n