ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանը 2006թ. առաջին 10 ամիսների ընթացքում արձանագրել է 13 տոկոսանոց տնտեսական աճ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ)։ Տվյալները թեեւ նախնական են, սակայն փորձը ցույց է տվել, որ հետագայում դրանք գրեթե չեն փոխվում։ Արդյունաբերության ոլորտում նախորդ տարվա ցուցանիշին զիջում ենք 0.9%-ով, սակայն մնացած բոլոր ոլորտներում արձանագրվել է տարբեր չափերի աճ։ Ամենացածր աճը գրանցվել է գյուղատնտեսության ոլորտում՝ ընդամենը 0.1%։ Իսկ ամենամեծ աճը, ինչպես միշտ, արձանագրվել է շինարարության ոլորտում՝ 38.8%, թեեւ հոկտեմբեր ամսին շինարարության ծավալները սեպտեմբերի նկատմամբ նվազել են 28.5%-ով՝ կապված այս ոլորտի սեզոնային բնույթի հետ։ Ծառայությունների ոլորտն աճել է 22.4%-ով։ Այս տարվա հունվար-հոկտեմբերի արտահանումը կազմել է 810.9 միլիոն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածից ավելի է 2.3%-ով։ Իսկ ներմուծումն աճել է 20.9%-ով՝ կազմելով՝ 1 միլիարդ 725.2 միլիոն դոլար։ Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմում է 914.3 միլիոն դոլար։ Բյուջետային աշխատողների միջին աշխատավարձը կազմում է 43.721 դրամ, իսկ ոչ բյուջետայինը՝ 75.335։ Նշենք նաեւ գնաճի ցուցանիշը։ Վիճակագիրները գտնում են, որ նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ գնաճը կազմել է 2.5%։ Իսկ սեպտեմբերի համեմատ հոկտեմբեր ամսվա գները բարձրացել են ընդամենը 0.2%-ով։