Եվ այսպես, առանց ավելորդ ջանքերի գաղտնազերծվեց, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի համաշխարհային բրենդը ոչ այլ ինչ է, քան տեղական, ավելի ճիշտ՝ ՕԵԿ-ական արտադրության բլեֆ։ Որովհետեւ, ինչպես սիրում է իր կուսակիցներին սովորեցնել Արթուր Բաղդասարյանը՝ քաղաքականության մեջ շատ բան հիմնված է բլեֆի վրա։
Եվ ինչքան մեծ է բլեֆը, այնքան այն որեւէ մեկը կասկածի տակ չի առնի։ Եվ ահա, այդ մեծ բլեֆի շրջանակներում «Օրինաց երկիրը» պարբերաբար հայտարարում է, որ եվրոպական այցերի ժամանակ Արթուր Բաղդասարյանը հարցազրույցներ է տալիս աշխարհի խոշորագույն լրագիրներին։ Հաշվարկը շատ պարզ է. լսելով այդ լրատվամիջոցների անունները, մենք պետք է զարմացած ասենք՝ «Օ՜», ու ՕԵԿ-ն իր քաղաքական PR-ը կհամարի ճիշտ նշանակետին խփած։ Մինչդեռ, ՕԵԿ նախագահի վերջին այցը, որից հետո կրկին շրջանառության մեջ դրվեցին եվրոպական թիվ մեկ ԶԼՄ-ները, հստակեցրեց, թե ի՞նչ է հասկանում ՕԵԿ-ը` հարցազրույց ասելով։ Մասնավորապես, հոկտեմբերի 10-ին, երբ ՕԵԿ նախագահը եղել է Լոնդոնի Թագավորական քոլեջի Կովկասյան քաղաքականության ինստիտուտում, նույն օրը, նույն ժամին եւ նույն տեղում են եղել նաեւ ՕԵԿ-ի հիշատակած եվրոպական լրատվամիջոցները, որոնց ՕԵԿ նախագահը հեռվից տեսել է։ Հասկանալի է, որ նրանք նույն օրը, նույն ժամին եւ նույն տեղում Արթուր Բաղդասարյանի համար չէին եկել։ Այս պատմությունը մոտավորապես նման է նրան, որ ինչ-որ մեկը հոլիվուդյան մի աստղի հետ հայտնվի նույն մթերային խանութում եւ հայտարարի, թե աստղը իր համար էր մտել հատկապես այդ խանութը։ Այս պատմությունը շատ է հիշեցնում նաեւ Արթուր Բաղդասարյանի հետ կատարված մեկ այլ դեպք, երբ դեռ ԱԺ նախագահ եղած ժամանակ Ֆրանսիայում, Սենատի միջանցքում անցնելով Նիկոլա Սարկոզիի կողքով, Բաղդասարյանի շրջապատը շատ արագ շրջանառության մեջ սկսեց դնել այն լուրը, թե Բաղդասարյանը Ֆրանսիայի նախագահի հավանական թեկնածու Սարկոզիի հետ առանձնազրույց է ունեցել, որից էլ հետեւում է, որ ՀՀ նախագահի պաշտոնում Ֆրանսիան ուզում է տեսնել միմիայն նրան։ Ի դեպ, Արթուր Բաղդասարյանի կյանքում նման էպիզոդները եզակի չեն։ Եվրոպական այցերի ընթացքում, երբ վերջինս դեռ ԱԺ խոսնակ էր, պարտադրել է հաղորդագրություններ տարածել այս կամ այն միջազգային կառույցի ղեկավարի հետ իր հանդիպման մասին, այն դեպքում, երբ տվյալ պաշտոնյային նա տեսել է ընդամենը մի ինչ-որ բանկետի ժամանակ ու նրա հետ պարզապես արարողակարգային բարեմաղթանք է փոխանցել։ Ուստի, պատահական չէ, որ մի քանի անգամ միջազգային տարբեր կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունները զարմացած դիմել են խորհրդարանին՝ հերքելով, թե նման հանդիպումներ ընդհանրապես եղել են։ Այդուհանդերձ, ՕԵԿ-ի քաղաքական բլեֆը, զուտ որպես բլեֆ-PR, այնքան էլ վատ չի մտածված։ Առաջիկա ընտրություններին ընդառաջ այդ կուսակցությունն իր առաջ խնդիր է դրել հանրությանը ներկայացնել, որ Արթուր Բաղդասարյանը նախագահական ընտրություններում Հյուսիսի, Հարավի, Արեւմուտքի եւ Արեւելքի միացյալ ֆավորիտն է եւ ունի բոլոր աշխարհամասերի անվերապահ «դաբրոն»։ Իսկ նման գլոբալ խնդրի համար այնպիսի բլեֆները, ինչպես եվրոպական ԶԼՄ-ներին չտված հարցազրույցներն ու Սարկոզիի եւ ուրիշների հետ չկայացած հանդիպումներն են, Արթուր Բաղդասարյանն ու նրա թիմը առանձնապես մեծ մեղք չեն համարում, քանզի որեւէ օրենքով կարգավորված չեն PR տեխնոլոգիաները։ Նույն տեխնոլոգիաների սերիայից են աշխարհի բոլոր հորիզոնականներից Արթուր Բաղդասարյանին, իբր, տրված մեդալներն ու զնաչոկները, որոնց մասին լսելով` միջին վիճակագրական հայ ընտրողը պետք է հասկանա, որ աշխարհը Հայաստանում իր ընտրությունն արդեն կատարել է, եւ իրեն այլ բան չի մնում անելու, քան իր քվեարկությամբ հաստատել աշխարհի «դաբրոն»։ Եվ, քանի որ, ՕԵԿ-ի ներկայացմամբ` եվրոպական մեդալ ստանալը նշանակում է, որ 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքն արդեն կանխորոշված է, մեզ թույլ տանք չհամաձայնել այդ մտքի հետ ու ընդամենը մի թեթեւ համեմատություն անցկացնենք Արթուր Բաղդասարյանի հայտարարված մեդալների, որոնց մասին, ի դեպ, նրա կենսագրականում որեւէ հիշատակություն չկա, եւ ԱԺ նախկին խոսնակ Արմեն Խաչատրյանի մեդալների, կոչումների ու զնաչոկների միջեւ։ Իր պաշտոնավարության միայն վերջին տարում ԱԺ նախկին խոսնակ Արմեն Խաչատրյանը ստացել է Համայն Արեւելքի Ուղղափառ եկեղեցու բարձրագույն պարգեւը՝ «Սուրբ Իգնատիոս Թեոֆորոսի» շքանշանը։ Ի դեպ, Արմեն Խաչատրյանն այդ պարգեւից ունի ուղիղ երեք հատ. 2001-ին նա ստացել է օրթոդոքս եկեղեցու բարձրագույն պարգեւը՝ «Սուրբ Անդրեասի» շքանշանը, իսկ 2002-ին Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը Մոսկվայի Ամենափրկիչ եկեղեցում Ա. Խաչատրյանին է հանձնել Ուղղափառ ժողովուրդների միասնության միջազգային հիմնադրամի տարեկան պարգեւ։ ԱԺ նախկին նախագահի հետ միաժամանակ այդ պարգեւից ստացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Լիբանանի կառավարության նախագահի տեղակալ Իսամա Ֆարեսը եւ Սերբիայի սրբազան պատրիարք Պավելը։ Այդ պարգեւից շաբաթներ անց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիչիրո Մացուուրան ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանին է հանձնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի արծաթե մեդալ, իսկ Բյուրականի աստղադիտարանը Ա. Խաչատրյանի անունով նոր հայտնաբերված աստղ է անվանակոչել։ Բացի այդ, Արմեն Խաչատրյանը նաեւ Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ էր։ Սա կոչումների, մեդալների ու պատվոգրերի միայն չնչին մասն է, որ իր պաշտոնավարության միայն վերջին տարում ստացել է Արթուր Բաղդասարյանի նախորդը։ Այնպես որ, եթե առաջնորդվենք ՕԵԿ-ի տրամաբանությամբ, ապա ողջ աշխարհն իր քաղաքական առաջնորդներով ու ծայրագույն պատրիարքներով ուզում է, որ Հայաստանի հաջորդ նախագահը լինի Արմեն Խաչատրյանը։ Մինչդեռ, բոլորի համար էլ հասկանալի է, որ այդ մեդալներն ու պատվոգրերն ընդամենը արարողակարգային բնույթ ունեն եւ տվյալ անձին տրվում են որպես երկրի պառլամենտի խոսնակ։ Ինչ վերաբերում է Արթուր Բաղդասարյանին, չնայած նրա համաշխարհային ճանաչման շուրջ բարձրացված «համաշխարհային» աղմուկին, որեւէ մեկն այդպես էլ չտեսավ ո՛չ Ֆրանսիայի բարձրագույն պարգեւը, որը ոչ մի կերպ չի կարողանում հասնել Հայաստան, եւ ո՛չ էլ Ավստրիայի նախագահի կողմից նրան տրված մեդալը, որի ետեւից, ասում են, Բաղդասարյանն անձամբ է գնալու։ Այնպես որ, մեզ մնում է ընդամենը ենթադրել, թե ինչ համաշխարհային աղմուկ կբարձրացներ «Օրինաց երկիրը», եթե նրա լիդերի անունով աստղ կոչեին, կամ նա ու ՌԴ նախագահը նույն օրը, նույն տեղում եւ նույն ժամին ստանային նույն մրցանակը։
Իսկ ընդհանրապես, դժվար է ասել, թե իրականում Եվրոպան Արթուր Բաղդասարյանին ինչպես է վերաբերվում, բայց, որ վերջինս այնքան էլ չի կարեւորում նույն այդ եվրոպական արժեքները, դրանում բազմիցս համոզվել են Բաղդասարյանի հետ արտերկիր մեկնած պատգամավորները։ Օրինակ, ԱԺ նախագահի պաշտոնում Իտալիա կատարած պաշտոնական այցի ժամանակ, Ֆլորենցիայում, որտեղ գտնվում է Ուֆֆիցիի հայտնի թանգարանը, չնայած այդ օրը թանգարանի համար ոչ աշխատանքային է եղել, սակայն քաղաքապետը, հատուկ ՀՀ ԱԺ նախագահի համար, բացել է տվել թանգարանը։ Եվ ի՞նչ եք կարծում, գնացե՞լ է մեր նախկին խոսնակը Լեոնարդոյի կամ Բոտիչելիի կտավները տեսնելու։ Ո՛չ, չի գնացել, եւ հայկական կողմը ստիպված է եղել Ֆլորենցիայի քաղաքապետին ասել, թե Արթուր Բաղդասարյանն անսպասելի մրսել է։ Մինչդեռ, բոլորովին առողջ Բաղդասարյանը պատվիրակության անդամներին ասել է՝ «Լավ, է՜, ի՞նչ թանգարան, հավես չկա, եկեք գնանք պիցցա ուտելու»։ Նմանատիպ մի կազուս էլ տեղի է ունեցել Փարիզում, երբ հայտնի օպերային մի ներկայացման համար 500 դոլարանոց տոմսեր են գնած եղել Արթուր Բաղդասարյանի համար, բայց նա կրկին հավես չի ունեցել օպերա լսելու։ Իսկ թե այդ օրը օպերան ի՞նչ ճաշատեսակով է փոխարինել ՕԵԿ լիդերը, մեզ պարզել չհաջողվեց։