«Մաքսազերծում» բառն այն քիչ թվով բառերից է, որոնք ծանոթ են կյանքի մեծ մասը խորհրդային ժամանակներում ապրած գրեթե բոլոր հայ տղամարդկանց։ Բանն այն է, որ այդ հասկացությունը, որպես այդպիսին, «սովետի» ժամանակ չկար, քանի որ չկար բաց առեւտուր այլ երկրների հետ։
Ի՞նչ է մաքսազերծումը։ Ինչպես ներմուծվող ցանկացած ապրանքի, այնպես էլ ավտոմեքենայի համար կան մի շարք վճարներ։ Կոնկրետ ավտոմեքենայի համար հարկավոր է մուծել Ավելացված արժեքի հարկ (մեքենայի արժեքի 20%-ը) եւ մաքսային վճար (10%)։ Ստացվում է մեքենայի արժեքի 30%-ի չափ մի գումար, եւ մաքսազերծում ասելով՝ մեզանում հասկացվում է հենց այդ գումարը։ Իսկ մեքենայի արժեքը որոշելիս հաշվի է առնվում ոչ թե այն գինը, որով այն ձեռք է բերվել արտասահմանում, այլ մեր մաքսավորներն ինքնուրույն են որոշում մեքենայի արժեքը։ Գնի մասին վկայող փաստաթղթերը մեր Մաքսայինը հաշվի չի առնում։ Կարելի է անգամ հպարտանալ՝ Հայաստանի համար եվրոպական երկրի կնիքով թուղթը հիմք չի հանդիսանում։ Հիմք հանդիսանում է Արարատյան մաքսատան աշխատակիցների կարծիքը։ Ճիշտ է, վերջիններս չեն կարող օդից թվեր գրել։ Կան որոշ չափանիշներ (տարեթիվ, մակնիշ, շարժիչի հզորություն եւ այլն), սակայն արժեքի որոշման հարցում «խաղեր տալու» տեղեր, այնուամենայնիվ, կան։ Մաքսային արժեքը որոշվում է մաքսավորի եւ մեքենայի տիրոջ փոխադարձ համաձայնության արդյունքում։ Այն լինում է արտերկրում ձեռքբերման գնից թանկ, Հայաստանի շուկայական գնից էժան։ Կարծում եմ՝ կարիք չկա ապացուցելու, որ մեքենայի տիրոջը ձեռնտու է ցածր արժեք գրանցել, որպեսզի քիչ մուծի բյուջե։ Առավել եւս կարիք չկա հիմնավորելու, որ դա հենց այնպես, «սիրուն աչքերի» համար չի արվում։ Ամեն մարդ չի, որ վստահ է՝ կկարողանա մաքսավորների հետ լեզու գտնել։ Սակայն, ինչպես գիտեք, փոքր ժողովրդի առավելություններից մեկն այն է, որ բոլորը բոլորին գիտեն։ Եվ ցանկացածի շրջապատում միշտ գտնվում է մեկը, որը «բանակցություններ» վարելու պատասխանատվությունը վերցնում է իր վրա։ Բացի այդ, ոչ ոք չի ուզում ավելորդ գլխացավանքներ ունենալ (օրինակ, մաքսավորի օգնությամբ պարզել, որ մեքենայի շարժիչի համարը ջնջված է, կամ որ ավելի վատ է՝ մեքենան գտնվում է հետախուզման մեջ)։ Այդ իսկ պատճառով, «ռաստամոժկա» կոչվածն ավելի լավ է անել ծանոթի միջոցով կամ օգնությամբ։ Իսկ գործող կարգը հնարավորություն է տալիս հարմար ծանոթ գտնելու վրա որոշ ժամանակ ծախսել՝ մի 10-15 օր։ Այդ ընթացքում տերը կարող է իր մեքենայի արագությունը վայելել «տրանզիտ» համարներով, որոնք հետո պետք է փոխարինել սովորական՝ հայկականով։
Ահա եւ հասանք ամենահետաքրքիր մասին՝ պետհամարանիշին։
Դժվար թե ուրիշ որեւէ ազգ մեր չափ ուշադրություն դարձնի թվերին՝ լինի դա հեռախոսի, մեքենայի կամ մի որեւէ այլ բանի համարանիշ։ Թվերի որոշակի համադրությունը մեզ գեղագիտական հաճույք է պատճառում՝ ինչքա՜ն գեղեցիկ են իրար ետեւից գրված 333-ը կամ 999-ը։ Պատճառ երկրորդ՝ լավ մեքենան պետք է լավ համարներ ունենա։ Երրորդ պատճառը՝ «գոլդ» կամ «ծիծակ» համարներով մեքենաներն ուշադրություն են գրավում, այդ թվում (եւ մանավանդ) երիտասարդ աղջիկների ուշադրությունը։ Եվ վերջապես լավ պետհամարանիշ ունենալու վերջին, սակայն ոչ պակաս կարեւոր պատճառն այն է, որ այն հարգանք եւ որոշակի վախ է առաջացնում պետավտոտեսուչի մոտ, եւ «ակտ գրելու» հավանականությունը զգալիորեն նվազում է։
Համարասիրության մեր մոլուցքն առավել տեսանելի դարձավ այն օրերին, երբ «իզի քարտը» ձեռքի վրա վաճառվում էր 150 դոլարով։ Իսկ որոշ «գոլդ» համարների գները տատանվում էին 500-1000 դոլարի սահմաններում։ Եթե արաբները թվանշանները ստեղծելիս իմանային, որ դրանց տեսքն այդքան մեծ արժեք է ստանալու, երեւի մի 10-15 նիշ ավելի կստեղծեին։
Հաշվի առնելով «պահանջարկը»՝ մեր բջջային օպերատորները որոշեցին ընդառաջ գնալ համարասիրությանը։ Ուզո՞ւմ ես լավ համար՝ օրինական կերպով վճարիր ավելի շատ։ Ինչո՞ւ գումար աշխատեն «առնող-ծախողները», եթե հնարավոր է այդ գումարն ուղղել սեփական գրպանը։ Այժմ արդեն կա հստակ գնացուցակ՝ «արծաթ», «ոսկի» եւ «պլատին» համարների համար։ Ընդ որում, կոնկրետ համարներին նայելով` երբեմն չես կարողանում հասկանալ՝ դրա ի՞նչն է ոսկի։ «Ադամանդ» կամ «սուպերադամանդ» համարներ դեռեւս չկան, երեւի այն պատճառով, որ դրա հեղինակային իրավունքները պատկանում են այլոց։
Ինչեւէ, մեքենաներից չշեղվենք։ Բնակչության կողմից գրեթե նույնատիպ վերաբերմունք կա մեքենաների պետհամարանիշերի նկատմամբ։ Արտասահմանյան շատ երկրներում, օրինակ ԱՄՆ-ում, սիմվոլիկ գումարի դիմաց մեքենայի տիրոջը թույլ է տրվում սեփական հայեցողությամբ համար ընտրել, անգամ տառերով։ Կարելի է դնել սեփական անունը, ընկերուհու կամ զոքանչի։ Չնայած ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցների մեծ մասը գերադասում է «Armenia» բառը պարունակող պետհամարանիշեր։
Մեզ մոտ Պետավտոտեսչությունը նույնպես ընդառաջ է գնում վարորդներին՝ տալիս է ընտրելու հնարավորություն։ Միգուցե զարմանաք, սակայն այստեղ էլ կան «պրայս-լիստեր» – զրոներով համարներն արժեն այսքան, եթե կրկնվում է 2 թիվ՝ այսքան, եթե 3 թիվ՝ երեք այդքան եւ այլն։ Իհարկե, «պրայս-լիստը» համապատասխան կառույցի պատին փակցված չէ, սակայն հետաքրքրվողները կարող են ծանոթանալ «հիմնական դրույթներին»։ Որպես կանոն, ամեն տեղ կա մեկ հոգի, որը ձեզ կօգնի։
Երբ մտնում ես մեքենաների հետ կապված գործարքներով (գրանցում, գրանցումից հանում, անվանափոխություն, պետհամարանիշերի փոփոխություն եւ այլն) զբաղվող ՆԳ կառույցի շենքը, մի պահ թվում է՝ հայտնվել ես մայրաքաղաքի տոնավաճառներից մեկում։
Ամենուր խոսում են համարներից ու դրանց գներից։ Եվ գներն էլ այնքան տպավորիչ են, որ օրինական մուծումներն աչքիդ չեն երեւում։
«Տես, «օօ»-ները զրոների հետ ոնց են «խոսում»։ Շատ սիրուն ա նայվում»,- ահա այս ոճով ոստիկանը կարող է գովել իր առաջարկած պետհամարանիշը, ասես խոսքը գնում է Ռեմբրանդտի կտավի մասին։ Ու, որ ամենազարմանալին է՝ այդ խոսքերի հեղինակը կարող է կրել մայորի կամ փոխգնդապետի ուսադիրներ։
Ու անկախ քեզնից նախանձում ես՝ այ քեզ բիզնես։ Ապրանքի (տվյալ դեպքում՝ պետհամարանիշի) գինը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է ինքնարժեքը, գնորդներն էլ հերթ են կանգնում։ Եվ օգտագործված ապրանքն էլ երբեք գինը չի գցում։
Մնում է` ձեր «պետհամարանիշային» ճաշակը համապատասխանի գրպանի հնարավորությունների հետ։
Դե ինչ, մեքենան մաքսազերծված է, հայկական պետհամարանիշը (լավ թե վատ) կա։ Կարծում եք` ձեր երկաթե նժույգի ծախսերը վերջացա՞ն։ Ավաղ ոչ… Մյուս մասում մենք կանդրադառնանք մի շատ կարեւոր պրոցեսի, որը հայերն անվանում են «ավտոն սարքել»։