Մշակույթով հետաքրքրված լինելու շահի մասին

22/11/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«168 Ժամին» կից «Պրեսսինգ» ակումբի երկու վերջին քննարկումները նվիրված էին պետության PR-ին, քաղաքական ու տնտեսական ոլորտներում իրականացվող, երբեմն` իր նպատակին հասնող, իսկ երբեմն էլ՝ կաղացող PR կամպանիաներին: Հասարակության հետ կապեր հաստատելու ու որոշ իմաստով հասարակությանն ուղղորդելու խնդրի շուրջ ծավալվող քննարկումները հաճախ հանգում էին այն մտքին, որ ամենանպատակային, հեռատես ու ազդեցիկ PR-ը կարող է իրականացնել միայն պետությունը, մանավանդ, երբ խոսքը մնայուն արժեքներին ու հասարակությանն է վերաբերում: Որպես պետության իմիջն ու ազգի հպարտությունը բարձրացնող ելակետ ընդունելով մշակույթը, գիտությունը կամ սպորտը, կարելի է սարեր «շուռ տալ», ինքնահաստատվել սեփական աչքերում ու աշխարհին ցույց տալ, որ Հայաստանը նվաճումների երկիր է:

PR-ի շնորհիվ են այսօր մարդիկ նախագահներ ու պատգամավորներ դառնում. այն հզոր գործիք է ցանկացած առարկայի, անձի ու երեւույթի՝ առաջ մղելու համար։ Սակայն կան PR-ի այնպիսի ձեւեր, որոնք ոչ թե վայրկենական ու անձնավորված շահ են հետապնդում ու կոնկրետ անձերի առաջ մղելու համար են օգտագործվում, այլեւ կազմակերպվում են պետության վարկանիշն ու կշիռը բարձրացնելու համար, պետություն-անհատ հասկացողություններն են նույնացնում, եւ ամենակարեւորը՝ ուղղված են անհատի ներաշխարհը հարստացնելու գործին։ Անզոր ու անտարբեր հասարակության ինքնագնահատականն են բարձրացնում ու հպարտանալու հնարավորություն են տալիս։

Մշակույթը, սպորտն ու գիտությունն այն երեք հզոր ու հսկայական ներուժ պարունակող ոլորտներն են, որոնք կարող են յուրաքանչյուր թեկուզեւ աննշան աջակցության պայմաններում պետության ու քաղաքացիների կողմից որպես նվաճում դիտվել։ Կարող են այնպիսի նվաճում դառնալ, որը միտված կլինի հաղթանակի։ Իսկ մեզ հիմա նման հաղթանակներ են պետք, քանի որ մենք հիմա միջազգային հանրության կողմից միայն որպես ողբերգություններ վերապրած ու պատերազմական վիճակում գտնվող ժողովուրդ ենք ընկալվում։ Հարուստ մշակույթ ունեցող ժողովրդի մասին ասվող բոլոր վերամբարձ խոսքերը մնում են զուտ որպես խոսքեր, եթե տվյալ ժողովուրդը զուրկ է եւ կենցաղային ամենապարզունակ կուլտուրայից, եւ մշակութային իրադարձություններին հաղորդակից դառնալու ցանկությունից։ Թատրոնները, ցուցասրահներն ու համերգային դահլիճները գրեթե միշտ կիսադատարկ են լինում, եւ դրա պատճառը ոչ միայն որակյալ ու արդիական ցուցահանդեսների կամ ներկայացումների բացակայությունն է, այլեւ՝ դրանք հաճախելու ավանդույթի ու հավեսի բացակայությունը։ Եվ այստեղ է, որ մեծ դեր կարող է խաղալ պետության եւ կոնկրետ անձանց կողմից իրականացվող PR-ը։

Պետք չէ միայն PR-ը որպես գովազդ կամ որեւէ մեկ կազմակերպության գործունեության քարոզ դիտարկել, PR-ը կարող է հասարակական անհրաժեշտություն դառնալ, քանի որ այն հասարակության հետ կապեր ստեղծելու նպատակ ունի։ PR-ի նպատակը ապրանք, ծառայություն կամ անուն վաճառելը չէ միայն, այլ՝ որոշակի անվան, մտածելակերպի եւ նույնիսկ ապրելակերպի տարածումն է հասարակության մեջ, հասարակություն ձեւավորելն է։ Իսկ հասարակությունը ոչ միայն որակյալ ապրանք ու սերվիս է ուզում, այլ՝ ուզում է իր ազատ ժամանակը լավագույնս ծախսել։ Այսօր մեր հասարակությունն իր ժամանցը կազմակերպելու միայն մեկ ձեւ է տեսնում. սրճարան կամ սննդի այլ վայր է հաճախում, եթե իհարկե, տանը բազմոցին չի պառկում ու չի դիտում հերթական սերիալը։ Պասիվ ժամանցը պասիվ հասարակություն է ձեւավորում։ Եվ այստեղ զարթուցիչի դերում կարող է դառնալ մշակույթն՝ իր բոլոր ճյուղերով։ Մշակույթի չափաբաժինը ավելացնելով՝ ավելի շուտ կարելի է ինքնագիտակից ու հպարտ մարդ ձեւավորել, քան նրան միայն որակյալ հեռախոսակապ, ավտոմեքենա կամ սնունդ առաջարկելով։

Այդպիսի իրողություն ստեղծելու գործում շատ մեծ պետք է լինի լրագրողների ու լրատվամիջոցների դերը, որոնք կատարելով հասարակության դեռ ոչ շատ հստակ ցանկությունը, կհուշեն նրան հոգեւոր հարստության ու լայն հորիզոնների առկայության մասին։ Ռուսաստանի մշակույթի ու կինեմատոգրաֆի զարգացման գործակալության ղեկավար Միխայիլ Շվիդկոյը համոզված է, որ մշակութային վայրեր հաճախելու սովորույթը պետք է մոդայիկ դարձնել, որպեսզի թատրոն կամ ցուցահանդես գնալը որպես պրոգրեսիվ ու գեղեցիկ ժամանց դիտվի եւ զանգվածային մշակույթի նման սողոսկի հասարակության լայն զանգվածների մեջ։ Հեռուստաէկրանին հայտնվելն ու ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքով սեփական հաղորդաշարը ստեղծելը Մ. Շվիդկոյի համար սեփական նպատակին հասնելու միջոցներից մեկն է։ «Հեռուստատեսությունը պետք է խելացի զրուցակից լինի, եւ ես միայն ուրախ եմ լինում, երբ ազգովի սկսում ենք քննարկել, ասենք, մեր Օպերային թատրոնի խնդիրները: Դա նշանակում է, որ մշակույթը հասարակական հետաքրքրություն է ձեռք բերում»,- ասում է նա: Այդ գործում հեռուստատեսության դերը գերակշռող է, քանի որ ամենամեծ ու բազմազան լսարանը հենց հեռուստալսարանն է։ Մինչդեռ մեր հեռուստաընկերությունները մշակութային իրադարձությունների լուսաբանմանը շատ չնչին տեղ են հատկացնում։ Նույնն էլ սպորտի բնագավառում է, որը մշակույթի պես՝ առաջ մղվելու ու պրոպագանդելու կարիք ունի։ Միջազգային ֆուտբոլային մրցաշարերն ու բոքսը այսօր միակ սպորտային հաղորդումներն են, որոնք Հայաստանում չեն պատրաստվում, այլ՝ միայն գնվում է դրանք ցուցադրելու իրավունքը։ Իսկ մշակույթը (եթե բացառենք «Շողակաթ» հոռուստաալիքը) ներկայացված է նույնքան կցկտուր ու անտարբեր, որքան սպորտը։ Մասնավոր ալիքները գուցեեւ ստիպված են դա անում, քանի որ մշակութային հաղորդումները հազվադեպ են վարկանիշային դառնում, բայց նույն իրավիճակն է նաեւ մեր Հանրային հեռուստաընկերությունում, որը պետական կարգավիճակ ունի ու պետք է արդարացնի հասարակության սպասումները, հասարակությանը տա այն, ինչը կբարձրացնի քաղաքացիների ինքնագնահատականը։ Մի խոսքով, PR կանի այն ոլորտները, որոնք վայրկենական շահույթ չեն բերում, բայց միտված են ապագայի հաղթանակներին։ «Հ1» հանրային ալիքն իր լուրերի կեսժամյա բլոկներում հազվադեպ է տեղ տալիս մշակույթին, հաճախ միայն լուսաբանում է ասուլիսային հանդիպումները։ «Հայլուրի» կարծիքով, թերեւս, երեկոյան լուրերում մշակույթը հաճախ ավելորդ ժամանակ է խլում եւ պետք է իր րոպեները զիջի քաղաքականությանը։ «Էրմիտաժի» տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին Հայաստան այցելության ժամանակ ասաց. «Մշակույթը շատ ավելի լայն PR-ի կարիք ունի, քան քաղաքականությունը, քանի որ մշակույթը սերունդների հիշողությունն է, փորձն ու գիտելիքներն են, որոնք ուսուցչից աշակերտին են փոխանցվում»։

Մշակույթը, սպորտն ու գիտությունը քաղաքական ենթատեքստից ու քաղաքական խաղից շատ հեռու են եւ կարող են ողջ ազգի ու մեկ պետության հաղթանակը դառնալ, միավորել բոլորի կարծիքները։ Միջազգային ասպարեզ դուրս եկած ու պահանջարկ ունեցող դերասանները, երգիչները, գիտնականները ու սպորտսմենները կարող են շատ ավելի մեծ գործ անել, քան դիվանագիտական ողջ կորպուսն ու քաղաքական բազմաթիվ կուսակցությունների փունջը։ Արվեստի PR-ի արդյունավետությունը գուցեեւ շատ արագ չի նկատվի, բայց մեզ նման հին ու իմաստուն ժողովրդի համար մի քանի տասնամյակը ոչինչ է, քանզի մենք գիտենք մեր գինը եւ մեր հերոսներին։ Եվ այդ հերոսները հենց արվեստի մարդիկ են։ Կամ էլ սպորտսմեններն ու գիտնականներն են։