Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզայի վերջերս արած հայտարարությունը, թե ԱՄՆ վարչախումբը Հայաստանում կայունության պահպանումը կարող է նախընտրել ժողովրդավարական արժեքներին, Հայաստանում շատ ընդդիմադիրների համար կարծես ազդակ հանդիսացավ, որ իշխանափոխության գործում ամերիկացիների վրա հույս դնել առանձնապես չարժե։ Թերեւս դրանով է պայմանավորված ընդդիմության, այսպես կոչված, արեւմտամետ թեւի վերջին շրջանի աննախադեպ պասիվությունը։ Մյուս կողմից` ԱՄՆ վերոհիշյալ դիրքորոշումն ընդդիմադիրներից շատերին ստիպում է նորից հայացքներն ուղղել դեպի Մոսկվա։ Ըստ լավատեղյակ աղբյուրների` մոտ օրերս Մոսկվա քաղաքական կոնսուլտացիաների է մեկնելու ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը։ Ամենեւին էլ անսպասելի չէ, որ արդեն այնտեղ է գտնվում նաեւ «Նոր Ժամանակների» նախագահ Արամ Կարապետյանը։ Եթե դրան ավելացնենք, որ Ֆրանսիա մեկնելու ճանապարհին Մոսկվայում էր գտնվում նաեւ «Օրինաց երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ապա կարծես թե հետաքրքիր տենդենցներ են ուրվագծվում։ Նկատենք, որ հենց Մոսկվա մի քանի այցեր իրականացնելուց հետո Վազգեն Մանուկյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշեցին միասնաբար «Քաղաքացիական նախաձեռնություն» անվանումը կրող շարժում հիմնադրել։