Գեղարքունիքի մարզի նախկինում՝ Կրասնոսելսկ, այժմ՝ Ճամբարակ քաղաքը հայտնի
է որպես մոլոկանների բնակավայր: Վերջիններս Եկատերինա Առաջին կայսրուհու
օրոք, իրենց դուխաբոր եւ մաքսիմալիստական դավանանքի պատճառով, ինչը դեմ էր
Ուղղափառ եկեղեցուն, կայսրուհու հրամանով աքսորվել էին կովկասյան տարբեր
ցրտաշունչ վայրեր, այդ թվում նաեւ՝ Կրասնոսելսկ:
Մոլոկաններ այսօր այստեղ համարյա չկան, քանի որ Ղարաբաղյան պատերազմի
տարիներին վերջիններս քաղաքական ապաստան ստացան Կանադայում եւ ՌԴ-ում:
Ճամբարակ մտնելուն պես զգում ես սպեցիֆիկ մթնոլորտ ու չես հասկանում, թե
ինչպես կարելի է այդպես ապրել: Համատարած տիրում է դժբախտության,
թշվառության մթնոլորտ: Տղամարդիկ խիստ են, աչքերում հոգնածություն, մարած
կռիվ կա, եւ բոլորի աչքերում կարդում ես՝ «Դու նույնպես ինձ չես հասկանա»:
Կանայք ամուսինների կոշտությունն արդարացնում են կռվին մասնակցելու
հանգամանքով եւ սկսում են պաշտպանել, թե՝ «գիտե՞ս մինչեւ կռիվ գնալն ինչ
համեստ ու նուրբ մարդ էր…»:
Մարդիկ այստեղ ապրում են մոլոկանների կառուցած փայտյա տնակներում, ավելի
ճիշտ՝ կիսաքանդ տնակներում, որովհետեւ պատերազմի ժամանակ բավականին տներ
ռմբակոծվել են, շատերն` ընդհանրապես փլվել:
«Վազգենականները դարձան սերժականներ»
Ճամբարակն ադրբեջանական սահմանից բաժանվում է բլրով, ցանկացած վայրից
կարելի է դիտել թշնամու սահմանը, այդուհանդերձ, այն համարվում է
սահմանամերձ գոտի, ընդ որում՝ շատ վտանգավոր գոտի, քանի որ Հայաստանն ու
Ադրբեջանը Ճամբարակով ընդհանուր մայրուղի ունեն: Այստեղ ապրում են 300-ից
ավելի ազատամարտիկներ, շատերը զոհվել են: Ճամբարակում հանդիպած ամեն
երկրորդ մարդ հաշմանդամ է. մեկը ոտք չունի, մյուսը տառապում է մարմնում
բեկորների առկայությունից, մեկ ուրիշն էլ հոգեկան խանգարում է ստացել,
հետեւաբար՝ մեծամասնությունն ապրում է հաշմանդամության կենսաթոշակով:
Աշխատանք ընդհանրապես չկա, այնպես որ, հաշմանդամության այդ թոշակն ինչ-որ
չափով առավելություն է: Բոլորն անխտիր ապրում են անցյալով, պատերազմի
հետքերը ցավի նման նրանց տանջում են: Տղամարդիկ կաշկանդված են. մինչ
պատերազմը համարում էին, որ հայրենիքի փրկությունն իրենցից է կախված ու
այդ զգացումը նրանց քաջ էր դարձնում, այսօր այդպես չէ: Իրենց կարծիքով՝
ազատագրած Հայրենիքի համար իրենք պիտանի չեն: Նրանք ասում են, որ իրենք
բոլորն էլ կամավորներ են եղել: Կռվից խոսելիս՝ պարբերաբար հիշում են
Վազգեն Սարգսյանին ու նրա զավակների պես վիրավորված ասում են, որ
վազգենականները հիմա անտեսված են. «Եթե Վազգենը կենդանի լիներ, ապա մենք
այս վիճակում չէինք լինի, շատերը սովամահ են լինում, երկրապահն այսօր
դարձել է մուրացկան: Վազգենը մեզ կարողանում էր գնահատել` հագուստով,
սննդով, գումարով ապահովում էր, միակ օգնությունը նա էր ցուցաբերում, մենք
էլ մեզ պիտանի էինք զգում, մտածում էինք` Աստված մի արասցե, պատերազմ
լինի, նրա թիկունքին կանգնած ենք լինելու: Երկրապահներից շատերը հաշմանդամ
են, աշխատանք գոյություն չունի, բայց գիտե՞ք, թե ինչ պայմաններում ենք
գնացել կռվի: Շատ տղաներ բաժանվեցին ընտանիքներից, որ գնան կռվելու,
որովհետեւ կանայք դեմ էին: Շատ տղաներ զոհվեցին, չվերադարձան, հիմա նրանց
կանայք չեն կարողանում երեխաներին պահել, եւ շատերը մարմնավաճառություն են
անում, որ երեխային մի կտոր հաց հասցնեն: Տղերքից շատերը վերադարձան, բայց
աշխատանք չկա, որ երեխաներին պահեն, իրենց տվել են հարբեցողության: Էդ
տղերքը, որ զոհվեցին, հիմա էլ նրանց երեխեքն են սովից մեռնում:
Պաշտպանական ուժերում կոչումներն ու պաշտոնները այսօր առնում են, բայց չեն
մտածում, թե էդ տգիտությամբ ինչպես են թշնամու դեմն առնելու:
Վազգենականները դարձան բոմժեր, իսկ գեներալները՝ Վազգենին դավաճանելով,
կոչումներ ստացան ու վերածվեցին սերժականների: Ամեն մեկը երեք-չորս ջիպ է
քշում, փողոցի վրա ջիպերով քարկտիկ են խաղում, բայց դրանք այն մարդիկ են,
որոնց հարձակումների ժամանակ կանչում էինք կռվի, իսկ իրենք մահճակալների
տակ էին պախկվում վախից»: Սամվելն, օրինակ, կամավոր զենք է վերցրել
Հայրենիքն ու ընտանիքը պաշտպանելու համար, պատերազմից վերադարձել է մի
ոտքը կորցրած: Երկար տարիներ չէր հաշտվում իր հաշմանդամի կարգավիճակի հետ.
նա հոգեկան հիվանդ է դարձել: Իսկ Արմենը 1990թ. կռվել է պատերազմում,
«Երկրապահ» կամավորական միությունից է: Վիրավորվել է, բեկորն աչքի միջից
կարողացել են հանել, բայց նրա մի աչքի բիբն արդեն գրեթե
սպիտակել-ձեւախեղվել է, կուրացման պրոցես է սկսվել, ամենայն
հավանականությամբ, բժշկական միջամտության բացակայության դեպքում նա
կկորցնի տեսողությունը: Արմենի աչքի շրջակայքը եւ թաղանթը կապտագույն
մամռակալում է: Նա գիտի, որ այլեւս չի տեսնի, եթե չվիրահատվի: Ասում է, որ
վիրահատության համար Ութերորդ հիվանդանոցում 250 դոլար են պահանջում,
այնինչ, նույնիսկ իր երեխան ուտելու հաց չունի: Նա դիմել է ԵԿՄ տարածքային
բաժին, որպեսզի վերջիններս հավաստագիր տան, որ ինքն ազատամարտիկ է.
միգուցե այդ փաստը բժիշկների մոտ գութ կառաջացնի, զեղչեր կլինեն, բայց
ԵԿՄ-ն փաստաթուղթ չի տալիս, ասում է՝ քեզ ո՞վ էր ասում՝ գնայիր կռվելու:
Երկու անգամ նամակ է գրել ՀՀ Պաշտպանության նախարարություն, որպեսզի
միջամտեն վիրահատության հարցում: Պաշտպանության նախարարությունից,
բնականաբար, պատասխան չկա: Արմենն ասում է՝ «Դե՛, տղերքն, ամեն մեկը՝ մի
ձեւով, տառապում են. ընկերոջս գլխի ու մարմնի մեջ մինչ օրս բեկորներ կան:
Բժիշկները չեն կարողանում հանել, որովհետեւ բեկորները պտտվում են, բայց որ
շարժվում են, ցավերը սկսվում է, խեղճ տղան ցավից ոռնում է, էլ չի
կարողանում դիմանալ»:
Ոչ ոք չի հարցնում՝ կա՞նք, թե՞ արդեն մեռել ենք
1992թ. Ճամբարակում ուժգին հրաձգություն եղավ: Մարդիկ էվակուացվում էին
շենքերի նկուղներում: Արկերից երեքն ընկել են Կարապետյանների տնակի վրա,
ինչի արդյունքում այժմ տունը փլվում է: Ընտանիքի երեք անդամներն էլ
հաշմանդամ են, նրանք ասում են, որ տունը մի օր իրենց գլխին է փլվելու:
Ժամանակին Շահեն պապիկը երկաթե խողովակներով պատերն ինչ-որ կերպ փորձել է
պաշտպանել, բայց արդեն անդամալույծ պապն էլ չի կարող ոչնչով օգնել: Ասում
է՝ պետությունն՝ իբրեւ փոխհատուցում, ռմբահարված տների ընտանիքներին
16.000 դրամ տվեց, բայց՝ ոչ բոլորին: Այս ընտանիքին էլ չվճարեց. «Դա էլ
աչքին թոզ փչելու ձեւ էր, փողերն իրենք կերան, մի քանի հոգու էլ ձեւի
համար տվեցին, որ մարդիկ չիմանային, թե ամբողջն իրենք են կերել: Էն
մարդիկ, ովքեր իրենց ծանոթներն էին, հրետակոծության զոհի անվան տակ լավ
փողեր աշխատեցին, հարեւանիս տանը ոչ մի բան չէր եղել, բայց 85.000 դրամ
փող շորթեց: Ես 14 տարի Երեւանում չեմ եղել, չեմ կարող քայլել, մի քանի
անգամ դիմում գրեցի Սոցիալական ապահովության նախարարություն, բայց մեր
փոստի աշխատողները դիմումս կարդում-արանքից հանում են՝ ասելով, թե նամակը
հասել է ու պատասխան չկա, բայց ես հո գիտե՞մ, որ էստեղից նամակս տեղ չի
հասնում: Նրանց վրա խոսակցություն կգա, որովհետեւ պետությունը
հրետակոծության հետեւանքով պատճառած վնասների համար գումարներ է
տրամադրել, բայց գումարները նպատակին չեն ծառայել: Մի օրվա մեջ 16.000 արկ
էին խփում, ինչքան էլ օրերով սոված-ծարավ նկուղներում ապաստանում էինք,
միեւնույն է, հրետանիներից զոհեր շատ էին լինում: Շատերը անտուն մնացին,
որովհետեւ արկերն իջնում էին տների վրա»,- ասում է Շահեն պապը:
Շահեն պապի ընտանիքում բոլորը հաշմանդամ են, իսկ կնոջը հաշմանդամության
կարգ չեն տալիս, փող են պահանջում: 30-ամյա աղջիկը սխալ վիրահատության
հետեւանքով 3-րդ կարգի հաշմանդամ է դարձել. ոտքը բարակելու հատկություն
ունի եւ հազիվ է տեղաշարժվում: Նրան տվել են 1-ին կարգի հաշմանդամության
կարգ, հիմա էլ ուզում են այդ կարգից զրկել, որովհետեւ ըստ արժանվույն
վերաբերմունք չեն ցուցաբերում: Ճամբարակում պատմում են, որ, Աստված մի
արասցե, եթե մեկը հղիանում է. ահը սիրտներն է ընկնում, թե ինչպես պետք է
ծննդաբերի: Ծնունդը Ճամբարակում արժե 15.000 դրամ: Շատերը տնային
պայմաններում են ծննդաբերում, ոմանք էլ՝ հիվանդանոցում ծննդաբերելուց հետո
պատուհանից երեխայի հետ փախուստի են դիմում, որ բժիշկները փողը չուզեն:
Ճամբարակում ապրուստի միակ միջոցը կարտոֆիլն է եւ անասնապահությունից
ստացված կաթնամթերքը, որը փոխանակում են տարբեր սննդամթերքների հետ:
Ճամբարակում երիտասարդների դեֆիցիտ կա, նրանց գրեթե 80%-ը ռուսաստաններում
են. «Երեւի ուզում են, որ ծերերն ու հաշմանդամները մեռնեն,- ասում է Շահեն
պապիկը: -Նրանք չեն մտածում, որ այսօր հանգիստ գռփում են այդ ծերերի ու
հաշմանդամների երեխաների ազատագրած տարածքների հաշվին: Էս վիճակով հինգ
տարի հիվանդ եմ պահել՝ 2 տարի աղջիկս է պառկած եղել, 3 տարի էլ կինս՝
աղիքները հանած է: Հիմա էլ ես եմ գամվել, բայց ո՞վ ինձ պահի: Աղբյուրից
ջուր բերելու համար չգիտենք ի՞նչ անենք, ո՞ւմ խնդրենք, որ ջուր բերի,
խմենք: Դեղ չենք կարողանում գնել. մի քանի անգամ բերել դեղ են բաժանել,
բայց ի՞նչ իմանաս ինչ հիվանդի դեղ է, անդամալույծը հո գլխացավի դեղ չպիտի՞
խմի: Նոր դեղերը վաճառում են, իսկ ժամկետանց դեղերը բաժանում ժողովրդին:
Էսքան տարի մի պաշտոնյա չեկավ՝ տեսնի էս քաղաքի ապրելակերպը, մեկի մտքով
չի անցնում գալ, չէ՞ որ Հայաստանի Հանրապետության մեջ ենք ապրում, մի օր
գային-հարցնեին՝ դուք էլ եք հայ, ի՞նչ հալի եք, կա՞ք, թե՞ չկաք»: