Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, թե իր եւ ՀՀ արտգործնախարարի միջեւ օրերս Բրյուսելում կայացած իր հանդիպումն օգնել է հայկական եւ ադրբեջանական կողմերին՝ ավելի լավ հասկանալ այն սկզբունքները, որոնց վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել: «Հանդիպումը կառուցողական էր, քանի որ մենք սկսեցինք ավելի հստակ հասկանալ այն հիմնարար սկզբունքները, որոնց շուրջ չենք կարողանում ընդհանուր լեզու գտնել»,- «Ազատություն» ռ/կ-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Էլմար Մամեդյարովը: «Մեզ համար կարեւոր է հասկանալ, թե ինչպե՞ս է Հայաստանը պատկերացնում ապագան: Շատ ուրախ եմ, որ Հայաստանը նույնպես ստորագրել է Եվրամիության նոր հարեւանության գործողությունների ծրագիրը: Դա նշանակում է, որ նրանք նույնպես կիսում են նույն եվրոպական արժեքները, որոնք միանշանակ հանգում են այն գաղափարին, որ եթե դու Եվրոպական համայնքի անդամ ես, չես կարող օկուպացնել այլ պետության տարածքը, չես կարող էթնիկական զտումներ իրականացնել, քանզի Եվրոպան այդպես չի գործում,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։ -Եթե մենք շարժվենք այդ ուղղությամբ, պարզ կդառնա, որ հնարավոր չէ «Կալաշնիկովի» միջոցով փոխել սահմանները եւ մարդկանց տեղահանելով որոշել որեւէ տարածքի ճակատագիրը: Արդի աշխարհն այդպես չի ապրում»: