Օրերս քաղաքային իշխանության ներկայացուցիչները, հանրապետության նախագահի հանձնարարականով, որոշեցին մայրաքաղաքի խաթարված տրանսպորտի բնականոն երթեւեկությունը վերականգնել ու հասարակական տրանսպորտի բարելավմանն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկել: Նոյեմբերի 7-ին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունն ավարտվեց նրանով, որ հասարակական տրանսպորտն, ավելի ստույգ, երեւանյան երթեւեկությունը վերահսկելու գործառույթը, բացի պետավտոտեսուչներից, վերապահվեց նաեւ թաղային ոստիկաններին եւ պարեկային ծառայության տեսուչներին: Ակցիան միտված է նրան, որ հասարակական տրանսպորտային միջոցները կանգառեն միայն սահմանված կանգառատեղերում: Ինչպես գիտեք, կանգառ հասկացությունը մեր ժողովրդի մոտ այս վերջին տարիներին լիովին վերափոխվել է, ում որտեղ հարմար է, այնտեղ էլ կանգնեցնում է, եթե հաշվի չառնենք այն կարեւոր հանգամանքը, որ մասնավոր տաքսիները յուրացրել են հասարակական նշանակության կանգառների տիրույթները: Այնինչ դրանց տարածքները փոքր են, իսկ երթուղային տաքսիների թիվը` անսահմանափակ: Քաղաքապետարանի տրամադրած տվյալների համաձայն, այժմ օրինական դաշտում գործում է շուրջ 6000 տաքսի ծառայություն, եռակի թվով ավելի տաքսիներ էլ երթեւեկում են հարկային դաշտից դուրս: Այսինքն՝ շեշտակի ավելացել է Երեւանի տրանսպորտային միջոցների թիվը: Իսկ եթե դրան ավելացնենք այն վիճակագրությունը, որ մայրաքաղաքի մեքենաների թիվը տարեկան ավելանում է 12.000-ով, իսկ մարզերից մայրաքաղաք օրական միջին հաշվով ավելի քան 20.000 մեքենա է մուտք գործում, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում: Այս խառնաշփոթը կանոնակարգելու անհրաժեշտությունն անխուսափելի է, դրանում համոզված են նաեւ իշխանության ներկայացուցիչները: Բացի այդ, Երեւանի քաղաքապետարանն անհանգստացած է նաեւ մայրաքաղաքում տեղադրված 82 կանգառասրահների նպատակային օգտագործմամբ (քաղաքապետարանի տվյալներով, մինչեւ տարեվերջ դրանց թիվը կհասնի 100-ի): Նկատենք, որ այդ կանգառներն առավելապես հասանելի են թափառաշրջիկներին եւ վարորդներին, որովհետեւ այնտեղ տեղադրված աթոռները միշտ փոշոտ ու կեղտոտ են լինում, եւ քաղաքացին չի օգտվում դրանցից: Ինչեւէ, վերադառնանք հասարակական տրանսպորտի կանոնակարգմանն ուղղված համաքաղաքային միջոցառումներին: Դրանց համաձայն, կանգառից դուրս կանգառելու համար վարորդների համար սահմանվել է 7000 դրամ տուգանք: Վերը նշված արտոնությունից ոգեւորված ոստիկաններն անցած շաբաթ օրը` նոյեմբերի 11-ին, մայրաքաղաքի կանգառաշատ փողոցներում արդեն սկսել էին իրենց «ռեյդը»: Կարգազանց վարորդներին պատժելու վճռականությամբ տրամադրված ոստիկաններն «արտակարգ դրություն» էին մտցրել Երեւանի ամենաբանուկ խաչմերուկներում: Իրարանցման մեջ էին նաեւ «գծի» տերերը, ովքեր անվրեպ հսկում էին իրենց մեքենաներին` մարդկանց հրահանգելով կանգառից դուրս չհարձակվել երթուղային տաքսիներ վրա: «Գծի» տերերի խուճապի պատճառն այն էր, որ տուգանային հրապարակ էին տարվել արդեն բազմաթիվ մեքենաներ: Տրանսպորտի ոլորտը կառավարելի դարձնելու համար այս հերթական քայլը շատերը տապալված են համարում, եւ դա ի սկզբանե կանխատեսելի էր, քանի որ երթեւեկությունն իր բնականոն ընթացքով այդպես էլ կշարունակվի, քանի դեռ մայրաքաղաքում չեն կառուցվել շրջանցիկ ճանապարհներ, քանի դեռ ավտոկայանատեղերն ու կանգառները չեն տարանջատվել: Մեր իրականությունում նմանատիպ ակցիաները կարճաժամկետ էֆեկտ են ունենում: Այսպիսի որոշումների մասին շուտ մոռանում են եւ՛ որոշում ընդունողները, եւ՛ այն իրականացնողները: Նախադեպերը քիչ չեն, օրինակ, անվտանգության գոտիներից պարտադիր օգտվելու կանոնների, մգեցված ապակիներն արգելելու մասին որոշումները ոչ ոք չի հիշում: «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանություն հ/կ նախագահի տեղակալ Վլադիմիր Ղազարյանի ասելով, այս ակցիան իր նպատակին չհասավ, քանի որ մասսայական բնույթ չկրեց: «Կոմիտաս պողոտայի վրա այսօր արդեն ընդամենը մեկ ոստիկանի կարող ես հանդիպել, այն էլ` շուկայի հարեւանությամբ: Մեր օրենքներն ու որոշումները ժամանակավոր բնույթ են կրում կամ չեն գործում նաեւ մեր ժողովրդի ասիական մտածելակերպի պատճառով: Յուրաքանչյուր քաղաքացի ամեն 5 մետրի վրա, իրեն հարմար վայրում, իր շքամուտքի առջեւ կանգնեցնում է մեքենան` հաշվի չառնելով նաեւ մյուս երթեւեկողների իրավունքները: Վարորդներն իրենց հերթին չեն ուզում կորցնել 100-ական դրամները: Իսկ յուրաքանչյուր կանգառելը մեքենայի ծախսն ավելացնում է: Այսօր շատ վարորդներ ծանոթ չեն իրականացվող ակցիայի բովանդակությանը, նրանք չգիտեն, թե իրենց մեքենաները տեսուչներն ինչի՞ համար են կանգնեցնում: Նրանց մի մասի կարծիքով, կանգառումների սահմանափակումները վերաբերում են միայն մետրոների հարեւանությամբ գտնվող կանգառներին»,- ասում է «Աքիլլեսի» ներկայացուցիչը: Իսկ երթուղային տաքսիների վարորդները կարծում են, որ սա ոստիկանների համար «խոպան գործ է», նոր տարվա բյուջեն լրացնելու համար էլ՝ հարմար առիթ: «Նոր տարուց հետո, կասեն` սխալ որշում էր, չաշխատեց»,- գանգատվում էր թիվ 18 երթուղայինի վարորդը եւ կանգառում իմ նախանշած վայրում` կանգառից դուրս: Ոստիկանության հետ համատեղ իրականացվող «կտրուկ» միջոցառումների արդյունքում արդեն տուգանվել է (հիշեցնենք` տուգանքի չափը 7000 դրամ է, սակայն վարորդների ասելով` ակտ չգրելու բանակցությունների արդյունքում դրույքն իջեցվում է մինչեւ 500 դրամ) 50 երթուղային տաքսու վարորդ: «Երթեւեկության հետ կապված խնդիրներ ունեն աշխարհի բոլոր խոշոր քաղաքները, իրավիճակը բարդ է նաեւ մեզ մոտ: Յուրաքանչյուր երկիր այդ խնդիրներին յուրովի մոտեցում է ցուցաբերում»,- օրերս ասել է Երվանդ Զախարյանը` ավելացնելով, որ 2007թ. բյուջեի նախագծում միջոցներ են նախատեսված Երեւանում 2 խաչմերուկ վերակառուցելու եւ մի քանի գետնանցում կառուցելու համար: Քաղաքապետը նշել էր նաեւ, որ ներկայումս բանակցություններ են տարվում Համաշխարհային բանկի հետ` տրանսպորտի ոլորտի կառավարման բարեփոխումները ֆինանսավորելու ուղղությամբ: