«ԱՐՄԱՎԻԱՆ» մտավ Մինսկ

21/11/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Նոյեմբերի 16-ի երեկոյան «Արմավիա» ընկերության Ա-319 ինքնաթիռը բարեհաջող վայրէջք կատարեց Բելառուսի «Մինսկ» ազգային օդանավակայանում։ Դա «Արմավիա» ընկերության կողմից իրականացվող Երեւան-Մինսկ-Երեւան չվերթի առաջին թռիչքն էր։

Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանի համար, որը ինքնաթիռի առաջին ուղեւորներին դիմավորողների թվում էր, «Արմավիայի» այս ձեռնարկումն ավելին է, քան սովորական չվերթ։ Բելառուսում գոյություն ունի հայկական մեծ համայնք։ Մեր հայրենակիցները դեռ խորհրդային ժամանակներից տարբեր կապերով կապված են Բելառուսի հետ։ Սակայն երկար տարիներ շարունակ գործում էր շաբաթական ընդամենը մեկ չվերթ՝ Մինսկ-Երեւան-Մինսկ, որն իրականացնում է «Բելավիա» ընկերությունը։ Այժմ կգործի արդեն երկու չվերթ։ «Արմավիա» ընկերությունն ամեն հինգշաբթի Ա-319 եւ Ա-320 ինքնաթիռներով ուղեւորներին կտեղափոխի Մինսկ եւ ետ կբերի Երեւան։ «Արմավիայի չվերթը՝ արդեն վաղուցվանից գործող «Բելավիայի» հետ միասին, կոչված է բավարարել մեր քաղաքացիների աճող պահանջարկը` բարձր, ժամանակակից մակարդակով։ Կարծում եմ, այս չվերթերը կնպաստեն նաեւ զբոսաշրջության զարգացմանը։ Այն կնպաստի նաեւ մեր տրանզիտային հնարավորությունների իրականացմանը, որի ռեսուրսներն այսօր ակնհայտորեն ոչ բավարար չափով են մեր կողմից օգտագործվում»,- նշեց Օլեգ Եսայանը։ Դեսպանի կարծիքով, նոր չվերթ բացելը բիզնեսի տեսակետից համարձակ որոշում էր, սակայն` արդարացված նրանով, որ այդ չվերթը միայն բիզնես չէ. «Իսկ սկզբնական շրջանում միգուցե ընդհանրապես բիզնես չէ»։ Դեսպանի կարծիքով, այն կսերտացնի նաեւ մշակութային կապերը երկու ժողովուրդների միջեւ։ Համարձակ որոշում ասելիս` առաջին հերթին հասկացվում է բիզնեսի շահութաբերությունը։ «Բելավիան» այս շուկայում հաջող գործում է արդեն մի քանի տարի, եւ «Արմավիան» պետք է մրցակցի նրա հետ։ Կարելի է ենթադրել, որ «Բելավիան» ոգեւորված չպետք է լինի հայկական ընկերության մուտքով, ո՞վ կուզենա իր մոնոպոլ դիրքերից հրաժարվել։ Սակայն պարզվում է, նոր չվերթի բացման հարցում «Արմավիային» մեծապես աջակցել է հենց «Բելավիա» ընկերությունը։ Այդ մասին բացման արարողության ժամանակ հայտարարեց «Արմավիա» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Բելավիա» ընկերությանը, որը մեզ հետ միասին ռեկորդային կարճ ժամանակահատվածում բացեց այս չվերթը։ Այս չվերթը ոչ միայն վնասներ չի պատճառի «Բելավիային», այլ ավելի մեծ հնարավորություններ կստեղծի, որպեսզի եւ՛ նրա, եւ՛ «Արմավիայի» չվերթները «լցվեն» (ավելի մեծ թվով ուղեւորներ հավաքեն)»։

Մ. Բաղդասարովը գտնում է, որ շաբաթական մեկ չվերթը չի բավարարում ուղեւորներին։ Իրոք, եթե ուղեւորը Հայաստանից գործով մեկնում էր Բելառուս եւ պլանավորում էր մնալ 2-3 օր, ապա նրա հնարավորությունները սահմանափակ էին։ Անհրաժեշտ կլիներ վերադառնալ կամ նույն օրը, կամ մեկ շաբաթ հետո, կամ էլ այլ ավիաընկերության միջոցով, ասենք` Մոսկվայով։ Նոր չվերթի համար ուրախ էր նաեւ «Մինսկ» ազգային օդանավակայանի գլխավոր տնօրեն Դմիտրի Մելիքյանը։ «Մեր օդանավակայանը միշտ ուրախ է ընդունել նոր ավիաընկերությունների։ Տվյալ պահին դա մեր եղբայրներն են, մեր բարեկամները։ Ուզում եմ ասել, որ Ռուսաստանից եւ Ուկրաինայից հետո «Արմավիան» երրորդ ընկերությունն է, որը կանոնավոր չվերթ բացեց «Մինսկ» ազգային օդանավակայանում»,- նշեց Դ. Մելիքյանը։

Դժվար է ասել, թե նոր ընկերության մուտքն ինչ չափով կազդի գների կամ ծառայությունների որակի վրա, սակայն մրցակցությունն ամեն դեպքում ավելի ցանկալի է ցանկացած ոլորտում։ Ավելացնենք, որ Երեւան-Մինսկ ինքնաթիռի տոմսը մեկ ուղղությամբ կարժենա 240 ԱՄՆ դոլար։