Հայ, ինչպես նաեւ` աշխարհի բոլոր ուսանողները երեկ նշեցին իրենց օրը: Սա թերեւս այն օրն էր, երբ ուշադրությունը պետք է բեւեռվեր ուսանողության առաջ բարձրացած լուրջ խնդիրներին: Ուսանողներն ունեն մասնագիտական գրականության պակաս, բանիմաց, անկաշառ դասախոսների խնդիր, աշխատանքի տեղավորման եւ կենսական այլ խնդիրներ: Սակայն երեկ Կենտրոն համայնքի թաղապետարանն ու Հանրապետական կուսակցությունն առաջարկել էին ուսանողներին՝ իրենց տոնը նշանավորել՝ լսելով ռուսական «Տատու», «ՊՄ» խմբերին եւ Ժասմինի կատարումները: Եվ խնդիրն ամենեւին էլ այն չէ, որ, ինչպես հեգնել էին մի շարք ԶԼՄ-ներ, «Տատուի» աղջիկները լեսբուհիներ են (այդ տրամաբանությամբ պետք է բոյկոտել, ասենք, նաեւ «Քուինի» երաժշտությունը), այլ այն, թե ուսանողներին ի՞նչ է առաջարկվում եւ ինչո՞ւ: Այն գումարները, որոնք ՀՀԿ-ն ու թաղապետ Գագիկ Բեգլարյանը ծախսել էին վերոնշյալ նանարիկներին Հայաստան հրավիրելու համար, կարելի էր տնօրինել իրո՛ք ի շահ ուսանողների: Թեկուզ դրսից հրավիրելով լուրջ մասնագետների, որոնք ուսանողների համար մի քանի ժամ մասնագիտական դասախոսություններ կկարդային: Այդ գումարով կարելի էր ուսանողներին անհրաժեշտ գրականություն բաժանել: Գումարն առավել խելամիտ ծախսելու շատ այլ միջոցներ կային, սակայն ընտրվեց այս մեկը:
Օրերս ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստաընկերության հյուրը (ընդ որում՝ ուսանողության խնդրանքով) դրամատուրգ Էդվարդ Ռաձինսկին էր: Նա մոտ մեկ ժամ առանց ընդմիջման, առանց խոսքն ընդհատելու պատմում էր իր կյանքի պատմությունը, ավելի ստույգ, ներկայացնում էր իր կյանքի ընթացքում արած եզրակացությունները, որոնցից ամենապարզն ու առարկություն չհանդուրժողը նրա բերած հետեւյալ թիվն էր. «Վիճակագրությունը պնդում է, որ հարյուր մարդուց մահանում է ուղիղ հարյուրը»: Շունչը պահած՝ նրան լսում էր ողջ դահլիճը: Ավելորդ է ասել, որ դրամատուրգի յուրաքանչյուր միտք այնքան խորն ու հետաքրքիր էր, որ անգամ հաղորդումից օրեր անց դրանց մասին մտորելու առիթ դարձավ: Հաղորդումից հետո փորձեցի ինքս ինձ համար պարզել՝ ո՛ր հայ մտավորականի խոսքը կցանկանային լսել մեր ուսանողները: Քանի որ ժամանակակից հայ մտավորականներն իրենց կյանքի իմաստը գտնում են այս կամ այն կուսակցության շարքերում հոնորարով մտավորական աշխատելով, նրանց արժեքավոր մտքերի մասին պատմությունը չի հիշատակում: Իսկ յուրաքանչյուրի անձի մեծարման ցերեկույթներն ու երեկույթները վեր են ածվում անպտուղ հիշողությունների ու պատմությունների: Ամեն դեպքում, մեր հայ մտավորականներից ո՞վ կարող էր առանց իր անձի վրա շեշտ դնելու՝ հետաքրքիր լինել երիտասարդների (եւ ոչ միայն նրանց) համար, ո՞վ ունի այնքան լայն մտահորիզոն, որ կարողանա ներկայացնել մեր մոլորված հասարակության բժշկման ճանապարհը (ի դեպ, կոնկրետ ռուս ժողովրդի համար ազգի փրկության միակ ճանապարհը Ռաձինսկին համարում էր ռուս ուղղափառ եկեղեցու ավանդույթներին հարազատ մնալը): Վերհիշեցի վերջերս հեռուստաեթերում պարբերաբար երեւացող դեմքերին: Գուցե Մերուժան Տեր-Գուլանյա՞նը: Դժվար թե. նրան ակնհայտորեն առավել հաճելի են երկրային կյանքի խնդիրները եւ իր՝ երեւի հերթական վեպը: Այդ մտավորականը գուցե Ալվարդ Պետրոսյա՞նն է: Սակայն տիկին Պետրոսյանն այնքան ատելությամբ էր խոսում թուրք ժողովրդի եւ թուրք՝ իր պնդմամբ՝ անհաջող գրականության մասին, որ նրա խոսքի դիապազոնն ակնհայտորեն սահմանափակվում էր 30 հազար քմ-ի շրջանակներում: Ազդեցիկ ու ճշմարիտ խոսք գուցե արժե ակնկալել Հակոբ Մովսեսի՞ց: Սակայն դժվար այն կարողանա ունենալ անհրաժեշտ արձագանք, քանի որ Հակոբ Մովսեսը, որը բնագրից Նիցշե է թարգմանել, միամտաբար կարծում է, որ իր թարգմանությունն այնքան պարզ է, որ իրենից բացի՝ ընկալելի է նաեւ հետաքրքրասեր ընթերցողի համար: Եվ հետո, Հակոբ Մովսեսն էլ է այն մտավորականների շարքերում, որոնք վստահ են, որ թուրքերը պարզապես չեն կարող լավ գրականություն ունենալ: Իր նեղությամբ այս միտքը հիշեցնում է դպրոցական դասագրքերի այն նաիվ պնդումը, թե բավական է Հովհաննես Թումանյանը գրեր միայն «Գիքորը», եւ նրա գրականությունը կհայտնվեր աշխարհի լավագույնների շարքում:
Առհասարակ, հասկանալու համար, որ հանրապետությունում, մեր կողքին ապրում են «մի խումբ մտավորականներ», պետք է պարբերաբար հետեւել մամուլում հրապարակվող բաց նամակներին, որոնց տակ դրված ստորագրությունների հեղինակները պնդում են, որ նամակը ստորագրված է «մտավորականների» կողմից: Սակայն ունե՞նք մենք թեկուզ մեկ մտավորական, որի խոսքն այսօր ազդեցություն, կշիռ ունի հասարակության շրջանում: Մեր բանաստեղծներից մեկը, որը չցանկացավ հրապարակել իր անունը, այս հարցի առնչությամբ ասաց հետեւյալը. «Հիմա այնպիսի ժամանակներ են, որ խոսքը չունի անհրաժեշտ ազդեցություն, եւ մեղավորը նա չէ, ով խոսում է»: Ըստ նրա՝ եթե Շեքսպիրը հայ լիներ եւ փորձեր այսօր հայ ժողովրդին ինչ-որ բան ասել, նրան, միեւնույն է, չէին լսի: «Խոսքն ազդեցություն ուներ 88-ին, 90-ին, երբ տասնյակ հազարավոր տպաքանակով ամսագրեր էին լույս տեսնում եւ սպառվում, քանի որ մարդիկ ցանկանում էին խոսք լսել: Հարյուր-հազարներով հավաքվում էին հրապարակներում, որ լսեն այն, ինչ ասվում էր: Այն ժամանակ ասելիք էլ կար, լսողներ էլ: Հիմա կարծես մտածելու ժամանակ է, կուտակման շրջան»: Ամեն դեպքում, երբ խոսում են մեր մտավորականները, ցանկություն է առաջանում դրա փոխարեն լսել գոնե «Տատու»…