Ուզում են անկախ լինել

21/11/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Ողջունում եմ նրա մուտքը, շատ լավ բան է, դա աշխուժություն է բերելու մրցակցության շուկային: Կարծում եմ, որ 2007 թվականը շատ աշխույժ, մրցակցային տարի կլինի»,- ռուսական «ՎիմպելԿոմի» մուտքը Հայաստանի կապի շուկա այսպես բնութագրեց «Ղ-Տելեկոմ» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տվեց իր համաձայնությունը հունական OTE ընկերությանը պատկանող հայկական «ԱրմենՏելի» 90 տոկոս բաժնեմասը ռուսական «ՎիմպելԿոմին» վաճառելու գործընթացին, եւ այդպիսով վերջ դրվեց ամիսներ շարունակ տեւող բանակցություններին ու խոսակցություններին: Հիշեցնենք նաեւ, որ «ԱրմենՏելի» բաժնետոմսերը գնելու համար հայտ էին ներկայացրել 4 ընկերություններ՝ ռուսական «Սիստեմայի» մաս կազմող «MTC»-ը, Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Etisalat», անգլոհնդկական «VTEL Holdings» ընկերությունները եւ արդեն մրցույթը հաղթած «ՎիմպելԿոմը»: «ԱրմենՏելի» 90 տոկոս բաժնեմասի համար OTE-ին պետք է վճարի 382 մլն եվրո, որից 40 միլիոնն «ԱրմենՏելի» ունեցած պարտքերն են: Սակայն լուրեր կային, թե «ՎիմպելԿոմի» առաջարկած գումարն իր մեծությամբ երրորդն էր եւ գերազանցում էր միայն ռուսական մյուս ընկերության առաջարկած գումարին: Եվ այս վաճառքն իրականում ոչ թե բիզնեսի, այլ քաղաքական հարթության մեջ էր: Բոլոր դեպքերում նոր օպերատորը մտադիր է հրաժարվել «ԱրմենՏելի» ունեցած մենաշնորհներից եւ ազատականացնել Հայաստանի կապի շուկան: Ճիշտ է, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը վերջերս հայտարարել էր, թե «ՎիմպելԿոմին» ինքն է առաջարկել հրաժարվել մենաշնորհից՝ դրա փոխարեն առաջարկելով ընկերությանը վաճառել նաեւ ՀՀ կառավարության ունեցած 10 տոկոսը, սակայն «ՎիմպելԿոմի» ներկայացուցիչ Օլեգ Բլիզնեւը նիստից հետո հայտարարեց, թե մենաշնորհներից հրաժարվելն իրենց ընկերության քաղաքականությունն է: Ինչեւէ: Իսկ չի՞ ցանկանում արդյոք այդ 10 տոկոսը գնել Հայաստանի բջջային կապի երկրորդ օպերատորը՝ «ՎիվաՍելլ» ընկերությունը: «Չէ»,- պատասխանեց ընկերության տնօրենը: Պարոն Յիրիկյանի ասելով` «ԱրմենՏելի»՝ մենաշնորհից հրաժարվելը «ՎիվաՍելլի» համար նոր բաժանորդներ ձեռք բերելու հնարավորություններ չի ընձեռի, բայց հնարավորություն կտա ունենալ միջազգային ելք ու մուտք: «Ուղղակի մենք էլ մի քիչ անկախ կլինենք, մեր միջազգային զանգերն ու մուտքերը մեր ուժերով կանենք, ոչ թե ոնց որ հիմա է՝ մուտքն ու ելքը անցնում է մոնոպոլ հիմնարկին»,- ասաց Ռ.Յիրիկյանը: «ՎիվաՍելլի» տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ ընկերությունն արդեն ունի մոտ 700.000 բաժանորդ եւ հույս ունի, որ բաժանորդների թիվը գնալով աճելու է: Հիշեցնենք, որ «ԱրմենՏելն» ունի բջջային կապի մոտ 400.000 բաժանորդ: Փաստորեն, «ՎիվաՍելլն» այս երկուսուկես տարվա ընթացքում բաժանորդների թվով զգալիորեն գերազանցել է մոտ 10 տարվա փորձ ունեցող «ԱրմենՏելին»: Բայց երկուսուկես տարի առաջ, երբ «Ղ-Տելեկոմը» Հայաստանի կապի շուկա էր մուտք գործում, ընկերության ներկայացուցիչները հայտարարում էին, թե տեխնիկական հզոր սարքավորումներ են ներկրել եւ մտադիր են բջջային ավելի որակյալ կապ ապահովել: Տարվող քարոզարշավից այնպիսի տպավորություն էր ստեղծվել, թե այդպիսի հզոր ներդրումները բաժանորդների այն քանակի համար չէ, ինչը հնարավոր է ունենալ Հայաստանում: Այդ սարքավորումներն ավելի մեծ հզորություն ունեն եւ ավելի որակյալ կապ են ապահովելու: Սակայն իրենց օպերատորի մատուցած կապի որակից դժգոհում են նաեւ «ՎիվաՍելլի» բաժանորդները: Հայաստանում փոքր չէ այն բաժանորդների թիվը, որոնք օգտվում են թե՛ «ԱրմենՏելի», թե՛ «ՎիվաՍելլի» բջջային ծառայություններից: Նրանք հավասարապես դժգոհ են երկու ընկերությունների կապի որակից: Լրագրողների, նաեւ բաժանորդների այս կարծիքի հետ համաձայն չէր պարոն Յիրիկյանը: Նրա ասելով, բաժանորդների ավելացման հետ միասին թարմացվում եւ հզորացվում են նաեւ ընկերության տեխնիկական հնարավորությունները: «ՎիվաՍելլի» տնօրենը չբացառեց նաեւ, որ 2007թ. նոր օպերատորի հետ մրցակցության արդյունքում կարող է սակագների փոփոխություն լինել:

Վերջում ավելացնենք, որ Ռալֆ Յիրիկյանը համաձայն չէր շրջանառվող այն լուրերի հետ, թե «ՎիվաՍելլը» կապ ունի արդարադատության որոշ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես` նախարար Դավիթ Հարությունյանի հետ: «Շատ բան են ասում,- ասաց Ռ.Յիրիկյանը։ -Ինչ-որ ասում են, ամեն ինչ չէ, որ ճիշտ է»: