Նոր շարժում

21/11/2006

Արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանն ու «Ազատամարտիկների եղբայրություն» խորհրդի անդամ Արկադի Կարապետյանը «Քաղաքացիական անհնազանդության» նոր շարժում են սկսելու: Նրանց այս նախաձեռնությանը միացել են նաեւ մի շարք կազմակերպություններ ու կուսակցություններ: Շարժումն ուղղված է լինելու «հանցագործ իշխանությունների» դեմ, որոնք, ըստ նախաձեռնողների, «թաղված են կրիմինալի մեջ»: «Մենք պայքարում ենք այն ամենաթողության դեմ, որ գոյություն ունի այսօր ՀՀ տարածքում»,- երեկվա ասուլիսում հայտարարել է Ալեքսանդր Արզումանյանը՝ հավելելով, որ իրենց պայքարը ոչ թե Ռոբերտ Քոչարյանի դեմ է, այլ՝ ռեժիմի: «Այս իշխանությունները պետք է գնան, իսկ թե ուր, դա արդեն այլ հարց է: Այս համակարգը պետք է փշրել: Գործող ընդդիմության ընտրած ուղիները, փաստորեն, չգործեցին, դրա համար հիմա այլ ձեւեր են հարկավոր: Երկրում պետք է կարգ ու կանոն ստեղծել»,- ասում է Ալեքսանդր Արզումանյանը: Իսկ նոյեմբերի 28-ին կայանալիք Քոչարյան-Ալիեւ հանդիպման ժամանակ, ըստ Ալեքսանդր Արզումանյանի, քննարկվելու են մեզ համար ոչ այնքան բարենպաստ առաջարկներ: