2004թ. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը եւ Հայաստանի
երեխաների հիմնադրամը, բնակչության կենսամակարդակը բարելավելու նպատակով,
Արմավիրի մարզի Քարակերտ գյուղին տրամադրել էին 1 մլն դոլար, որից հարյուր
հազարական դոլար հատկացվել էր համայնքի երկու դպրոցների վերանորոգմանը:
Այս հանգամանքը պատճառ դարձավ Քարակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն
նշանակելու աղմկոտ պատմությանը: Մեր խմբագրություն այցելած Քարակերտի
ուսուցիչներից մեկը պատմում է, թե ամառային արձակուրդների ժամանակ
Արմավիրի մարզպետարանը, ճնշում գործադրելով՝ ազատում է տնօրեն Գայանե
Գասպարյանին: Այնուհետեւ մարզպետի թիվ 129 հրամանով լուծարվում է դպրոցի
խորհուրդը, ընտրվում է նոր խորհուրդ: Խորհրդի նախագահի ընտրության ժամանակ
մարզպետարանի Կրթության վարչության պետ Գայանե Սայադյանը հայտարարում է,
թե խորհրդի կազմում ինքը պատահական չի ընտրվել: Նրա նպատակն էր՝ իր
ներկայությամբ եւ ճնշումներով դպրոցի տնօրեն նշանակել մարզպետարանի «ուզած
մարդուն», որը, ուսուցիչների հավաստմամբ, բավարար կրթություն չուներ:
Այնուհետեւ 5 հոգուց կազմված դպրոցի խորհուրդը նոր տնօրեն ընտրելու համար
հայտարարում է մրցույթ: Մրցույթին մասնակցելու էր նաեւ նախկին տնօրեն
Գ.Գասպարյանը: Տիկին Սայադյանը, տեսնելով, որ խորհրդի համակրանքը
մեծամասամբ նախկին տնօրենի կողմն է, դիտավորյալ ձախողում է դեկտեմբերի
3-ին կայանալիք մրցույթը: Չկայացավ նաեւ դեկտեմբերի 17-ին հայտարարված
մրցույթը: Այս երկու մրցույթները ձախողելով՝ մարզպետարանն արդեն տնօրենի
պաշտոնակատար նշանակելու պատճառ ուներ: Մինչդեռ իրականում պաշտոնակատար
նշանակելու իրավունք կունենար՝ կայացած երկու մրցույթների ժամանակ տնօրեն
չընտրվելու պարագայում: Այս հանգամանքը չխանգարեց Արմավիրի մարզպետարանին,
եւ անօրինական կերպով դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակվեց Նվարդ
Պետրոսյանը: 2005թ. հունվարի 24-ին Արմավիրի մարզպետարանի Կրթության
վարչության ներկայացուցիչ Ա.Թովմասյանը Քարակերտի դպրոց ներկայացավ արդեն
մարզպետ Ալբերտ Հերոյանի հրամանով, համաձայն որի՝ պաշտոնակատար նշանակվեց
հավակնորդ Ն. Պետրոսյանը: Սակայն ըստ ԿԳՆ համապատասխան կարգի տնօրենի՝
հավակնորդին չի կարելի պաշտոնակատար նշանակել:
Փաստորեն, Արմավիրի մարզպետարանն այս ամբողջ պատմությունը հորինեց
վերոհիշյալ 100.000 դոլարը սեփական ցանկությամբ տնօրինելու պատճառով:
Մինչդեռ դպրոցի ուսուցիչները հավատացնում էին, որ նախկին տնօրեն Գ.
Գասպարյանն ազնիվ եւ բարեխիղճ մանկավարժ է, ու այդ գումարը հաստատ
նպատակային կօգտագործեր:
Քարակերտի թիվ մեկ դպրոցի ուսուցչական կոլեկտիվը բողոքի նամակ է
հղել նախագահի Վերահսկողության ծառայության պետ Վահրամ Բարսեղյանին,
որպեսզի վերջինս միջամտի եւ վերջ դնի «անօրինախախտություններին եւ
բյուրոկրատիային»: Նամակի տակ ստորագրած 25 ուսուցիչները հունվարի 25-ից
հայտարարել են դասադուլ:
Ա. Ա.