Ընդունեցին

18/11/2006

Երեկ 67 կողմ ձայնով ԱԺ-ն ընդունեց «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագիծը: Ընդդիմությունը, որը գրեթե ողջ կազմով դահլիճում էր, ընդհանրապես չքվեարկեց: Իսկ դաշնակցության երեք պատգամավորներ ձեռնպահ էին քվեարկել` չնայած ՀՅԴ որոշմանը, թե իրենք դեմ են նախագծի ընդունմանը: ԱԺ Դեմիրճյան փողոցի դարպասների մոտ հավաքված` հանուն պետական կարիքների անտուն մնացած քաղաքացիներին երեկ ոստիկանները չէին թողնում շատ մոտ գալ դարպասներին:

«Եթե պետության շահը պահանջի, դուք կհրաժարվե՞ք ձեր սեփականությունից»: Այս հարցը երեկ հետաքրքրում էր ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ հավաքված իրենց սեփականությունից զրկված քաղաքացիներին, որն էլ լրագրողներից մեկը փոխանցեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: «Այո, ժամանակ է եղել, երբ ես կյանքիցս էլ եմ հրաժարվել»,- ասաց Ա. Մարգարյանը: