«ՎիմպելԿոմը» եւ «ՄՏՍ»-ը կոնսորցիումո՞վ են հանդես եկել

18/11/2006

Ռուսաստանյան «ՎիմպելԿոմ» ընկերության «ԱրմենՏելի» 90 տոկոս բաժնեմասի սեփականատեր դառնալու փաստն անսպասելի էր այնքանով, որ երկար ամիսներ տեւած վաճառքի մրցույթում ֆավորիտ էին համարվում թերեւս ով ասես, բայց ոչ «ՎիմպելԿոմը»: Ինչ-որ մի փուլում բոլորը` նույնիսկ կառավարությունում, վստահ էին, որ եթե, այնուամենայնիվ, «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90%-ի սեփականատեր է լինելու ռուսական որեւէ ընկերություն, ապա դա լինելու է «ՄՏՍ»-ը: Սակայն, ինչպես հայտնի է, թե՛ «ՎիմպելԿոմի» եւ թե՛ «ՄՏՍ»-ի հիմնական պրոբլեմն այս մրցույթում այն էր, որ մոտ 500 միլիոն դոլարի հասնող «ՕՏԵ»-ի կողմից «ԱրմենՏելի» համար պահանջվող գինը երկու ռուսական ընկերություններում էլ չափից դուրս բարձր էր համարվում: Մինչդեռ վաճառքի մրցույթում նրանց մրցակիցներից ոմանք մոտավորապես այդ գնի չափով համաձայն էին վճարել. մասնավորապես խոսքն արաբական ընկերության մասին է: Վերջինս սակայն ակնհայտորեն քաղաքական խնդիրներ ունեցավ, որը գտնվում էր հիմնականում հայ-ռուսական յուրահատուկ հարաբերությունների պրոցեսում:

Ինչեւէ, հանկարծ պարզվեց, որ «ՎիմպելԿոմն» է տիրանում «ԱրմենՏելի» 90 տոկոսանոց փաթեթին եւ պատրաստ է դրա համար վճարել 341 միլիոն 900 հազար եվրո եւ ստանձնել «ԱրմենՏելի» 40 միլիոն եվրոյի պարտավորությունների կատարումը: Այսինքն, անհրաժեշտ գումարն այնուամենայնիվ ճարվեց, իսկ ո՞ւր մնաց «ՄՏՍ»-ը: Այդ ընկերությունը, որի ղեկավարությունը, հայտնի է, որ առանձնակի սերտ հարաբերությունների մեջ է Մոսկվայի քաղաքապետ, Հայաստանի ներկայիս ղեկավարության մեծ բարեկամ (թե՛ մարդկային եւ թե՛ գործնական առումով) Յուրի Լուժկովի հետ, նույնպես ըստ լավատեղյակ աղբյուրների` անմասն չի մնա Հայաստանի կապի եւ հեռահաղորդակցման ոլորտից: Բանն այն է, որ չի բացառվում, որ այս գործարքում, ռուսաստանյան շուկայում թեժ մրցակից հանդիսացող «ՄՏՍ»-ը եւ «ՎիմպելԿոմը» Հայաստանում, իրականում, այսպես ասած, կոնսորցիումով են հանդես եկել, այսինքն` քողարկված կերպով միասնաբար: Եվ միայն գործարքի իրավաբանական մասը եւ ՀՀ Կառավարության «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 10% տոկոսը «հորով-մորով» անելուց հետո ասպարեզ դուրս կգա ռուսական երկրորդ դերակատարը` «ՄՏՍ»-ը: Հիշեցնենք, որ «ՄՏՍ»-ն արդեն իսկ հայտնվել է հայկական շուկայում` գնելով ինտերնետի պրովայդերական «Կոռնետ» ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսը: Եթե հաստատվեն այն պնդումները, որ արմենտելյան առք ու վաճառքում «ՎիմպելԿոմը» եւ «ՄՏՍ»-ը իրոք կոնսորցիումով են հանդես եկել, այսինքն` «ՄՏՍ»-ը ֆինանսական մասնակցություն է ունեցել գործարքում, ապա չի բացառվում, որ կոնսորցիումի մասնակիցները վաղօրոք իրար մեջ պայմանավորվել են, թե հետագայում ինչպես են իրար մեջ կիսելու «ԱրմենՏելի», ասենք, ֆիքսված եւ բջջային կապը: Այս առումով ավելի հավանական է, որ որոշ ժամանակ անց կհայտարարվի, որ «ՎիմպելԿոմը» բջջային կապը վաճառում է «ՄՏՍ»-ին: Իսկ սա արդեն, այսպես ասած, ներռուսական սովորական գործնական հարաբերությունների շարքից է` նույնպիսի, ինչպիսին, ասենք, Հայաստանում «ՌԱՕ ԵԷՍ»-ի եւ «Գազպրոմի» հարաբերություններն են` այն տեսանկյունից, որ առաջինը միայն վերջերս իր սեփականություն դարձած Հայաստանի էլեկտրացանցերն արդեն իսկ մտադիր է վաճառել «Գազպրոմին», որը հավանաբար հանդես կգա ի դեմս «ՀայՌուսգազարդի»:

Տ.Խ.