Կառավարության որդեգրած` կոռուպցիայի դեմ պայքարի կանխման մեթոդաբանությունը, որն ամրագրված է 2007թ. պետբյուջեի նախագծում, դուր չի գալիս պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանին: Այդ մեթոդաբանությունը, ըստ Հմայակ Հովհաննիսյանի, չի էլ համապատասխանում այն առաջարկություններին, որոնք արվում են միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից:
Պետբյուջեի նախագծում, որը երեկ քննարկվում էր ԱԺ-ում, կառավարությունն առաջարկում է Ազգային ժողովին` 40 տոկոսով ավելացնել պետական պաշտոնյաների աշխատավարձերը` պատճառաբանությամբ, թե այն կարող է կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը լինել: Իսկ Հմայակ Հովհաննիսյանը դեմ է այդ մեթոդով կոռուպցիայի դեմ պայքարելուն: Իր դժգոհությանը լրջություն տալու համար նա մեջբերեց հեղինակավոր «Freedom House» կազմակերպության 2005թ. զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածը, ուր ասվում է, թե մեզանում ստեղծվել է կոռուպցիոն մեխանիզմ, որի հիմքում ընկած է քաղաքական եւ տնտեսական վերնախավերի սերտաճումը, որի արդյունքում էլ քաղաքական եւ տնտեսական վերնախավերը ներկայացնում են նույն մարդիկ` միեւնույն դեմքերով:
Պետբյուջեի վերոնշյալ հատվածը Հմայակ Հովհաննիսյանը համարում է ավելորդություն, եւ կառավարությանն առաջարկում է այդ գումարները հատկացնել ոչ թե տնտեսական մենաշնորհ ու բիզնեսներ ունեցող չինովնիկներին, այլ ձայնալարերից զուրկ քաղաքացիներին, ովքեր իրենց կյանքը որակապես բարելավելու համար այդ գումարների կարիքն ավելի շատ ունեն, քան մեր բիզնեսմեն պաշտոնյաները, որոնք ամենեւին էլ իրենց աշխատավարձերի հույսով չեն ապրում:
Երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Հ. Հովհաննիսյանը հետաքրքրվեց, թե արդյոք հիմնավորվա՞ծ է կառավարության այդ մոտեցումը կամ` եթե հաշվի առնենք այն, որ մեր բարձրաստիճան չինովնիկներն ամենամեծ բիզնեսների տերերն են այս երկրում, արդյո՞ք դա այն ճանապարհն է, որով հնարավոր է կանխել կոռուպցիան:
Մինչ կառավարության տեսակետին անդրադառնալը, նշենք, որ Հ. Հովհաննիսյանին կառավարության այս առաջարկը խիստ զայրացրել էր նաեւ այն պատճառով, որ ինքն այն յոթ, իր իսկ բնորոշմամբ, ազնիվ պատգամավորներից մեկն է եղել, ով` միանալով կառավարության տեսակետին, մեկ ամիս առաջ դեմ է քվեարկել պատգամավորների թոշակների սահմանման վերաբերյալ օրինագծին` չկանխատեսելով, որ կառավարությունը կարող է մի օր էլ առաջարկել բարձրացնել պաշտոնյաների աշխատավարձերը: «Ես այս հարցն ամենասուր ձեւով ներկայացնելու իրավունքը նվաճել եմ իմ ազնիվ մոտեցմամբ, երբ ես «Պատգամավորների թոշակների սահմանման մասին» օրինագծին դեմ քվեարկած յոթ պատգամավորներից էի: Ես նույն մոտեցումն ակնկալում եմ կառավարությունից: Մանավանդ, որ կառավարությունը դեմ է հանդես եկել պատգամավորների թոշակները բարձրացնելուն»,- հայտարարեց Հմայակ Հովհաննիսյանը` ափսոսելով, որ դեմ էր քվեարկել պատգամավորներին վերաբերող օրինագծին:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ի պատասխան Հ. Հովհաննիսյանի` «ազնիվ պատգամավոր» լինելու մասին հայտարարությանն, ասաց. «Համարում եմ, որ ամենաանշնորհակալ գործն է` ելույթը հիմնավորել այն հանգամանքով, որ հարց տվողն ամենաազնիվն է ու ազնիվ մոտեցումներ է ցուցաբերել` դեմ քվեարկելով այս կամ այն օրինագծին»: Իսկ Հմայակ Հովհաննիսյանն էլ Դ. Հարությունյանին հակադարձեց, թե` «Ես ձեզ ոչ մի հիմք չէի տվել ծավալվելու իմ անկեղծության վրա: Բայց քանի որ ծավալվեցիք, ասեմ, որ կառավարության մոտեցումն այս հարցում անազնիվ է, որովհետեւ եթե պատգամավորների թոշակների սահմանման հարցում կառավարության դիրքորոշումը եղել է դեմ, եւ ես` որպես անաչառ դեպուտատ, իմ ձայնը միացրել եմ ձեր դիրքորոշման հետ, այսօր իրավունք ունեմ ակնկալելու, որ այն հարցում, որը վերաբերում է կառավարության անդամներին, նույն վերաբերմունքը լինի: Եթե այն ճիշտ չէր, ուրեմն նաեւ ճիշտ չէ, որ ձեր աշխատավարձերն ավելանան 40 տոկոսով: Այն դեպքում, երբ ընդամենը 27,8 տոկոսով են բարձրանում կենսաթոշակները»:
Իսկ ինչ վերաբերում է մեթոդաբանությանը, ապա Դավիթ Հարությունյանը Հ. Հովհաննիսյանին խորհուրդ տվեց ուսումնասիրել կոռուպցիայի դեմ պայքարում ամենահաջողված երկրների փորձը. «Եթե ուսումնասիրեք` կնկատեք, որ մեթոդաբանությունը նույնն է: Պետական ծառայության ապարատը չպետք է ցածր աշխատավարձ ստանա: Աշխատավարձերը պետք է բարձրացվեն: Կառավարությունը չի համաձայնի այն դիրքորոշման հետ, որ այսօր բավարար է այդ աշխատավարձը: Մենք իսկապես համարում ենք, որ մեթոդաբանության առումով մենք հետեւում ենք նույն այն սկզբունքներին, որոնց հետեւել են հաջողության հասած երկրները: 40 տոկոսով աշխատավարձերի բարձրացումը դեռ չի նշանակում, թե դա կոռուպցիայի դեմ պայքարի առավել կարեւոր գրավականն է: Անշուշտ, կոռուպցիայի դեմ պայքարում անհրաժեշտ են բազմաթիվ այլ միջոցառումներ եւս, բայց սա եւս անհրաժեշտ միջոցներից մեկն է»,- հայտարարեց Դ. Հարությունյանը: Իսկ Հմայակ Հովհաննիսյանի համար այդ մոտեցումը դարձյալ անազնիվ է, քանի որ` չինովնիկներն այսօր արդեն ստանում են 300 հազար դրամ աշխատավարձ, եւ 40 կամ 20 տոկոսով բարձրացումն արդեն կնշանակի` բարձրացնել 100-150 հազար դրամով: «Նույն ազնվությունն ունեցեք նաեւ այս հարցում ու նույն մոտեցումը որդեգրեք»,- բղավում էր Հ. Հովհաննիսյանը:
Սակայն Դ. Հարությունյանը Հ. Հովհաննիսյանին հիասթափեցրեց` ասելով, որ կառավարությունն իր այդ մեթոդաբանությունը վերանայելու մտադրություն չունի, եւ համարում է, որ դա կոռուպցիայի դեմ պայքարելու կարեւոր ձեւերից մեկն է, բայց ոչ միակը: «Երբ Սինգապուրը կոռուպցիայի դեմ պայքարի իր քաղաքականությունն ընտրելուց հետո մեկնաբանություններ էր տալիս, թե ինչպես կարողացավ Սինգապուրում կոռուպցիայի դեմ պայքարը հասցնել հաջողության, նրանց վարչապետն ասաց. «Ես, թերեւս, մեր ռեգիոնի պաշտոնապես առավել բարձր վարձատրվող վարչապետն եմ»: Մենք իսկապես պետք է կարողանանք բարձրաստիճան պաշտոնյաներին տալ պաշտոնապես բարձր աշխատավարձ, եւ պետք է պայքարենք, որ նրանք չունենան ստվերային բարձր հասույթներ: Ձեր ասած ձեւը հակառակն է ենթադրում: Մենք կարծում ենք` մենք ճիշտ քաղաքականություն ենք ընտրել, ուղղակի դա ենթադրում է նաեւ պայքար ստվերի դեմ: Եթե ուսումնասիրեք մեր մեթոդաբանությունը, ապա լուրջ դրույթներ կտեսնեք պայքարն ուժեղացնելու հարցում»,- կառավարության վերջնական տեսակետն այսպես եզրափակեց Դավիթ Հարությունյանը: