Վերջին շրջանում հայաստանյան տարբեր ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում միջազգային հարաբերությունների, տնտեսության, անվտանգության եւ քաղաքական զարգացումների, նախկին ԽՍՀՄ, Միջին Արեւելքի եւ Հարավարեւելյան Ասիայի գծով վաշինգտոնյան վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը նշել էր, թե «Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ համաձայնություն կա Սերժ Սարգսյանին տեսնել Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդ»: Ռ. Կիրակոսյանի այս հայտարարությունը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ էր դարձել: Նախօրեին մեզ հետ զրույցում Ռ. Կիրակոսյանն այս կապակցությամբ նշեց, թե իր ասածն այն է, որ ամերիկյան քաղաքականության մեջ տեղի է ունեցել փոփոխություն, եւ այն ավելի է մոտեցել Մոսկվայի տեսակետին: «Նկատի ունեմ հիասթափությունը ժողովրդավարությանն օժանդակելու հարցում, հիասթափություն Վրաստանի, Ուկրաինայի եւ Ղրղըզստանի արդյունքներից: Հիմա ավելի շատ շեշտը դրվում է կայունության եւ էվոլյուցիոն եւ ոչ հեղափոխական ճանապարհով տեղի ունեցող փոփոխության վրա: Ի՞նչ է նշանակում սա Հայաստանի համար: Ռեալ ընդդիմության բացակայության պարագայում նախապատվություն է տրվում նրանց, ովքեր կարող են առաջարկել որոշակի աստիճանի էվոլյուցիոն փոփոխություն»,- ասաց վերլուծաբանը: Փաստորեն դա՞ է պատճառը, որ ԱՄՆ-ը ու ՌԴ-ն, ինչպես ասել էր Ռ. Կիրակոսյանը, համաձայնության են եկել, որ ՀՀ հաջորդ նախագահը լինելու է Սերժ Սարգսյանը: Մեր այս հարցին նախօրեին Ռ. Կիրակոսյանը պատասխանեց. «Ես ասում եմ, որ ԱՄՆ-ի քաղաքականությունն է ինչ-որ չափով փոխվել, բայց ես երբեք չեմ ասել, որ նրանք նախընտրում են պաշտպանության նախարարին: Ես նկատի ունեի, որ ամերիկյան կողմը երբեք առաջ չի գա եւ ասի «մենք պաշտպանում ենք նրան, բայց ոչ մյուսին»: Վերլուծաբանը նշեց, թե իր խոսքերը ճիշտ չեն հասկացվել կամ աղավաղվել են: «Ռեալ ընդդիմության ու այլընտրանքի բացակայության պարագայում նրանք կփնտրեն մեկին, ով կշարունակի Քոչարյանի քաղաքականությունը եւ խաղաղ գործընթացը»,- եզրափակեց վաշինգտոնյան վերլուծաբանը: Վերջինս հայերեն վատ է խոսում եւ հարցազրույցներ է տալիս անգլերեն լեզվով, ինչը հարկ եղած դեպքում ոմանց օգնում է մեղքը գցել «սխալ թարգմանության» վրա: Ինչպես հայտնի է, այս «հնարքից» հաճախ են օգտվում ՀՀ Արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաները: Սակայն, թե ինչպես կարելի է սխալ թարգմանել հետեւյալ նախադասությունը՝ դատեք ինքներդ. «Վաշինգտոնն ուզում է, որ Քոչարյանից հետո նրա բնական իրավահաջորդը լինի Սերժ Ազատովիչը, որովհետեւ Հայաստանում ընդդիմություն չկա»:
Ռ.Թ.