ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքերով՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ բրյուսելյան հանդիպումից «չափավոր ակնկալիքներ կային»: «Չէի ասի, թե նույնիսկ այդ չափավորն ամբողջությամբ իրականացավ, բայց, համենայն դեպս, կարող եմ ասել, որ մի փոքր տեղաշարժ արձանագրվեց»,- նախօրեին տեղի ունեցած այդ հանդիպումից հետո «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարարը: «Չեմ կարող ասել, որ ամբողջական ինչ-որ համաձայնություն, բայց որոշ եզրեր սկսեցին ի հայտ գալ»,- ավելացրել է նա: Վ. Օսկանյանը հետաքրքրական է համարել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն «այդ բոլորը լսելուց հետո մեզ արդեն հայտնեցին, որ իրենք որոշում են կայացրել՝ նախագահներին առաջարկել այս ամսվա վերջում ԱՊՀ-ի գագաթաժողովի ընթացքում հանդիպում ունենալ»: «Իհարկե, նախագահները կորոշեն՝ այդ հանդիպման հրավերն ընդունո՞ւմ են, թե՞ ոչ, լսելուց հետո, համապատասխանաբար, իրենց նախարարներին, եւ որոշում կկայացնեն»,- ասել է Վ. Օսկանյանը՝ հավելելով, թե հենց այդ պատճառով էլ համանախագահները շուտով կայցելեն տարածաշրջան եւ Երեւանում կլինեն նոյեմբերի 21-ին: Նախարարը վստահեցրել է նաեւ, թե ժողովրդական կամքի արտահայտությունը ԼՂ-ում Հայաստանի համար մնում է բանակցությունների սկզբունք: «Դա առանցքային հարցերից մեկն է, եւ հայկական կողմի համար դա անհրաժեշտություն է: Կլինի դա հանրաքվեի, թե այլ ճանապարհով, բայց ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է ամրագրված լինի այդ փաստաթղթում, որը պետք է ծառայի որպես լուծման միջոց»,- ասել է Վ. Օսկանյանը՝ հավելելով, թե թեեւ կոնկրետ պայմանավորվածություններ չկան, «բայց այդ քննարկումների տողատակում կարելի էր զգալ, որ դիրքորոշումների որոշ մոտեցում կա»: Անդրադառնալով Հայաստանում խորհրդարանի եւ նախագահի առաջիկա ընտրություններին՝ Վ. Օսկանյանն ասել է հետեւյալը. «Այսօր նաեւ մեր (Հայաստան-Եվրամիություն) համագործակցության խորհրդի հանդիպման ընթացքում բարձրացված առանցքային հարցերից մեկը մեր հետագա ընտրություններն են: Ցանկացած երկկողմ հանդիպման, որ այս վերջին ամիսների ընթացքում ես ունեցել եմ, առանցքային օրակարգային հարցերից մեկը մեր հետագա ընտրություններն են: Այնքան է ասվում, այնքան է խոսվում դրա մասին, որ արդեն իսկապես մեզ որեւէ տեղ չի թողնում այս անգամ սխալվելու»: Ըստ նախարարի, ուշադրությունը, որը կա ընտրությունների նկատմամբ, անչափ մեծ է, «եւ նաեւ այն կորուստները, որ կարող են լինել, այնքան են մեծ, որ իսկապես մենք պետք է լրջորեն մտածենք, որ ազգովի, բոլոր քաղաքական ուժերով միասին այնպես անենք, որ կարողանանք իրոք որակապես տարբեր ընտրություններ անցկացնել»: