Այն բանից հետո, երբ «Հետաքննող լրագրողների» գրասենյակում արգելվեց ծխելը, ես վերջապես հասկացա, թե «անսամբլ» բառն ինչու է հայերենում դարձել «համույթ»։ Թվում է, ոչ մի կապ չունեն ծխելու արգելքն ու «անսամբլի» հայերեն թարգմանությունը։ Իսկապես, ի՞նչ կապ։ Բայց երբ ստիպված ես լինում ծխելու համար բարձրանալ քաղաքի կենտրոնում գտնվող շենքերից մեկի կտուրն ու հընթացս նայել հայրենի քաղաքին, ինչ ասես մտքովդ անցնում է՝ սկսած հայհոյանքից, վերջացրած ստուգաբանությամբ։
«Անսամբլը», որքան ինձ հայտնի է, նշանակում է` մի շարք բաների ներդաշնակ ամբողջություն։ Օրինակ՝ երգի-պարի անսամբլը, որտեղ, ասենք, թառը չի կարող մի բան նվագել, քյամանչան՝ ուրիշ, կամ երգիչը չի կարող մի տոնայնությամբ երգել, որը տարբեր է նվագի բարձրությունից։ Կամ օրինակ՝ ճարտարապետական անսամբլը, որն առավել եւս աններդաշնակություն չի հանդուրժում։ Կա նաեւ հագուստի անսամբլ հասկացություն, որից փոքր-ինչ տեղյակ որեւէ կին իրեն թույլ չի տա երեկոյան թավշյա զգեստի հետ սպորտային կոշիկ հագնել, եթե անգամ դա ամենանշանավոր ֆիրմայի արտադրանքն է։
Հիմա՝ կենտրոնում գտնվող բարձրահարկի տանիքից քաղաքին նայելով, ես փնտրում եմ գեթ մեկ ճարտարապետական անսամբլ, որը թեթեւակի կվկայի մեր ժողովրդի ճարտարապետ-շինարար լինելն, ու չեմ գտնում։ Ահա այդտեղ էլ հասկանում եմ, որ «համույթ» բառը հորինված է ոչ թե մայրենին մաքուր պահելու բծախնդրությամբ, այլ՝ ներդաշնակություն փնտրողների ուշադրությունը շեղելու համար։
Մինչեւ կմտածես, թե «համ»-ն ինչ է, «ույթ»-ն՝ ինչ, քաղաքապետարանն էլի մի քանի անճոռնի շինության թույլտվություն կտա, մի քանի տանիք այդ ընթացքում կդառնա շուշաբանդ եւ քաղաքի կենտրոնում մի քանի բալկոն՝ կորցնելով բուն իմաստը, ձեռք կբերի բնակտարածության նշանակություն։ Եվ մինչ այս ամենը տեղի կունենա, կհասկանաս, որ «համույթ»-ի «համ»-ն էլ, «ույթ»-ն էլ ածանցներ են, եւ միայն մեր ըմբոստ ցեղին է հաջողվում առանց արմատի բառ կազմել՝ հանուն ոսկեղենիկի անաղարտության։
Օրինակ՝ միջնակարգ դպրոցի, որն, ի դեպ, կրում է դաշնակցական գրականագետի անունը, եւ գիշերային սթրիփ-բարի հարեւանությունն, ըստ բոլոր չափանիշերի` չի կարող լինել անսամբլ, բայց արդեն քանի տարի մեր աչքի առաջ է անհամատեղելի երկու հաստատությունների համույթը։ Կամ, ասենք, ի՞նչ պակաս համույթ է մերկ կնոջ ու կոնյակի համադրությունը քաղաքի կենտրոնում (կոնյակի անունն էլ, ոչ ավել, ոչ պակաս, «Մաշտոց» է, գրված, իհարկե, ոսկեղենիկ ռուսերենով)։ Մոտենում ես ծաղկի խանութին, որ ծաղիկներ գնես, ինչ-որ համույթ են դեմ տալիս, որի մեջ եղած կենտ թվով մի քանի վարդը որ հանես, թթվի կանաչի կհիշեցնի։ Վաճառողն էլ ապրանքը գովելու համար ասում է, թե «ծաղիկների» անսամբլն իրենց ֆլորիստի նոր մտահղացումն է։
Այսպես ամեն տեղ համույթ է ու համույթ։ Քաղաքաշինության ոլորտում համույթ է, սպասարկման ոլորտում՝ նույնպես, քաղաքականության մեջ համույթ է, սոցիալական ոլորտում՝ եւս։
Իշխանական կոալիցիան… Ինչո՞վ համույթ չէ քաղաքական կազմակերպությունների այդ կոկտեյլը։ Երեք կուսակցություն միանալով` որոշում են իշխել, բայց ժամանակի ընթացքում (կամ էլ` ճիշտ ժամանակին) առաջինն ուտում է երկրորդին, իսկ երրորդն առաջինի հետ ժողովրդի լուծը քաշելիս «կրիմինալի» ակնարկներ է անում նույն այդ առաջինի հասցեին։
Ընդդիմադիր դաշինքը… Ինչո՞վ համույթ չէ քաղաքական կազմակերպությունների այս կոկտեյլը։ Բազմաթիվ կուսակցություններ՝ միանալով փորձում են վերականգնել սահմանադրական կարգը, բայց քանի որ նրանցից յուրաքանչյուրն իր պատկերով ու նմանությամբ է տեսնում այն, սկսում են ուրախանալ մանր-մունր բաներով, ասենք՝ ԱԺ նախագահի կողմից քվեարկությունը չեղյալ համարելով։
Կամ մեր արտաքին քաղաքականությունը… Նման համույթ կերազեին ունենալ անգամ իռլանդացիներն, ովքեր աշխարհին հայտնի են իրենց ներդաշնակ ու համաչափ պարերով։ Ռուսաստանին ամեն ինչ նվիրելուց եւ քոռ կոպեկի շնորհակալություն չստանալուց հետո վազում ենք Իրաք՝ ավարտվող պատերազմի ֆոնին լուսանկարվելու, կարծես հենց այդ լուսանկարի միջով է անցնելու Թուրքիան Ադրբեջանին միացնող երկաթուղին, որը մեկուսացումից խուսափելու մեր վերջին շանսն է։
Ամբողջ հանրապետությունն է համույթ, որովհետեւ մայրաքաղաքը զարգանում է այնպիսի թափով ու արագությամբ, որ մտածում ես, թե շուտով հարեւաններին ենք զիջելու Հայաստանի մնացյալ տարածքները, բացի, իհարկե, Ծաղկաձորից ու Սեւանից, որտեղ դահուկ, սահնակ ու զբոսանավ են քշում մեր նախագահը, նախարարները, պատգամավորներն ու օլիգարխները։
Ամբողջ ժողովուրդն է համույթ, որովհետեւ մի մեծահարուստի հարսանեկան թափորի մեքենաների արժեքն ավելին է, քան հանրապետության մի մարզի տարեկան բյուջեն, կամ հարսանիքի վրա արված ծախսը մի քանի անգամ գերազանցում է սփյուռքահայ որեւէ բարերարի կողմից դպրոց կառուցելու նպատակով հատկացված գումարին։
Եվ այսպես մենք ապրում ենք՝ ձեւացնելով, թե պետություն ունենք, կարծելով, թե հասարակություն ենք, երեւակայելով, թե կարող ենք դառնալ ժողովրդավարական պետություն ու քաղաքացիական հասարակություն։
Ամեն անգամ Եղիշե Չարենցի՝ Ալեքսանդր Թամանյանին նվիրված «Մահվան տեսիլը» կարդալիս ականջիս խորթ է թվացել մի բառ, ու միշտ մտածել եմ, թե Չարենցի նման մեծ բանաստեղծը չէր կարող պատահականորեն գրել այն։ «Նա տեսել է երեւի արեւային մի քաղաք» տողից ցցվածը «երեւի» բառն է։ Ինչո՞ւ «երեւի», ինչպե՞ս կարող էր կասկածել Չարենցն, ով հաստատ հազար անգամ տեսել էր Թամանյանի նախագծերը, դրանց մասին հազար անգամ խոսել ճարտարապետի հետ։ Այդ «երեւին» էլ հենց համույթն է, որը բանաստեղծը չէր կարող կռահել, քանզի իր օրերում անսամբլը դեռ չէին հայացրել՝ հանուն լեզվի մաքրության կամ գուցե հանուն ճշմարտության։