Մի քանի հոգու հա՞րց է լուծվելու

18/11/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

«Ազատամարտի եղբայրություն» հրամանատարական խորհուրդը երեկ հայտարարություն է տարածել, որով հասարակության բոլոր խավերին կոչ է անում հանուն պետության ապագայի միանալ «Քաղաքացիական անհնազանդություն» շարժմանը, որպեսզի Ղարաբաղի պատերազմի հաղթանակն ու ձեռք բերած պետականությունը չկորցնենք: Հայտարարությունը «Հայելի» ակումբում ընթերցել է ԼՂ «Երկրապահ» միավորման ղեկավար Արկադի Կարապետյանը: Քաղաքացիական անհնազանդության նպատակը Հայաստանում իշխանափոխության հասնելն է: «Ազատամարտի եղբայրություն» հրամանատարների խորհրդում հավաքված Արցախի պատերազմի նախկին հրամանատարներին մտահոգում է հատկապես ազատագրված տարածքները հանձնելու միտումը: Ա. Կարապետյանի խոսքերով՝ Աղդամն էլ է մեր հայրենիքը, ազատագրված մյուս տարածքներն էլ: Ա. Կարապետյանն ասել է, որ ԼՂ-ի բնակչությունը չի ընդունում տարածքների հանձնման որեւէ մոտեցում, բայց փորձում են այնտեղ էլ ինչ-որ մթնոլորտ ձեւավորել: Սակայն, ըստ նրա, նման փորձի դեպքում կարող են շատ վատ բաներ լինել, ընդհուպ՝ կրակոցներ: Սակայն, ըստ Ա. Կարապետյանի, դա չի նշանակում, որ կարող է սկսվել քաղաքացիական պատերազմ: «Ի՞նչ քաղաքացիական: Մի քանի հոգու հարց է լուծվելու, ի՞նչ կապ ունի քաղաքացիականը»,- ասել է Ա. Կարապետյանը: Վերջինիս խոսքերով՝ եթե հայերը բավարարվել են ազատագրածով եւ չեն գնացել առաջ, մինչեւ Բաքու, դա արդեն փոխզիջում է: «6-7 տարի առաջ եկավ մի ամերիկացի էթնոգրաֆ եւ հարցրեց, թե ինչպե՞ս եք պատկերացնում ԼՂ հարցի լուծումը: Ասաց` եթե հարցը լուծվի, բլոկադան կբացվի եւ այլն: Ես իրեն ասացի, որ ԼՂ հարցի լուծումը բլոկադայի հետ կապ չունի, եւ մենք բլոկադա էլ չունենք: Բլոկադա եղել է Ճապոնիայում, Իսրայելում, ահավոր հզոր, բայց այդ պետությունները, օրինակ` Ճապոնիան, այսօր շատ լավ են ապրում: Ասաց, թե Ճապոնիան ուներ հզոր տնտեսական բարեկամներ: Ահա, ասացի, Դուք ինքներդ ձեր հարցին պատասխանեցիք: Ասացի՝ մենք ձեզ պետք ենք, որովհետեւ մենք գտնվում ենք երկրագնդի հատկապես այս մասում եւ որովհետեւ հատկապես հայ ենք: Իրանցի չենք, չնայած ունենք ընդհանուր արմատ, ռուս չենք, չնայած ձգտում ենք դեպի Ռուսաստան: Մենք առավելեւս թուրք չենք, վրացի չենք, հենց դրա համար էլ պետք ենք ձեզ: Ասաց՝ դու ճիշտ ես»,- երեկ պատմել է Ա. Կարապետյանը: Ըստ նրա, ի դեմս ՆԱՏՕ-ի, Լաչին են գալու խաղաղապահ ուժեր, որոնց կազմի մեջ թուրքերն էլ են լինելու: «Այսպիսի մի բան կա հոգեբանության մեջ, թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների` գառը որ կապում ես գայլի մոտ, բայց գայլը չի կարողանում հասնի գառին, գառը մի օր հետո սատկում է: Վախից: Այսինքն՝ դուք պատկերացնո՞ւմ եք, թուրքերը գալիս են, մեր մեջքը պահում են, ու ղարաբաղցիք պետք է այդ մթնոլորտում ապրեն: Դա էշություն է»,- գտնում է նա: Ա. Կարապետյանի խոսքերով՝ «ղարաբաղցին չէ, որեւէ այլ ազգ լինի, ինչպե՞ս կապրի, եթե իր թիկունքը պահում է թշնամին: Կամ պետք է հեռանա, կամ պետք է կռվի»: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ «Ազատամարտի եղբայրություն» հրամանատարական խորհուրդը երեկ խոստացել է նաեւ հարկ եղած դեպքում ներկայացնել իշխանափոխության 132 տարբերակ, սակայն նրանց համար ամենանախընտրելի տարբերակը հետեւյալն է. «Պատերազմ տեսած մարդը մի տարբերակով է առաջնորդվում. եթե նրան չեն տալիս այն, ինչ պատկանում է, վերցնում են ուժով: Ազատագրված տարածքները հանձնողները մեզ համար նույն ադրբեջանցի զավթիչներն են, ովքեր կարժանանան նույն ճակատագրին»: Իսկ Ա. Կարապետյանը երեկ նաեւ ասել է, թե Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ նախագահ է դարձել Սամվել Բաբայանի հրամանով: Իսկ ԼՂ ազատամարտի վետերան, պատերազմի նախկին հրամանատար Միքայել Ապրեսյանն էլ երեկ նույն ակումբում հայտարարել է, թե ազատագրված տարածքները հանձնելը եւ այնտեղ խաղաղարարների մուտք ապահովելը ՀՀ իշխանության համար շատ գայթակղիչ է, քանի որ ամերիկացիները դրա համար խոստացել են 9 միլիարդ դոլար: Նա սակայն չի ասել, թե որտեղի՞ց այդ տեղեկությունը: