«Ջավախքն Արցախ չէ»

18/11/2006

Միջազգային հարաբերությունների, տնտեսության, անվտանգության եւ քաղաքական զարգացումների, նախկին ԽՍՀՄ, Միջին Արեւելքի եւ Հարավարեւելյան Ասիայի գծով վաշինգտոնյան վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը նախօրեին Ջավախքի հարցով զեկուցում է կարդացել Հայաստանի ամերիկյան համալսարանում: Ըստ Ռ. Կիրակոսյանի, ազգային հարցի տեսակետից կարեւոր է, որ Ջավախքում ավելի շատ հայ կա, քան Լեռնային Ղարաբաղում: «Հայաստանի եւ հայերի առջեւ ծառացել է մի շատ կարեւոր հարց` վերաբերող Ջավախքում տիրող իրավիճակին եւ նրա անվտանգությանը: Սակայն Ջավախքի հարցն այնուամենայնիվ Արցախի հարցը չէ»,- ասել է Ռ. Կիրակոսյանը, ավելացնելով, թե Ջավախքը դեռ ապագա ունի Վրաստանի կազմում, սակայն ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ապագա չունի: «Ինչ վերաբերում է անվտանգությանն եւ պոտենցիալ անկայունությանը Ջավախքում, ապա այն պետք է շարունակվի դիտարկվել եւ ընկալվել Վրաստանի կոնտեքստի մեջ»,- նշել է վերլուծաբանը: Նրա խոսքերով՝ Միխայիլ Սահակաշվիլիի օրոք Ջավախքում վրացականացման քաղաքականություն է ընթանում, սակայն միաժամանակ Վրաստանը փորձում է տնտեսապես զարգացնել Ջավախքը՝ Վրաստանի հետ վերաինտեգրելու համար: «Թեեւ, այսպես կոչված, «վարդերի հեղափոխություն» տեղի ունեցավ, բայց Վրաստանն այսօր դեռեւս ձախողակ պետություն է, քանզի կենտրոնական իշխանությունը չի կարողանում տարածել իր իշխանությունն ու լեգիտիմությունը ամբողջ երկրի տարածքում»,- հայտարարել է Ռ. Կիրակոսյանը: Նրա գնահատմամբ՝ Ջավախքը կարող է լինել Վրաստանի ապագայի բանալին, քանզի Ջավախքի համար ինքնավարությունը կարող է լինել վրացական իշխանության կողմից որդեգրված նոր մոտեցում եւ բարելավված քաղաքականություն Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հետ հարաբերությունները վերականգնելու հարցում: Վերլուծաբանի համոզմամբ՝ գեոքաղաքական առումով Վրաստանի կազմում գտնվող Ջավախքը Հայաստանի համար ավելի կարեւոր է, քան Ջավախքը` որպես Հայաստանի մարզ:

Ռ.Թ.