Դա անցյալ տարվա վերջին էր։ Ժամանակագրությանը հետեւելն արդեն իսկ բավական հետաքրքիր է։ Նախ` մեր իշխանավորները հերքում էին, որ գինը թանկանալու է, ինչն ի վերջո տեղի ունեցավ՝ 1000խմ-ի գինը 54 ԱՄՆ դոլարից դարձավ 110 դոլար։ Հերքում էին նաեւ էներգետիկ համակարգի որեւէ օբյեկտ ռուսներին զիջելը, սակայն Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի գործարքն ապացուցեց, որ խոսակցությունները ճիշտ էին։ Իսկ հիմա շրջանառության մեջ է Իրան-Հայաստան գազամուղի հարցը։ Սկզբում «Գազպրոմի» կայքէջում տեղեկատվություն հայտնվեց, որ Հայաստանը պետք է գազամուղը վաճառի «Գազպրոմին»։ Հետո այդ ինֆորմացիան հանկարծ անհետացավ եւ վերստին հայտնվեց այլ ձեւակերպմամբ՝ «գազային ոլորտի այլ օբյեկտներ»։ ՀՀ իշխանությունները, սովորության համաձայն, ամեն ինչ հերքում էին՝ հայտարարելով, որ գազամուղի հարցն ընդհանրապես չի շոշափվել բանակցությունների ժամանակ։ Ընդ որում, որոշ հիմնավորումներ այդպես էլ անհասկանալի մնացին։ Նշվում էր, որ գազամուղը դեռ ավարտված չէ, այդ իսկ պատճառով էլ չի կարող դառնալ առքուվաճառքի առարկա։ Մինչդեռ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը նույնպես անավարտ վիճակում էր։
Ինչեւէ։ Գազամուղի շինարարությունը պետք է ավարտվի արդեն մինչեւ այս տարվա վերջը։ Որքան մոտենում է վերջնաժամկետը, այնքան հետաքրքրությունն ավելանում է, մանավանդ` այն բանից հետո, երբ «Գազպրոմի» որոշ բարձրաստիճան անձինք սկսեցին նորից խոսել գազամուղի մասին։
Դրան հետեւեցին մամուլի հրապարակումներն այն մասին, որ ՌԴ պատգամավորների մոտ եղած փաստաթղթերում հստակ նշվում է, որ մենք պարտավորվել ենք գազամուղը վաճառել ռուսներին։ Դրանից հետո ՀՀ Պաշտպանության նախարար Ս. Սարգսյանը խոստացավ «ՀայՌուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանին խնդրել պարզաբանումներ տալ այս հարցի առնչությամբ։ Եվ օրեր անց Կ. Կարապետյանը լրագրողների հետ հանդիպեց եւ իրոք որոշ պարզաբանումներ արեց։
Գլխավոր ասելիքը հետեւյալն էր՝ Իրան-Հայաստան գազամուղի հարցում պայմանավորվածություն չկա, սակայն «ՀայՌուսգազարդը» պատրաստ է եւ ցանկանում է իրականացնել դրա կառավարումը։ Դրանից հետո կրքերը, կարելի է ասել, փոքր-ինչ հանգստացան։ Մամուլն ու հասարակությունը զարմանալի հանգստությամբ ընդունեցին նաեւ այն, որ «Գազպրոմի» մասնաբաժինը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում 45%-ից աճեց մինչեւ 58%։ Սա, թերեւս, պակաս կարեւոր չէր։ Սակայն եկեք սկսենք սկզբից։
Ի՞նչ է իրենից ներկայացնում «ՀայՌուսգազարդը»։ Դա մի ընկերություն է, որն իր մեջ ներառում է 1753.47 կմ երկարությամբ մայրուղային գազատարներ եւ 11474 կմ երկարությամբ բաշխիչ ցանց։ Ընկերության հիմնական ֆունկցիան է՝ սահմանի վրայից գազը հասցնել Հայաստանի վերջնական սպառողին։ Թեեւ պետք է նշել, որ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի գործարքով ընկերությունն ընդլայնեց իր գործունեության ոլորտը՝ դառնալով էլեկտրաէներգիա արտադրող։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կ. Կարապետյանը հնչեցրեց մի հետաքրքիր միտք՝ «ՀայՌուսգազարդը» հայկական ընկերություն է։ Թեկուզ նրանով, որ այդքան ներդրումներ է արել եւ մեծ հարկեր է մուծում ՀՀ պետական բյուջե։
Սակայն իրականում հայկական, ռուսական կամ ուզբեկական լինելու հանգամանքը պարզելու շատ հեշտ եղանակ կա՝ ո՞ւմ են պատկանում բաժնետոմսերը։
«ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերը, մինչեւ 5-րդ բլոկի գործարքը, ունեին այսպիսի կառուցվածք՝ 45% – ՀՀ Կառավարություն, 45% «Գազպրոմ» (ռուսական), 10% – «Իտերա» (ռուս.)։ Այսինքն, «ՀայՌուսգազարդը» հայկական էր մասամբ՝ 45%-ով։
Այժմ այն ավելի քիչ է հայկական։ Չենք ուզում ծանրաբեռնել թվերով, սակայն մի փոքրիկ հաշվարկ, այնուամենայնիվ, կարելի է կատարել։
1997թ. հիմնված «ՀայՌուսգազարդի» կանոնադրական կապիտալը մինչեւ վերջերս 280մլն դոլար էր։ Դժվար չի հաշվել, որ ՀՀ կառավարությունն ու «Գազպրոմն» այդտեղ ունեին 126-ական միլիոն, իսկ «Իտերան»՝ 28 մլն։ Հետո Հրազդանի ՋԷԿ-ը որոշեցին վաճառել «Գազպրոմին»։ Անավարտ այդ կառույցը գնահատվեց 248.8 մլն դոլար։ Ընդ որում, 5-րդ բլոկը ոչ թե ուղղակիորեն վաճառվեց «Գազպրոմին», այլ ընտրվեց այսպիսի սցենար։ Որպես գնորդ հանդես է գալիս «ՀայՌուսգազարդը», իսկ «Գազպրոմը» մեծացնում է իր մասնաբաժինն այս ընկերությունում։ Եվ քանի որ վճարումը պետք է կատարվեր մաս-մաս՝ 3 տարվա ընթացքում, այդ մասնաբաժինն էլ նույնպես մեծանալու է աստիճանաբար։
Այսպես, առաջին տարում պետք է վճարվեր այդ 248.8մլն-ից 118.8մլն-ը։ «ՀայՌուսգազարդն» այդպիսի գումարներ չունի։ Դրա համար նա թողարկում է 118.8մլն-ի լրացուցիչ բաժնետոմսեր, որը գնում է «Գազպրոմը»։ Արդյունքում, «ՀայՌուսգազարդի» կապիտալը մեծանում է՝ հասնելով 398.8մլն դոլարի։ Մեծանում է նաեւ «Գազպրոմի» մասնաբաժինը՝ (126մլն + 118.8մլն)։ Այսինքն՝ ընդհանուր 398.8մլն դոլարից 244.8 միլիոնի սեփականատերն այլեւս «Գազպրոմն» է։ Տոկոսային առումով, դա կազմում է ընդհանուր կապիտալի 61%-ը։ Սինչդեռ պաշտոնապես հայտարարվեց, որ «Գազպրոմի» շահաբաժինը կազմում է 58%։ Հայաստանի մասնաբաժինը մնաց նույնը՝ 126մլն։ Իսկ այդ 126 միլիոնն ընդհանուրի մեջ արդեն կազմում է 31%։ Եթե 248.8 մլն դոլարի մնացած մասը՝ 130 միլիոնի հարցը լուծվի նույն ձեւով՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկմամբ, ապա դժվար չէ հաշվել, որ գործարքի ավարտին «Գազպրոմի» մասնաբաժինը կկազմի 70%-ից ավելի։ Այդ ժամանակ «ՀայՌուսգազարդի» կապիտալը կգերազանցի կես միլիարդ դոլարը, այն նոր ներդրումներ կանի, խոշոր հարկեր կմուծի եւ այս առումով կդառնա շատ ավելի հայկական։ Մինչդեռ ստացված շահույթից ընդամենը 23%-ը կգնա ՀՀ պետբյուջե։
Այժմ վերադառնանք գազամուղին։ Եթե որոշվի, որ Իրան-Հայաստան գազամուղն, այնուամենայնիվ, պետք է հանձնել «ՀայՌուսգազարդին», ընդ որում՝ նույն սցենարով, ապա «Գազպրոմի» մասնաբաժինն է՛լ ավելի կմեծանա։
Իսկ ինչո՞վ է այս գազամուղն այսքան կարեւոր։ Հայաստանն այժմ գազ ստանում է միայն Ռուսաստանից եկող մի գազամուղով, որի հուսալիությունը կասկածի տակ են դնում անգամ «ՀայՌուսգազարդի» ներկայացուցիչները։ «…Ներկրման առաքումների իրականացման համար օգտագործվում է Վրաստանի գործող գազի ենթակառուցվածքը, որը գտնվում է բավականին անբավարար տեխնիկական վիճակում եւ համապատասխանաբար կարող է առաքումների ընդհատման պատճառ հանդիսանալ: Հարկ է առանձնապես նշել Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարի ցածր հուսալիությունը: Առաքումների ընդհատումը կարող է լուրջ վնաս պատճառել Հայաստանի Հանրապետությանը, քանի որ տվյալ պահին գոյություն չունեն ո՛չ գազի առաքումների այլընտրանքային ուղիներ, ո՛չ էլ հնարավոր դեֆիցիտի փոխհատուցման համարժեք հզորությունների պահեստարան»,- սա մեջբերում էր Կ. Կարապետյանի զեկույցից («Բնական գազի համակարգ. Ներկա եւ արտաքին հեռանկարներ»)։
Այստեղ կա մի նրբերանգ՝ զեկույցը պատրաստվել է մինչեւ գազի թանկացումը։ Այսինքն, այստեղ ռիսկային է համարվել միայն գազի տարանցումը։ Մինչդեռ մենք տեսանք, որ մատակարարի՝ «Գազպրոմի» գնային քաղաքականությունը պակաս ռիսկային գործոն չէ։ Եվ հենց այդ ժամանակ սկսեցին առավել մեծ չափով խոսել Իրան-Հայաստան գազամուղի կարեւորության մասին։ Ու թեեւ ի սկզբանե որոշված է, որ այդ գազամուղը պետք է ծառայի միայն Իրանի համար էլեկտրաէներգիա արտադրող ՋԷԿ-երին, այն դիտվում է նաեւ որպես ռուսական գազի այլընտրանք։
Հենց գազի թանկացման ժամանակ սկսեցին ավելի սուր քննադատության ենթարկել դրա տրամագծի հարցը։ Ինչո՞ւ 700մմ, եթե հնարավոր էր ավելի մեծ տրամագծով գազամուղ կառուցել եւ պահպանել ապագայում իրանական գազի տարանցում իրականացնելու հնարավորությունը։
Կ. Կարապետյանի կարծիքով, տրանզիտի հնարավորություն լինում է այն դեպքում, երբ «գազ վաճառողը եւ գնողը պայմանավորվեն, որ մեկը վաճառում է, մյուսը` գնում, եւ տրանսպորտային սխեման որոշելիս նպաստավոր համարեն խողովակաշարը Հայաստանի տարածքով անցկացնելը»։ Բացի այդ, դա կապված է մեծ ծախսերի հետ։ Վերը նշված զեկույցի համաձայն, եթե կառուցվեր 1200մմ տրամագծով տրանզիտային գազամուղ, ապա դա կապահովեր տարեկան 4-5 միլիարդ խմ բնական գազի առաքումներ։ Սակայն, ըստ հաշվարկների, նման գազամուղ կառուցելու համար կպահանջվեր 360-400 մլն ԱՄՆ դոլար։ Իսկ այդպիսի գումարներ մեր կառավարությունը չունի։
Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան գազամուղի ապագա սեփականատիրոջը (կամ կառավարչին), ապա Կ. Կարապետյանը հստակ ասաց, որ այդ դերին հավակնում է «ՀայՌուսգազարդը»։
Իրան-Հայաստանն ունի 141 կմ երկարություն, որից 41 կմ-ն գտնվում է ՀՀ տարածքում։ Անկախ նրանից՝ ով կլինի սեփականատերը, այդ գազամուղը պետք է միանա Հայաստանի ընդհանուր գազաբաշխիչ ցանցին, որի սեփականատերը «ՀայՌուսգազարդն» է։ Հակառակ պարագայում, անհրաժեշտ կլինի կառուցել եւս մի քանի հարյուր կմ երկարության գազամուղ, որպեսզի գազը հասցվի Հրազդանի ՋԷԿ։ Այսինքն, այսպես թե այնպես, այն տարածությունը, որով անցնելու է իրանական գազը, մեծ մասամբ վերահսկվելու է «ՀայՌուսգազարդի» կողմից։
Հենց այս հանգամանքով էլ «ՀայՌուսգազարդը» փորձում է հիմնավորել, որ ավելի նպատակահարմար է՝ ինքը կառավարի գազամուղը։ «…Եթե համեմատենք նշված 40կմ-ը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հաշվեկշռում գտնվող միայն մայրուղային գազատարների երկարության հետ, ապա այն կկազմի ընդամենը 2.3%)»,- նշված է այս ընկերության կայքէջում։
Կարեն Կարապետյանը բացառեց, որ տեր դառնալով 40կմ-անոց հատվածին՝ իրենք կարող են ցանկացած պահի «վինտիլը» փակել՝ Հայաստանին զրկելով իրանական գազից։ Ըստ «ՀայՌուսգազարդի» տնօրենի, դա կլինի օրենքի խախտում։
Դե ինչ, թվում է՝ ամեն ինչ նորմալ է եւ տրամաբանական։ Մամուլն էլ այս նոր պարզաբանումներին շատ հանգիստ վերաբերվեց։ Կարծես թե բոլորը համոզվեցին, որ ոչ մի վատ բան տեղի չի ունենում եւ տեղի չի ունենա։
Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, մի հարց մնում է անպատասխան։ Եթե ամեն ինչ այսքան պարզ էր եւ տրամաբանական, ինչո՞ւ այս մասին սկսեցին բաց խոսել միայն 1 տարի անց, իսկ մինչ այդ ամեն կերպ հերքում էին Իրան-Հայաստան գազամուղի թեմայով բանակցությունները։ Միգուցե պատճառնե՞ր կային, որոնք մեզ դեռեւս հայտնի չեն։