Դեղնախտը եւ նախընտրական քարոզչությունը

18/11/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ԼՂՀ Ազգային ժողովի նոյեմբերի 15-ի նիստում, կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում պատգամավոր Վալերի Հարությունյանը Ստեփանակերտի Ալեք Մանուկյան 120 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչների շրջանում դեղնախտի բռնկման մասին հարց բարձրացրեց:

Դեղնախտի բռնկման պատճառների մասին տարբեր վարկածներ կան: Մի վարկածով՝ համաճարակի բռնկումը կապված է շենքի խմելու ջրի հետ, որը կոյուղաջրերի հետ մեկտեղ թափվում է պատերից: Մեր տվյալներով, շենքի 322 բնակիչներից 100-ից ավելին մինչեւ 18 տարեկան են, որոնցից 35-ն արդեն վարակվել են նշված հիվանդությամբ: Ընդ որում, համապատասխան մարմինները մինչ օրս ստուգումներ չեն իրականացրել եւ չեն բացահայտել համաճարակի պատճառը:

ԱԺ նիստում ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը մեղադրեց պատգամավորներին, որոնք «ամեն մի հարցով դիմում են կառավարությանը եւ ամեն ինչում մեղադրում նրան»: Նա հիշեցրեց, որ նման հարցերով կարելի է դիմել նաեւ քաղաքապետարան, որի բալանսում է գտնվում նշյալ հանրակացարանը: «Այնպիսի տպավորություն է, որ կառավարությունը փրկարար խումբ է»,- ասել է վարչապետը: Նա նաեւ տեղեկացրել է, որ 3 տարի առաջ կառավարությունը քաղաքապետարանին առաջարկել է հանրակացարաններում համատիրություններ ստեղծել, որից հետո իշխանությունները կբարեկարգեն շենքերը եւ կհանձնեն բնակիչներին: Իսկ բնակիչները չեն ուզում սեփականաշնորհել այդ խոնավ բնակարանները:

Մինչ օրս, սակայն, չի ստեղծվել որեւէ համատիրություն:

Նշենք նաեւ, որ որեւէ մեկնաբանություն չի տվել Առողջապահության նախարարության ներկայացուցիչը, այն դեպքում, երբ համաճարակի բռնկման եւ տարածման պատասխանատուն հենց այդ կառույցն է:

Այցելեցինք հանրակացարան՝ շենքային պայմաններին մանրամասն ծանոթանալու:

Հանրակացարանի յուրաքանչյուր հարկում երկու ընդհանուր զուգարան կա, որտեղ նույնիսկ լույս չկա, իսկ կոյուղին ու խմելու ջրի խողովակն իրարից չէին տարբերվում: «Ինչպե՞ս կարելի է այստեղ չվարակվել, երբ խմելու ջուրն էլ ենք զուգարանից հավաքում, որտեղ կոյուղաջրերն առաստաղից էլ են կաթկթում»,- ասում է բնակիչներից մեկը:

Շենքը կառուցվել է 1966 թվականին: Ժամանակին այդտեղ Ղարմետաքսկոմբինատի հանրակացարանն էր: Տիկին Արեւն արդեն 40 տարի հանրակացարանում է բնակվում: Երեխաներ են այստեղ ծնվել, իր թոռները: «Այն ժամանակ տարին երկու անգամ կոմբինատը գալիս էր` վերանորոգումներ էր անում, բոլոր պրոբլեմները լուծում էր: Հիմա անտեր ենք, չգիտենք՝ ում դիմենք», – ասում է Ղարմետաքսկոմբինատի հին աշխատակիցը:

Բնակիչներից ոմանք փաստեցին, որ մի քանի տարի առաջ էլ վարչապետն էր եկել ու ասել, որ հանրակացարանի հարցը մեկ տարվա ընթացքում կլուծվի, «սակայն մինչ օրս ոչինչ չի արվել»: Երիտասարդներից մի քանիսը հայտնեցին, որ չեն վստահում իշխանություններին, որոնք ամեն մի ընտրությունից առաջ խոստումներ են տալիս, իսկ հետո ոչինչ չեն անում: «Հիմա էլ խոսում են Սահմանադրության հանրաքվեի մասին: Ի՞նչ Սահմանադրության հանրաքվե, թող մեր հարցը քննարկեն, է՜, մեր հարցը»,- ասաց տարեց մի կին:

Շենքի պատերը խոնավությունից փլվում են, քանի որ նկուղը ջրով լցված է: Իսկ սենյակների վերանորոգումն էլ օգուտ չի տալիս՝ մի քանի օր է դիմանում: «Քանդման ենթակա է շենքը, բայց չեն քանդում, որովհետեւ մեզ պետք է բնակարանով ապահովեն, իսկ դրա համար, ասում են, փող չկա: Իսկ Ազգային ժողովի ու կառավարության համար ի՞նչ փողերով են շենքեր սարքում»,- իրենց վրդովմունքն այսպես են արտահայտում հանրակացարանի բնակիչները: «Իսկ իրենք կապրե՞ն այսպիսի պայմաններում: Մի քանի պաշտոնավոր մարդկանց կանանց ու երեխաներին պետք է բերեն ու այստեղ մի քանի օր պահեն, տեսնենք՝ ինչ կասեն»,- ասում է երիտասարդներից մեկը:

Ի դեպ, հանրակացարանում տիրող վիճակի մասին հարցը բարձրացրել է նաեւ «Միասնություն» մարզամշակութային երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչը՝ վերջերս, Երիտասարդության համաշխարհային օրվա նախաշեմին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպման ընթացքում: ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հավաստիացրել է, որ մի քանի ներկայացուցիչ կուղարկի դեպքի վայր, եւ ուսումնասիրություն կկատարեն, սակայն մինչեւ հիմա, մեր տվյալներով, դեռ ոչ ոք չի այցելել հանրակացարան: