Կարմիր բլուրում հայտնաբերված «պանրագործարանն» ու պարզունակ կաղապարները վկայում են, որ Հայաստանում պանրի արտադրության հիմքերը դրվել են դեռեւս հնագույն ժամանակներում: Իսկ առաջին գործարանները հիմնադրվել են 19-րդ դարի երկրորդ կեսին Լոռիում եւ Ախալքալաքում: Խորհրդային Միությունում պանրի արտադրությամբ Հայաստանը գրավում էր չորրորդ, իսկ «ռոկֆոր» եւ աղաջրային տեսակների արտադրության ծավալներով՝ առաջին տեղերը:
Պանիր արտադրվել է Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում, եւ Խորհրդային Հայաստանի կաթի վերամշակման արդյունաբերությունն ունեցել է հիմնականում պանրագործական ուղղվածություն: Վերջին տարիներին պանրագործությունը Հայաստանում նորից սկսեց ծավալվել: Եթե 2004թ. արտադրվել է ընդամենը 5000 տոննա պանիր, ապա 2006թ. 9 ամիսներին՝ մոտ 11.000 տոննա: Թեպետ վիճակագրական այս տվյալները դժվար թե ոլորտի արտադրողունակությունը ճիշտ ներկայացնեն: Եվ կարծիք կա, որ մյուս բոլոր ոլորտների նման այստեղ էլ արտադրության 60-70 տոկոսը ստվերում է: Մանավանդ, որ գյուղացիական շատ մանր տնտեսություններ պանիր են պատրաստում նաեւ վաճառելու համար: Ամռան ամիսներին առեւտրականներն օրական 1,5-2 տոննա պանիր են տեղափոխում Վրաստան՝ հիմնականում շրջանցելով մաքսային հսկողությունը:
Այսօր չկան պանրի արտադրության խոշոր գործարաններ, բայց կան շատ արտադրամասեր՝ մոտ 8 տասնյակի հասնող: Թերեւս այս ոլորտում հարմար եւ տնտեսապես ավելի շահավետ է եղել մանր ձեռնարկությունների գործարկումը: Մանավանդ, որ այժմ Հայաստանի արտադրությունը ստիպված է բավարարել միայն տեղական շուկան, որը շատ փոքր է եւ գործունեության լայն հնարավորություն չի տալիս: Անցած 9 ամիսներին արտահանվել է ընդամենը 728 տոննա պանիր:
Պանրագործությունը Հայաստանում սկսեց փոքր-ինչ այլ որակ ստանալ, երբ այդ ոլորտով սկսեցին հետաքրքրվել միջազգային կազմակերպությունները: Օրինակ, Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնը՝ CARD-ը, որը ԱՄՆ Գյուղդեպարտամենտի աջակցության ծրագիրն է: Այս կազմակերպությունները ձեռներեցներին վարկեր են տրամադրում եւ արտադրությունը կազմակերպելու համար պահանջներ ներկայացնում: Նրանք նաեւ օգնում են արտասահմանում շուկաներ գտնել: Թեպետ այդ շուկաները մեր պանրագործների համար շահույթ առանձնապես չեն ապահովում: Հիշենք այծի պանիր արտադրող «Սելիմ» ընկերությանը, որից ամերիկացի գործընկերը 1 կգ-ն գնում էր 6 դոլարով: Բայց այդ նույն պանիրն Ամերիկայում վաճառվում է մոտ 48 դոլարով: Ինչեւէ, պանրագործությունը կարծես թե իր տիրույթը Հայաստանում ընդլայնում է, բայց դեռ վաղ է ասել, որ մենք ունենք ավանդական եւ որակյալ պանրի արտադրություն: Խանութներում վաճառվող տեղական ոչ բոլոր պանիրներն են որակյալ: Իսկ շուկաներում վաճառվող պանիրն էլ շատ հեռու է որակյալ կոչվելուց: Այնուամենայնիվ, մեր կողմից պանրի հայրենիք հռչակված Հայաստանն ինչո՞ւ չի կարողանում որակյալ պանիր արտադրել: Իհարկե, արտադրողներն այս մտքի հետ համաձայն չեն, բայց որոշ վերապահումներով ավելացնում են, թե նոր տեխնոլոգիաների եւ սարքավորումների ներմուծումը շատ թանկ արժի: Նրանք նաեւ պատճառաբանում են, թե որակյալ պանիր արտադրելը թանկ հաճույք է. դրա գնորդները Հայաստանում շատ քիչ են: Այսինքն, արտադրողները դեռ հարմարվում են պահանջարկին՝ սպառողների գրպանի հնարավորությանը, դեռ չեն կարողանում որակ թելադրել: Բացի այդ, այսօր չկա ոլորտը վերահսկող կոնկրետ կառույց: Խանութներում ու շուկաներում որոշակի վերահսկողություն է իրականացնում Որակի տեսչությունը կամ սանէպիդկայանը: Բայց այս երկու կառույցների գործունեությանը մենք ծանոթ ենք եւ գիտենք, որ դրանց դերն ու նշանակությունը մեր կյանքում առանձնապես մեծ չէ: Այսօր տնային տնտեսություններն իրենց արտադրած պանիրն առանց որեւէ արգելքի կարող են հանձնել վաճառքի` խանութներին եւ շուկաներին: Թվում է, թե Գյուղատնտեսության նախարարությունն ինչ-որ վերահսկողական գործառույթ պետք է ունենար: Բայց այնտեղից մեզ պատասխանեցին, որ սննդի վերամշակման ոլորտում իրենք ոչ մի պարտադրող կամ վերահսկող ֆունկցիա չունեն: Նրանք նաեւ տեղեկացրին, որ ՀՀ կառավարությունը ծրագրում է ստեղծել մի կառույց, որը կապահովի սննդի վերամշակման անվտանգությունը: Սա եվրոպական կառույցներից եկած պահանջ է ու պարտադիր է արտահանում ունենալու եւ եվրոշուկա մուտք գործելու համար: Իսկ մինչ այս կառույցի ստեղծվելը մենք կշարունակենք օգտագործել թույլ վերահսկողությամբ արտադրված սնունդ, այդ թվում եւ` պանիր:
Շուկաներում վաճառվում է հիմնականում տնայնագործական պանիրը, որի 1 կգ-ն արժե 500-1200 դրամ: Դա համարվում է երեսքաշ՝ անյուղ պանիր: Խանութներում վաճառվում է գործարանների պանիրը, որի գինը սկսվում է 1400 դրամից: Վերջերս արտադրվող նոր տեսակները՝ էլոլա, սուլուգունի կամ մոցարելլա, բավական թանկ արժեն եւ ոչ բոլորի համար են հասանելի: Չենք կարող պնդել կամ հերքել, թե գործարանում արտադրվածն ունի յուղայնության, սննդարարության բավարար չափանիշ: Պարզապես փորձում ենք հավատալ մեր արտադրողներին, թե պիտակի վրա մակնիշվածը ճիշտ ցուցանիշ է: Կարելի է ասել, որ այս պանիրներն իրենց գների պատճառով մեր սպառողներին հարմար են միայն համտեսելու համար: Իսկ հայերն ավանդաբար պանրով բրդուճ ուտող ժողովուրդ են եւ չեն կարող իրենց թույլ տալ ամեն անգամ սուլուգունի կամ շվեյցարական պանիր ուտել:
Հետաքրքիր են նաեւ պանրի հետ կապված վիճակագրական տվյալները: Նշեցինք, որ անցած 9 ամիսներին արտադրվել է 11 հազար տոննա պանիր, որից 728 տոննան արտահանվել է: Բայց ներմուծվել է 435 տոննա պանիր: Այս թվերն իրար գումարելուց, հանելուց եւ բաժանելուց ստանում ենք մի պատկեր, ըստ որի` անցած 9 ամիսներին ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կերել է ընդամենը 3,5 կգ կամ ամսական 430 գրամ պանիր: Բայց նորից հիշենք, որ մենք ավանդաբար բրդուճ ուտող ժողովուրդ ենք, եւ 430 գրամը 1 ամսվա համար շատ քիչ է: Այստեղից կարելի է ենթադրել, որ վիճակագրական տվյալներն այնքան էլ ճիշտ չեն: Բացի այդ, շատ հետաքրքիր են պանրի արտահանման ու ներկրման տվյալները: Այս տարի արտահանվել է 728 հազար տոննա ընդհանուր 1 մլն 131 հազար դոլարի արժողությամբ պանիր: Այս թվերից էլ կարելի է հասկանալ, որ արտահանված պանրի 1 կգ-ն արժե 1,5 դոլար կամ 590 դրամ: Այս ցուցանիշներին էլ դժվար է հավատալ, որովհետեւ արտահանվում է համեմատաբար որակյալ պանիրը, որը մեր խանութներում 2000 դրամից ավելի արժե: Հնարավո՞ր է արդյոք հավատալ, որ արտահանված պանիրը տեղում արժե 590 դրամ, կամ էլ արտահանում են ինքնարժեքից ցածր գներով: Դժվար է հավատալ: Այստեղ էլ կարելի է ենթադրել, որ մաքսային ձեւակերպումների ժամանակ իրական արժեքն են ցածր գրել՝ հարկերից ու տուրքերից խուսափելու համար: Նույն վիճակն է նաեւ ներկրման դեպքում: Այստեղ էլ թվաբանությունը ցույց է տալիս, որ ներմուծված պանրի 1 կգ-ի միջին գինը 3 դոլար է կամ 1130 դրամ: Նորից չենք կարող հավատալ, որովհետեւ խանութներում 2500 դրամից պակաս գնով ներկրված պանիր չկա: Ստիպված ենք չհավատալ մաքսային ձեւակերպումներին եւ հավատալ այն կարծիքին, թե պանրի արտադրության 60-70 տոկոսը ստվերում է: