Բորիս Ելցինի նախկին խորհրդական, հանրահայտ սոցիոլոգ Մարկ Ուռնովը վերջերս
մի զեկույց է կազմել, որը կրում է «Ռադիկալ ավտորիտարիզմի սինդրոմը
ռուսական զանգվածային գիտակցության մեջ» վերնագիրը։ Զեկույցը մեծ
իրարանցում է առաջացրել հասարակության տարբեր շրջանակներում։
«Le Figaro» ֆրանսիական պարբերականին տված հարցազրույցում Մարկ Ուռնովը
մասնավորապես ասել է. «Ռուս հասարակությունն ավտորիտարիզմի, ագրեսիվ, ես
կասեի՝ նույնիսկ ֆաշիզոիդ, ազգայնականության ահռելի ներուժ ունի։ Այն
արտահայտվում է այլազգիների նկատմամբ կատաղի քսենոֆոբիայով։ Դրանք
կովկասցիներն են, չինացիներն ու հրեաները։ Ինչ վերաբերում է Արեւմուտքին,
այս դեպքում քսենոֆոբիան գաղափարական է։ Սրա արմատները գալիս են
խորհրդային ժամանակներից, երբ Արեւմուտքի մարդու նկատմամբ միաժամանակ
գործում էին թերարժեքության եւ գերազանցության բարդույթներ»։
– Հարցվածների 70%-ը գտնում է, որ նրանք, ովքեր խանգարում են նախագահին
իրականացնել իր քաղաքականությունը, Ռուսաստանում տեղ չունեն,- ասում է
ռուս սոցիոլոգը եւ ավելացնում, որ սոցիալական տարբեր շերտերի կարծիքների
տարբերությունն աննշան է։
Ինչ վերաբերում է մտավորականությանը, Ուռնովի կարծիքով, բարեփոխումների
շրջանում այն կորցրել է իր կարգավիճակը։ Խորհրդային գաղափարաբանությամբ
դաստիարակված մտավորականները չեն կարողանում կողմնորոշվել դաժան շուկայի
աշխարհում։ Նրա կարծիքով, սա շատ վտանգավոր է, քանի որ Ռուսաստանում չի
մնում սոցիալական մի դասակարգ, որը կարող է ժողովրդավարական եւ ազատական
գաղափարների կրող լինել։
«Le Figaro»-ի հարցին, թե այս ամենը կարո՞ղ է վերաճել ֆաշիզմի, Մարկ
Ուռնովը պատասխանում է. «Այդպիսի վտանգ կա։ Որոշ քաղաքական ուժեր արդեն
պատրաստ են այդ սցենարին։ Քաղաքական համակարգն ու բնակչության
տրամադրությունները զարգանում են շովինիզմի ուղղությամբ։ 80-ականներին այդ
ծայրահեղական հայացքները ներկայացնում էին բացարձակապես մարգինալ
կազմակերպություններ, ինչպես օրինակ, «Պամյատը»։ Եվ հասարակությունը նրանց
ստիպում էր լռել։ Այսօր էստաֆետը վերցրել են սքինհեդները, որոնք սպանում
են օտարերկրացիներին եւ աճող ուժ են ներկայացնում, բայց ոչ ոք չի
արձագանքում այդ երեւույթին»։
Մարկ Ուռնովը գտնում է, որ կայսերական ազգայնականությունը, որի մենաշնորհը
պատկանում էր Ժիրինովսկուն, սահուն կերպով փոխանցվել է «Ռոդինա»
աջ-արմատական կուսակցությանը, որը գլխավորում է մեծ հեռանկարներ ունեցող
քաղաքական գործիչ Դմիտրի Ռոգոզինը։ Իսկ Կրեմլը, սոցիոլոգի կարծիքով,
խաղալով կայսերական կարոտախտի վրա, մեծապես նպաստել է հակակովկասյան եւ
հակաարեւմտյան տրամադրությունների աճին։ «Ղեկավարող նոր թիմը, որը
հիմնականում կազմված է հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցներից, չի
կարողանում հաղթահարել խորհրդային սինդրոմը։ Նրանք ապրում են
սլավոնաֆիլական առասպելներով ու երազում արեւմտյան զարգացման ճանապարհից
տարբեր մի երրորդ ուղու մասին»։
Տ.Պ.