Հետաքրքիրն այն է, որ վարորդներից մի քանիսն իրենց տեսակետն արտահայտելիս օգտագործեցին հետեւյալ արտահայտությունը՝ «Ձուկը գլխից է հոտում»: Մինչդեռ նրանց բնորոշմամբ՝ դպրոցների հոտելու աղբյուրը, այսինքն՝ ձուկը, դպրոցականների ծնողներն են, ովքեր ամեն ինչ անում են երեխաներին «փչացնելու» համար:
Պարզապես նշենք, որ բժշկական կրթությամբ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը վերջերս այս թեւավոր խոսքի մեջ մասնագիտական ճշտում կատարեց, ասելով, որ իրականում ձուկը ոչ թե գլխից, այլ աղիքներից է հոտում:
«Ես էնքան վրդովված եմ, որովհետեւ դպրոցից դուրս եկող մամաներից շատերը մայմունների նման են իրանց պահում: Նենց են հագնվում, քսվում դպրոց գնալիս, կարծես գնում են միջազգային պոդիումների վրա մոդա ցույց տալու: Չեն մտածում, որ երեխեքին իրանց վարքով օրինակ են ծառայում: Նախ` գնում են վարսավիրանոց` ֆենվելու, քսվելու, հետո նոր` երեխուն դպրոցից վերցնելու: Ես մի հատ պատվիրատու ունեմ, որ գնում, կանգնում ա դպրոցի դռան դիմաց ու բջջայինով զանգ ա տալիս, որ երեխեն դուրս գա ընդառաջ, բայց երեխեն մի 10 մետր էն կողմ՝ իրան ա սպասում: Էնքան ձեւական ու ֆալշ են, չես պատկերացնում: Եվ հետո, ասեմ, որ իրանց ձեւերով նաեւ ստորացնում են ուսուցիչներին: Շատ ցուցադրական են դարձել մեր կանայք»,- ասում է վարորդ Սամվելն ու հավելում, որ կրթական համակարգի մասին կարծիք չի հայտնի, քանի որ դպրոցական երեխաներ չունի, իսկ «մամաների պահվածքից վառված է»: Վարորդ Գեւորգը կրթական ոլորտի մասին խոսելիս միշտ պատկերացնում է Կրթության եւ գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանին: «Էդ ամենամեծ խնդալու պատմությունն էր, որ կատարվեց մեր իրականության մեջ: Կարծեմ հիմա էլ նախագահի խորհրդական ա, չէ՞, գոնե պաշտոն չտային, թե չէ՝ շատ խնդալու ա… «Կարծիք» հաղորդումն իրա ճակատագիրն ա, մեկ ա` մի օր էլի գնալու ա հին տաշտակին: Ինքն ընդամենը իրա ներկայությամբ փչացնում ա էդ ոլորտները, որովհետեւ, եթե ժուռնալիստ ա, թող գնա իրա գործով զբաղվի: Ես նրա հարցազրույցներից շատերն եմ նայել ու հասկացել եմ, որ բացարձակ չգիտի, թե ուր ա ընկել: Սերգո Երիցյանի համար երկնքից 3 խնձոր ընկավ, մեկը՝ Կրթության նախարարի պաշտոնն էր, մեկը` նախագահի խորհրդականինը, մյուսն էլ, եթե Աստված ողորմած լինի՝ գոնե թող կրթական ոլորտից հեռու տանի, թե չէ սերունդ ա կրթվում, հո հանաք բան չի՞: Էս նոր նախարարն ինձ վրա լավ տպավորություն ա թողնում, գրագետ ու տեղեկացված ա: Հույսեր կան, որ գոնե սա ազնվություն կունենա, էդ կոռուպցիան կվերացնի»,- ասում է Գեւորգը:
Բոլորս գողանում ենք, բայց ուրիշներին ենք մեղադրում
Համալսարանի ուսանողուհու պապիկ` վարորդ Մհերը թվարկում է, թե քննությունների ժամանակ իր թոռնիկն ինչ գներով ինչ գնահատականներ է ստանում. «Ես մենակ դասախոսներին չեմ մեղադրում: Իմ կռիվն իմ թոռան հետ ա, որովհետեւ 2 տարի մեծ փողեր ծախսեցինք, որ մասնավոր պարապի, մի կերպ ընդունվեց, հիմա էլ սովորելու փոխարեն հույսը դրել ա ծնողների աշխատած 2 կոպեկի վրա: Ես վիճում, ասում եմ, որ իրա ընդունվելն ինքնանպատակ ա, որովհետեւ սովորելու, կրթվելու, լավ մասնագետ դառնալու ձգտում բացարձակ չունի: Սովորելու ձգտում չունեցող երեխու ընդունվելը սխալ բան ա, որովհետեւ էն իսկական գիտելիքների տիրապետողն իր նմանների պատճառով դուրս ա մնում: Էսօր ամենահեշտ բանը դարձել ա մարդկանց կաշառակերության մեջ մեղադրելը: Բոլորը կաշառք են վերցնում, բայց ուրիշներին են մեղադրում: Իմ տղան դասախոսներին կաշառք ա տալիս, որ իրա երեխեն դիպլոմ ստանա: Բայց ես իրան եմ մեղադրում, որովհետեւ նույն դասախոսը խելացի երեխուց չի վերցնում, ուզած-չուզած լավ գնահատական ա դնում: Կոռուպցիան շահարկելով` բոլորն իրար վարկաբեկում են: Հիմա դուք լրագրող եք, բայց լրագրողների կաշառակերության մասին էլ են շատ խոսում: Ինչո՞ւ էդ մասին չեք գրում: Բոլոր թերթերով խայտառակում եք կաշառք վերցնողներին, բայց դուք էլ եք վերցնում: Ես կարամ ամենահասարակ բանվորից սկսած, երկրի նախագահից վերջացրած՝ վարկաբեկեմ, ասեմ, որ կոռուպցիա են անում: Բայց ես հո էնքան ազնիվ եմ, որ իմ համար էլ կարամ ասեմ, որ հես ա, մեքենայից իջաք, թե չէ՝ ձեզ խաբելու եմ»,- ասում է վարորդ Մհերն ու վստահեցնում, որ տաքսու վարորդների եկամուտը գոյանում է խաբելուց եւ ուղեւորների տված «չաեւոյներից»: «Ես սկզբում, երբ ընդունվեցի աշխատանքի, ներվայնությունից գիշերները չէի քնում, որովհետեւ ծանոթանալով վարորդների խաբելու վարպետությանը` ինձ վատ էի զգում: Ասում էի՝ ես չեմ կարա մարդկանց խաբելով փող աշխատեմ: 10 օր չխաբեցի, 20 օր չխաբեցի, բայց հասկացա, որ իմ վրա դրած պլանն իմ աշխատածի չափ ա, ու ես փող չեմ տանում տուն: Ստիպված սկսեցի խաբել, ավել գումար կրակել: Տաքսու վարորդները մի որոշ ժամանակ աշխատելով լավ տիրապետում են էդ մեխանիզմներին: Հիմա կմտածես` ուղեւորը հաշվիչին նայելով գլխի կընկնի, որ կիլոմետրերի մեջ ավել գումար ես ասում: Բայց տաքսու վարորդն էնքան միամիտ չի, որ ջոկող ուղեւորին խաբի: Մի քանի անգամ խաբող մարդը լավ հասկանում ա ուղեւորի հոգեբանությունը, հիմա դու հետեւում նստած ես, բայց ես գիտեմ՝ դու հաշվո՞ղ ուղեւոր ես, թե՞ էդ 100-200 դրամի վրա թքած ունես ու չես էլ նայում հաշվիչին: Ուզում եմ ասել, որ բոլոր ոլորտներում էլ կաշառակերությունը, կոռուպցիան կա: Օրինակ, ես կարդում եմ մեր վարորդների մասին քո հոդվածները: Շատերը «վառում են», թե միլիցեքին ինչքան փող են տալիս, բայց ես էդ ստորություն եմ համարում, որովհետեւ էդ ասողներն էլ ուղեւորներից են վերցնում: Այսինքն՝ ես քեզնից գողանում եմ ու տալիս եմ ուրիշին: Դրա համար են ասում՝ գողացածը մարդու վրա չի նստում: Ո՞նց մեղադրես միլիցուն, ասես, թե խի՞ ես վերցնում, երբ դու էլ ես նույնն անում: Ուրեմն՝ կամ պիտի ես էլ, դուք էլ սսկվենք, կամ էլ գործնականում դրա դեմն առնող միջոցներ պետք է գտնվեն: Կրթության ոլորտը մեր ազգի համար շատ կարեւոր ա, սերունդ ա կրթվում: Ես չէի ուզենա, որ հեղինակազրկեիք մեր ուսուցիչներին, դասախոսներին, որովհետեւ իմ թոռնիկի նմանները շատ են, ու ավելի լավ ա` ուսանողներին քննադատեիք, որ ծնողներին խեղդում են, կլպում են, փողով գնահատական են ստանում, ու էդ օժիտի համար ստացած դիպլոմն ամբողջ կյանքում պետք չի գալիս»,- իրավացիորեն խորհուրդ է տալիս վարորդ Մհերը:
1-ին դասարանցին սնանկացրել է
Վարորդ Դավիթի տղան այս տարի դպրոց է գնացել, որի պատճառով ինքը՝ Դավիթը սնանկացել է: «Էդքան որ ասում էին՝ ես չէի պատկերացնում, գիտե՞ք: Սեպտեմբերից 2 ամսից ավելի ա անցել, բայց ես որ հաշվեմ, թե մանր-մանր ինչքան եմ ծախսել… երեւի հարյուրավոր դոլարների կհասնի: Հլը նոր ա երեխեն դպրոցում ոտք դրել, արդեն զգուշացրել են, որ դպրոցը ֆոնդ ունի, ու ծնողները պիտի գումարներ տան ֆոնդի համար: Մի օր ֆոնդից պիտի հավաքարարին տան, մի օր պիտի դասարանը վերանորոգեն, մի օր երեխեքի վրա տոմս սաղացնեն: 1-ին դասարանցու վրա եթե էդքան ծախսեմ, բա մյուս հոգսերս ինչո՞վ հոգամ,- հարցնում է բարկացած վարորդը ու նկատում,- Հես ա, տոնական օրերն էլ որ եկավ, լրիվ քաշվելու ենք: Նոր տարուն փող կհավաքեն, մարտի 8-ին, ապրիլի 7-ին կհավաքեն, Ուսուցչի տոնին կհավաքեն… Բայց ի՞նչ անես, չտաս՝ երեխեդ վատ կզգա: Տղաս ասում ա, որ ով հավաքվող գումարներին չի մասնակցում, ուսուցիչները քիթմռութ են անում: Մյուս երեխեքն էլ սկսում են ծաղրել, թե` սրանք աղքատ են՝ փող չեն տալիս: Ասեմ քեզ, որ ծնողներն իրանք էլ են ճնշում, ասում են՝ խի՞ պիտի ես տամ, դու չտաս: Մի խոսքով՝ ահավոր վիճակ ա: Մտածում եմ՝ ինչքան երեխես փոխադրվի բարձր դասարան, էնքան իմ ծախսերը մեծանալու ա: Ես մի օր քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի հարցազրույցն էի լսում լուրերով: Ասում էր, որ էդ դրամահավաքությունը պիտի կամավոր լինի, այսինքն՝ ծնողը կուզի` կտա, չի ուզի՝ չի տա: Բայց ինքը չգիտի՞, որ հոգեբանական նենց վիճակ են ստեղծել, որ ոչ ծնողը, ոչ էլ երեխեն չեն կարող չտալ: Հա՛, քեզ դուբինկով չեն խփում, ասում՝ պետք ա տաս, բայց ավելի վատ ձեւով ճնշում են, որ մեռնես էլ, սոված մնաս էլ՝ հավաքվող գումարը պիտի տաս»,- վկայում է Դավիթը:
«Մեր մանկավարժները նվիրյալներ են»
Վարորդ Արթուրը երկար տարիներ Մոսկվայում է ապրել, եւ իր 2 երեխաներն ուսանել են Մոսկվայի դպրոցներում: Հայաստան վերադառնալով՝ երեխաներին ընդունել է Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոց: «Կարող է իմ կարծիքը ձեզ շատ զարմացնի, բայց ես եւ կինս շատ գոհ ենք այդ դպրոցից: 1 տարի է, ինչ երեխաներս այդ դպրոցում են սովորում եւ էդ ընթացքում երբեւէ չեն եկել-ասել, թե էսքան գումար են հավաքում, պիտի մենք էլ տանք: Ամենայն անկեղծությամբ եմ ասում, որ մինչեւ օրս ես ոչ մի կոպեկ չեմ տվել: Իմ երեխաները սովորելով ռուսական դպրոցում` շատ առարկաներից ետ էին ընկել, ու մենք մտավախություն ունեինք, որ էդ բացթողումը վատ կանդրադառնա իրենց վրա: Բայց ուսուցիչներն էնքան խղճով ու սրտացավորեն են մոտենում, որ ամեն ինչ անում են երեխեքի բացը լրացնելու համար: Ես ձեզ անկեղծ եմ ասում, որ հայերեն, ֆրանսերեն, անգլերեն լեզուները շաբաթը 2-3 անգամ հավելյալ պարապում են երեխեքի հետ, առաջ են գցում անվճար հիմունքներով, առանց որեւէ բան ակնկալելու: Ես շատ կխնդրեի, որ իմ ասածները տպեիք, որովհետեւ իսկապես էդ մարդիկ նվիրյալներ են: Թե էդ գիտելիքներով կկարողանան հետագայում բուհ ընդունվել՝ չեմ կարող ասել, բայց իմ երեխաների ստացած վատ գնահատականը դա 4-ն ա: Ինձ շատ դուր ա գալիս էդ դպրոցի խստությունը, երեխեքին շատ բաներ թույլ չեն տալիս: Տնօրենը շատ կազմակերպված ա, եւ ուսուցչական կոլեկտիվն էլ շատ առողջ կոլեկտիվ ա: Օրինակ՝ տարրական բաներ կան, որ երեխեքից պահանջում են, ու դա շատ ճիշտ ա: Աղջիկս իրավունք չունի ականջօղերով դպրոց գնալ, կամ սեւ ու սպիտակից բացի` ինչ-որ խայտաբղետ հագուստ հագնել: Ավելին ասեմ, դպրոցի հաշվին երեխեքին տանում են թանգարաններ, թատրոններ, պատկերասրահներ: Ես շատ կուզենայի, որ առաջվա լավ սովորությունները հիմա էլ կիրառվեին, օրինակ՝ համազգեստի հարցը: Իսկ հիմա շատ դպրոցներ գիտեմ, որ աղջիկները պայուսակները բացում են՝ կոսմետիկա, բջջային ու չգիտեմ ինչեր են հայտնաբերում գրքերի փոխարեն: Էդ շատ վատ դաստիարակություն ա: Երեխեքս պատմում են, որ մեկ-մեկ պահակին խնդրում են դռները բացել, որ գնան, կողքի արտադրամասից թարմ խաչապուրի, պոնչիկ առնեն: Պատմում են, որ անպայման իրանց առածը ցույց են տալիս, որ պահակը հավատա՝ ինչի համար էին դուրս եկել, էդ խստությունն ինձ շատ ա դուր գալիս: Եթե խաբում են՝ տնօրենը վայրկենական տեղեկանում ա: Հարցն էն ա, որ երեխեն դպրոցից դուրս ա գալիս, բայց ամեն դեպքում դպրոցի հսկողության տակ ա: Շատ կարեւոր ա, որ դպրոցը քո երեխայի համար պատասխանատվության մեծ զգացում ունի»,- ասում է Դավիթը:
Ուստա Հակոբը հեռվից ժպտալով է ինձ դիմավորում, որովհետեւ սիրում է, երբ իր խոսքը տեսնում է մեր թերթի էջերում: Կրթական ոլորտի վերաբերյալ իմ հարցմանն ի պատասխան` ասում է. «Փաստորեն կրիմինալից անցանք կոռուպցիայի, բայց երկուսն էլ նույնն են, ուղղակի ես սովորող երեխա, թոռնիկ չունեմ, դրա համար էլ էսօր քո աչքին շատ համեստ կթվամ: Էսօր տնօրենի պաշտոնն էլ ա փող, ուսուցչի աշխատատեղն էլ ա փող: Մարդիկ փող են տալիս, գործի են ընդունվում ու հետո էլ երեխեքի հաշվին էդ փողը հանում են: Կրթությունը, բալես, ազնիվ բան ա, ես շատ բան չգիտեմ ու չեմ ուզի իմ անխելք գլխով դատողություն անեմ: Որ հետո չասես՝ ուստա Հակոբն իմանա-չիմանա` իմ հարցերին պատասխանում ա: Ես հո Արշակ Սադոյա՞նը չեմ, որ ամեն հարցի մասին բղավեմ»,- կատակում է ուստա Հակոբն ու առաջարկում այս անգամ ինքը հարցեր տա: Ինձ հրաժեշտ տալիս էլ ծիծաղելով ասում է՝ «Հես ա, գնամ, ասածներդ սաղին պատմեմ: Էդ ո՞նց ա, որ իմ կարծիքը դարձնում ես հրապարակային, իսկ քոնը՝ չէ: Թե ի՞նչ ես գտել 60 տարեկան բիձու մեջ, որ տենց աստղ ես սարքում, կարծիքս գրում ես: Բայց գիտես, չէ՞, որ պատվեր ես տալիս` սաղս քյալլա ենք տալիս, գիտենք, որ թերթի մեջ ենք ընկնելու: Որ զանգում ես, ասա՛` ուստա Հակոբին ուղարկեք»: