Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի դպրոցի 2002 թվականի սեպտեմբերին տրված սեփականության վկայականի հատակագծում հստակ գծագրված է 3 կառույց` դպրոցի մասնաշենքը, ջեռուցման կաթսայատունը եւ կիսակառույց մի շինություն: Վերջինիս հիմքը դրվել է դեռ 1981-82 թվականներին, սակայն այդպես էլ մինչեւ վերջ չի կառուցվել: Իսկ 2002 թվականի նոյեմբերին Կոտայքի մարզպետարանից դպրոցին ուղարկված «Սեփականության իրավունքով հատկացվող գույքի փոխանցման ակտում» դպրոցի հաշվեկշռում առկա են նշված բոլոր կառույցները: Այսօր այս կառույցներից երկուսն ուրիշի սեփականությունն են:
2003 թվականի հոկտեմբերից մինչ այսօր Պռոշյանի ազատամարտիկ Պետրոս Ղեւոնդյանի անվան հանրակրթական դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Արմեն Խաչատրյանը պայքարում է դպրոցի ունեցվածքը վերադարձնելու եւ այն ժամանակվա տնօրենի անօրեն գործողությունները բացահայտելու ուղղությամբ: «Բոլոր պետական ատյաններին դիմում-բողոքներ եմ ուղարկել, բարձրացրած հարցերիս պատասխաններն եմ պահանջել: Վերջապես, այս երկրում ո՞վ պիտի պատասխան տա հասարակ քաղաքացիներին, ո՞վ է պետական ունեցվածքի տերը: Ինձ անհիմն հեռացրել են աշխատանքից, որ անօրինականությունները ծածկեն, ո՞վ պիտի այդ ապօրինություններին վերջ տա: Ասում են` թող ժողովուրդը մեզ օգնի, պայքարի իր իրավունքների համար: Հիմա ես պայքարում եմ, պաշտոնյաներին էլ դիմումներ եմ գրում, որ տեսնեն` ինչ է կատարվում, ինչ-որ լուծում տան, բայց լռում են կամ էլ աչք կապելու համար գործը խճճում»,- ասում է Պռոշյան գյուղի դպրոցի մաթեմատիկայի նախկին ուսուցիչ Արմեն Խաչատրյանը:
Արմեն Խաչատրյանը պետական եւ իրավապահ մարմիններից պահանջում է զբաղվել դպրոցի նախկին տնօրեն Դավիթ Դավթյանի` կեղծ ատեստատներ տալու, ինչպես նաեւ նախկին գյուղապետի օժանդակությամբ դպրոցի սեփականությունը հանդիսացող կառույցների (սպորտդահլիճ, կաթսայատուն եւ արհեստանոց) ապօրինի օտարման հարցերով: Նախկինում դպրոցի ամբողջ տարածքը կազմել է 6 հա, իսկ ներկայումս դպրոցին է պատկանում մոտ 1,73 հա: Մնացած 4,27 հա տարածքը սեփականաշնորհվել է տարբեր անձանց, այդ թվում եւ` նախկին գյուղապետ Վաչագան Սահակյանին: Վաչագան Սահակյանը 1998թ.-ին դպրոցի տարածքից սեփականաշնորհել է 2.700 քառակուսի մետր տարածք: Դպրոցի նախկին տնօրեն Դավիթ Դավթյանը կտրականապես մերժում է իր առնչությունն այդ շինությունների սեփականաշնորհմանը: «Նախկին գյուղապետն է կեղծ փաստաթղթեր ստորագրել, դասավորել ու սեփականաշնորհումն անցկացրել: Թող գյուղապետն էլ վերադարձնի կառույցները: Այո, տնօրեն եմ եղել, բայց ոչնչից տեղյակ չեմ եղել»,- ասում է Դավիթ Դավթյանը: Ներկայիս գյուղապետը, Արմեն Խաչատրյանի պնդմամբ, դպրոցին պատկանող արհեստանոցի շենքը, գյուղապետարանի հովանավորության ներքո, երաժշտական դպրոց դարձնելու պատրվակով վերանորոգել է ու սեփականաշնորհել: «Գյուղապետարանում ոչ մի արձանագրություն չկա, որ դպրոցին պատկանող տարածքները սեփականաշնորհվել են: Ընդհանրապես տեղյակ չենք, թե սեփականաշնորհման գործընթացն ինչպես է կատարվել եւ ինչ իրավական հիմքերով: Նախկին տնօրենի հետ խոսել եմ, բայց հստակ պատասխան չեմ ստացել: Իրականում այս հարցերով պետք է իրավապահ մարմինները զբաղվեն կամ էլ Կրթության նախարարությունը. ի վերջո, իր կառույցներն են: Խոսել եմ արհեստանոցի սեփականատերերի հետ, պատասխանել են, թե` ոչ մի փաստաթուղթ չենք տալիս, գնացեք ձեր հարցերը Դատախազությունից պարզեք»,- ասում է Պռոշյանի ներկայիս գյուղապետ Հրաչ Մուրադյանը: Դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչներից մեկը սեփական ուժերով վերանորոգել է սպորտդահլիճի մի հատվածը ու բնակվում է այնտեղ: Ուսումնափորձարարական տարածքները վերածվել են տնամերձ տարածքների: 350 աշակերտի համար նախատեսված դպրոցում այժմ մի քանի հերթով սովորում է մոտ 900 աշակերտ: Արմեն Խաչատրյանի` պետական գրեթե բոլոր ատյաններին գրած բազմաթիվ դիմումները ոչ մի արդյունք չեն տվել: Կրթության նախարարությունն Ա. Խաչատրյանին խորհուրդ է տվել դիմել իրավապահ մարմիններին եւ, իր գործն ավարտած համարելով, մի կողմ քաշվել: Մինչ Դատախազություն դիմելը Ա. Խաչատրյանը դիմում է մարզպետին: Մարզպետարանի երկու աշխատակից գալիս են, զրուցում նրա հետ, արձանագրություն կազմում ու հեռանում: Դիմումները հասնում են վարչապետին, օմբուդսմենին եւ ՀՀ նախագահին: Նախագահի կարգադրությամբ մարզպետարանը գործը քննելու համար հանձնաժողով է կազմում: Հանձնաժողովը որոշ ժամանակ անց պատասխանում է Ա. Խաչատրյանին, թե ստուգումներ են անցկացվել, ու հանգել են այն եզրակացության, որ որոշ կառույցներ քանդվել են, այլ ոչ թե օտարվել, ատեստատների կեղծ վաճառքն ապացուցող փաստեր չկան, իսկ ուսուցիչները հեռացվել են օպտիմալացման արդյունքում: Արմեն Խաչատրյանը կրկին դիմում է նախագահին` պահանջելով կրկնակի ստուգում: Երկրորդ անգամ արդեն հանձնաժողովը «պարզում է», որ դիմումի որոշ կետեր համապատասխանում են իրականությանը: Մասնավորապես, գտնվում են դպրոցի մի քանի շրջանավարտներ, ում անունով ատեստատ է գրանցված ու ստորագրված տնօրենի կողմից, սակայն վերջիններս չեն ստացել նշված ատեստատները: «Ես ատեստատներ չեմ վաճառել: Գուցե մեկ ուրիշն իմ ետեւից գործեր է կազմակերպել, մյուս ատեստատների հետ տվել է, ես էլ ստորագրել եմ»,- բացատրում է դպրոցի նախկին տնօրեն Դավիթ Դավթյանը: ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է, որ մինչեւ ուսումնական տարվա վերջ տնօրենը կհեռացվի, եւ այդ հարցով լուրջ ուսումնասիրություն կանցկացվի: Իսկ դպրոցին պատկանող շինությունների ապօրինի սեփականաշնորհման հարցի պարզաբանումը Կոտայքի մարզպետարանի գործն էր: Մարզպետարանն էլ գործը մի քանի ամիս ձգձգելուց հետո Ա. Խաչատրյանին պատասխանում է, թե նյութերը հանձնվել են Դատախազություն: Հետագայում Արմեն Խաչատրյանը Դատախազությունից պարզում է, որ մարզպետարանը Դատախազություն է ուղարկել միայն ատեստատների հարցը, իսկ կառույցների մասին` ոչ մի տող: Ա. Խաչատրյանը դիմում է դատախազին եւ խնդրում գործին կցել նաեւ ապօրինի սեփականաշնորհման փաստաթղթերը: Դրանից հետո մարզպետը դպրոցում տնօրենի գլխավորությամբ ժողով է կազմակերպում եւ հայտարարում, որ Արմեն Խաչատրյանը զրպարտությամբ է զբաղվում: «Տնօրեն Դավթյանը սկսեց հետապնդել ինձ եւ իր համախոհների հետ ամեն կերպ ջանում էր ինձ նկատողություններ տալ: Կարգի համաձայն` երկու նկատողության դեպքում հեռացում է նախատեսված»,- ասում է Արմեն Խաչատրյանը: Ի վերջո, տնօրենն իր նպատակին հասնում է, եւ Ա. Խաչատրյանին 2004 թվականի նոյեմբերին հեռացնում են դպրոցից: Վերջինս դիմում է Եղվարդի առաջին ատյանի դատարան: Դատարանը նրան վերականգնում է աշխատանքում: Տնօրենը դիմում է Վերաքննիչ դատարան, սակայն դատարանը վճիռ է կայացնում դարձյալ Արմեն Խաչատրյանի օգտին: Եվ մինչ Արմեն Խաչատրյանը զբաղված էր իր վերականգնման հարցերով, դատախազությունը պարզում է, որ դպրոցի տնօրեն Դավիթ Դավթյանն իսկապես 11 կեղծ ատեստատ է վաճառել: Կառույցների օտարման հարցով Դատախազությունը շարունակում էր լռել, իսկ ատեստատների վաճառքի մասով ոչ մի գործ չի հարուցվում` պատճառաբանելով, որ դա վաղուց է կատարվել, դրանից հետո բազմաթիվ ներումներ են եղել եւ, ընդհանրապես, շահադիտական նպատակներով չի արվել: Որոշ ժամանակ անց տնօրենը նորից երկու նկատողություն է գրում Ա. Խաչատրյանի անունով եւ նրան կրկին ազատում աշխատանքից: Արմեն Խաչատրյանը դիմում է Կոտայքի մարզպետին, եւ վերջինս խոստանում է ուսումնական տարվա վերջում քննարկել այդ հարցը: Մարզպետին նամակ է ուղղում նաեւ ՀՀ ԿԳ նախկին նախարար Սերգո Երիցյանը, որտեղ պահանջում է անհապաղ զբաղվել տնօրենի` պաշտոնում մնալու հարցով: Ի վերջո, երկար քաշքշուկներից հետո, 2006 թվականի մայիսի 3-ին տնօրենը, սեփական դիմումի համաձայն, ազատվում է պաշտոնից: Իսկ Արմեն Խաչատրյանին դպրոցում վերականգնելու հարցը ներկայումս նորից քննվում է դատարանում: Սեփական դիմումի համաձայն տնօրենի պաշտոնից ազատվելը Դ. Դավթյանին հնարավորություն է տալիս դպրոցում մնալ որպես ուսուցիչ: Այժմ նա ցանկանում է դառնալ փոխտնօրեն: Դպրոցի տնօրենն է մաթեմատիկայի ուսուցչուհի Աննա Մկրտչյանը: Վերջինս կտրականապես հրաժարվել է Դ. Դավթյանին փոխտնօրենի պաշտոն տալ: «Աբսուրդ կլիներ, եթե Դավթյանը փոխտնօրեն նշանակվեր, քանի որ նրա` դպրոցում ուսուցիչ մնալն արդեն իսկ անտրամաբանական է: Իսկ թե ի՞նչ գործընթացով են դպրոցին պատկանող կառույցները սեփականաշնորհվել, պարզ չէ ինձ համար: Ընդհանրապես, դպրոցը ոչ մի տեղեկություն չունի»,- ասում է Աննա Մկրտչյանը:
www.hetq.am