Հայրենիքը պատժում է օրենքով անմեղ իր տարագրին: Ինչո՞ւ

18/11/2006 Աշոտ ԲԼԵՅԱՆ

Հայաստանի Հանրապետության բանակի ձեւավորման, քաղաքացիների պարտադիր զինապարտության, Հայաստան-Ադրբեջան ռազմական հակամարտության արդյունքում հազարավոր երիտասարդներ, փաստ է, խուսափել են ժամկետային զինվորական ծառայությունից` առանց այդ ծառայությունից ազատվելու օրինական հիմքերի: Սա քրեական հանցանք է (ՀՀ քր. օր. հոդվ. 327):

Մյուս կողմից` 1992-2005թթ. հազարավոր օրինախախտ երիտասարդներ, շարունակելով գտնվել հետախուզման մեջ եւ թաքնվելով արդարադատությունից (փախած Հայրենիքից), մեծացել են, հատել ժամկետային պարտադիր զինծառայության տարիքային վերին սահմանը (27 տարեկան), ցանկության դեպքում անգամ` զրկվել իրենց քաղաքացիական պարտքը զինվորական ծառայությամբ հատուցելու հնարավորությունից եւ վերածվել են հայրենիքից անհեռանկար հեռացած տարագիրների` հայրենիքում հաճախ թողած տուն, ծնող, ընկերներ ու սեր: Ի՞նչ անել: Թվում է` Վահան Հովհաննիսյանի նախաձեռնությամբ կողմերին (պետություն, հասարակություն եւ քաղաքացիներ) ընդունելի լուծում գտնվեց: Ազգային ժողովը 2003թ. օրենք է ընդունել` «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին», իսկ 2005թ. օրենքը ենթարկել է փոփոխությունների: Այս օրենքով` 1992թ. նոյեմբերից մինչեւ 2005թ. հոկտեմբերը օրենսդրության խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ հետագայում 27 տարին լրացած քաղաքացիներին, օրենքով սահմանված վճարը մուծելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, տրվում է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցման մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը, ինչպես նաեւ` երբեմնի օրինախախտը ստանում է զինվորական գրքույկ եւ հաշվառվում է պահեստազորում: Վե՞րջ: Ուռա՞: Հայրենիքը մեծահոգի է, իր սայթաքած զավակներին ներել գիտի, որպեսզի մոլորյալ զավակները վերադառնան Հայրենիք եւ շենացնեն այն իրենց քաղաքացիական ծառայությամբ: Ցավոք, մեզ տեղյակ չեն պահում օրենքի կիրարկման արդյունքների մասին. ՀՀ քաղաքացի քանի՞ տարագիր կար, օրենքը ուժի մեջ մտնելու պահից (2004թ. մարտի 1-ից) առ այսօր նրանցից քանի՞սն է օգտվել օրենքից, որպես դրամական հատուցում` չմատուցված զինվորական ծառայության դիմաց որքա՞ն գումար է մուտք արվել ՀՀ Պաշտպանության նախարարության հատուկ հաշվին, ի՞նչ դժվարություններ են առաջացել ՀՀ օրենքի կիրարկումով: Շեշտում եմ` դժվարություններ, քանզի հիշյալ օրենքը քրեական օրենք չէ, իսկ արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը եւ քրեաիրավական այլ հետեւանքները որոշվում են միայն քրեական օրենքով, եւ քրեական օրենքն անալոգիայով կիրառելն արգելվում է (ՀՀ քր. օր., հոդվ. 6), իսկ հանցանք կատարած յուրաքանչյուր անձ ենթակա է ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված պատժի կամ քրեաիրավական այլ ներգործության: Սա քաղաքական որոշման արդյունքում ձեռք բերված եւ Օրենքի ուժ ստացած յուրատեսակ համաներում է եւ պիտի անխտիր տարածվի 1992-2005թ. սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած բոլոր քաղաքացիների վրա` անկախ զինծառայությունից խուսափման ճանապարհից, քաղաքացու քաղաքական հայացքներից, իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքից: Այս օրենքը հայտարարում է, որ 1992-2005թթ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, ովքեր խուսափել են ժամկետային զինվորական ծառայությունից (կատարել են հանցավոր արարք նախատեսված ՀՀ քր. օրենքի 327-րդ հոդվածով) անկախ խուսափելու ճանապարհից չի կարող կիրառվել ազատազրկումը որպես պատիժ, եթե քաղաքացին ՀՀ օրենքով սահմանված չափով վճարում է կատարում ՀՀ Պաշտպանության նախարարության հատուկ հաշվին: Եվ ահա` որպես Օրենքի փորձաքար, ունենք ՀՀ քաղաքացի Արման Բաբաջանյանի օրինակը (ծնված 1976թ.), ում 27 տարին լրացել է 2003թ., ով մինչեւ 2006թ. Լոս Անջելեսում հիմնադրել եւ հրատարակել է «Ժամանակ» օրաթերթը, 2006թ. սկզբին վերադարձել է Հայաստան, հիմնադրել եւ հրատարակել «Ժամանակ Երեւան» օրաթերթը: ՀՀ Գլխավոր դատախազության Քննչական վարչության ՀԿԳ քննիչ Սինանյանը 2006թ. հուլիսի 27-ին հայտնաբերել է, որ «Արման Բաբաջանյանը խաբեության ճանապարհով խուսափել է ժամկետային զինվորական ծառայության զորակոչից» (տես առաջադրված մեղադրանքը): Եվ ի՞նչ` տեղեկացրե՞լ է քննիչը տարագիր Արմանին, որ նա 2003թ. ՀՀ օրենքով, կառավարության 2004թ. մարտի 4-ի թիվ 264 որոշմամբ հաստատված կարգով եւ ժամանակացույցով կարող է դիմել հաշվառման վայրի զինկոմիսարիատ, վճարել եւ դառնալ պարտքը հատուցած քաղաքացի: Ավա՜ղ, ոչ: Ի՞նչ է արել քննիչը. իրականացրել է Արման Բաբաջանյանին քրեական հետապնդման ենթարկելու քաղաքական որոշումը: 2006թ. հոկտեմբերին, երբ Արմանին հայտնի է դարձել Օրենքի գոյությունը, նա սահմանված կարգով դիմել է եւ… հանրապետական հանձնաժողովից ստացել բացասական որոշում: Իմ գործը չէ խորանալ Արմանի դիմումի մերժման հիմքերի օրինականության մեջ. դա, վստահ եմ, դատարանում հիմնավոր կանեն Արմանի պաշտպանները: Ընդամենը նկատեմ, որ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի (հոդված 6) քրեական հետապնդման մարմին են եւ՛ դատախազը, եւ՛ մեղադրողը, իսկ քրեական հետապնդման դադարեցումը քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի որոշում է` առաջադրած մեղադրանքը վերացնելու (նախաքննության ընթացքում) կամ մեղադրանքից հրաժարվելու (մեղադրողի կողմից` դատաքննության ընթացքում) մասին: Այնպես որ, հանրապետական հանձնաժողովի կողմից Արմանի դիմումը ՀՀ օրենքով բավարարելու դեպքում մեղադրող Ժաննա Կոթիկյանը վերաքննիչ դատարանում պարտավոր էր հրաժարվել մեղադրանքից, եւ դատարանը (նախագահող դատավոր` Արշակ Խաչատրյան)` որպես քրեական վարույթն իրականացնող մարմին, որոշումով պիտի դադարեցներ քրեական հետապնդումը: Հանրապետական հանձնաժողովի որոշումը հայտնի է դարձնում, որ Արման Բաբաջանյանի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քաղաքական որոշում դեռ չի կայացվել: Կկարողանա՞ն պաշտպանները, գործընկերները, լրագրողի ազատության պաշտպանությունը քաղաքական պայքարի այս փուլում կարեւորող քաղաքական եւ հասարակական ուժերը` անհրաժեշտության դեպքում դիմելով Սահմանադրական դատարանին, ՀՀ օրենքով պաշտպանել Արման Բաբաջանյանին, ով ազատազրկման մեջ է իր քաղաքական հայացքները լրագրական գործունեությամբ տարածելու համար: Պիտի կարողանանք: Հակառակ դեպքում` կունենանք հանուն Հայաստանի Հանրապետության պատժվող, հայրենիքի կոչով վերադարձած տարագիր քաղաքացու նախադեպ, ով անմեղ է ՀՀ օրենքով: