Ջորջ Բուշի երդման օրը ԱՄՆ մայրաքաղաքն աշխարհի ամենաանվտանգ վայրն էր,
չնայած իրադրությունը թեթեւակիորեն ռազմական դրություն էր հիշեցնում։
Ոչ վաղ անցյալում անցկացված հասարակական հարցման մեծ թվով մասնակիցներ
ճակատագրի հեգնանքով գտնում են, որ Բուշի վերընտրությունից հետո վտանգն
աշխարհում մեծացել է։
Հարցումը, որը BBC-ի պատվերով անցկացրել էր GlobeScan ընկերակցությունը,
ցույց է տալիս, որ հարցվածների 58%-ի կարծիքով Բուշի վերընտրվելուց հետո
աշխարհն ավելի վտանգավոր է դարձել։
Երդման արարողությանը հաջորդած ճառում Բուշը հաստատել է «արտահանվող
ազատության» իր քաղաքականությունը, հայտարարելով, թե «Լավագույնը, ինչ
կարող ենք անել աշխարհում խաղաղություն հաստատելու համար, ազատության
տարածումն է»։
Բուշի ճառից կարելի էր եզրակացնել, որ աջակցությունը ժողովրդավարական
զարգացմանը ոչ միշտ է լինելու զենքով, բայց վերընտիր նախագահը նշել է.
«Եթե պետք լինի, մենք մեզ ու մեր բարեկամներին կպաշտպանենք զենքի ուժով»։
Նախագահը հիշեցրել է, որ նրանք, ովքեր ցանկացել են փորձել Ամերիկայի
ամրությունը, նկատել են, որ նա բավական պինդ է։
Թեեւ Բուշի ելույթը ցնծությամբ ընդունեցին երդման արարողության վայրում
հավաքվածները, բայց ասենք, որ 21 երկրից, որոնցում հարցում է անցկացրել
BBC-ն, միայն երեքում՝ Հնդկաստանում, Լեհաստանում եւ Ֆիլիպիններում են
գտնում, որ ԱՄՆ նախագահի այս քաղաքականությունը աշխարհում կամրապնդի
խաղաղությունը։
Համաձայն այդ հարցման՝ Բուշի վերընտրության նկատմամբ ավելի մեծ է
բացասական վերաբերմունքն Արեւմտյան Եվրոպայում, Լատինական Ամերիկայում եւ
արաբական աշխարհում։
Բուշի նկատմամբ բարի տրամադրվածություն չունեն նաեւ մերձավոր հարեւանները՝
Կանադան ու Մեքսիկան, ինչպես նաեւ՝ ավանդական դաշնակիցներ Ֆրանսիան ու
Գերմանիան։
Հետաքրքիր է, որ հակաբուշական երկրների ցուցակը գլխավորում է Թուրքիան։
Այնտեղ բնակչության 82%-ը բացասական վերաբերմունք ունի։ Եվ սա այն
Թուրքիան է, ում Եվրամիություն խցկելու համար Բուշն այնպիսի ճնշում
բանեցրեց, որ առաջացրեց եվրոպացիների ցասումը։
Տ.Պ.