ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը դեմոկրատներին զիջած Բուշի վարչակազմը հավաստիացնում է, թե այսուհետեւ էլ ավելի վճռականորեն է պայքարելու Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագծի հարցում: Այս մասին գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը` անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Դեմոկրատական կուսակցության հաղթանակից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագծի քննարկման հեռանկարին: Ըստ թուրքական թերթի, Ներկայացուցիչների պալատի գործող նախագահ հանրապետական Դենիս Հասթերթն Անկարային խոստացել էր ըստ ամենայնի խոչընդոտել հայկական օրինագծի ընդունմանը, եւ խոսքը կատարել է: Սպասվում է, որ հունվարին ԱՄՆ Կոնգրեսի Ստորին պալատի նախագահի պաշտոնում Հասթերթին կփոխարինի դեմոկրատական Նենսի Փելոսին: «Ենթադրվում է, որ հակառակորդ կուսակցությունը ներկայացնող Փելոսին կարող է անտեսել Սպիտակ տան կարծիքը: Այդ պարագայում հայկական օրինագիծը կարող է ընդունվել», – գրում է «Հյուրիեթը»: