Երեկ մեկնարկեց Ազգային ժողովի հերթական քառօրյան, որն առանձնացավ նրանով, որ պատգամավորները նիստը սկսվելուց ավելի քան 4,5 ժամ հետո միայն կարողացան հաստատել քառօրյայի օրակարգը: Սակայն չի կարելի ասել, թե օրակարգի հաստատման ձգձգման պատճառները տեղի ունեցող բուռն բանավեճերն էին:
Պարզապես ԱԺ խմբակցությունները մեկը մյուսի հետեւից 20 րոպեանոց ընդմիջում էին վերցնում: Մնացած ամեն ինչ ընթանում էր արդեն ծանոթ ընթացակարգով. քվորում ապահովելու համար գրանցվել էին 106 պատգամավորներ, սակայն տեղի ունեցող «քննարկումներն» իրենց ներկայությամբ նրանց միայն մի փոքր մասն էր պատվել: Տեղի ունեցող քվեարկություններն էլ էին ծանոթ սցենարով. պատգամավորներից ոմանք քվեարկում էին մի քանի հոգու փոխարեն, ինչը զայրացրեց Արշակ Սադոյանին, եւ վերջինս ստիպված եղավ բարձրաձայնել, կամ ավելի ճիշտ՝ բղավել այդ մասին ու հայտարարել, թե ինքն անուն առ անուն կասի, թե ով ում փոխարեն է քվեարկում: Ա. Սադոյանը, սակայն, չկատարեց խոստումը: Նույնիսկ եղավ դեպք, երբ պատգամավորների առարկություններից հետո նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը, նախօրոք պատգամավորներին կոչ անելով քվեարկել յուրաքանչյուրն իր փոխարեն եւ տեղեկացնելով, որ եթե օրինագիծը չընդունվի, դրանից ողբերգություն չի լինի, ստիպված եղավ նույն հարցը նորից դնել քվեարկության, սակայն դա էլ չօգնեց, եւ այս անգամ որոշումն ընդունվեց շատ ավելի շատ ձայներով: Ինչեւէ, երեկ դարձյալ ուշադրության կենտրոնում էր «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագիծը: Երեկ նախատեսված էր այս օրինագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը, ինչը սակայն տեղի չունեցավ: ԱԺ նիստին զուգահեռ «Քաղաքացիականանհնազանդու թյուն»,«Տնաքանդությունը մեղք է» եւ նմանօրինակ այլ պաստառներով ԱԺ դարպասների մոտ հավաքվել էին պետական կարիքների համար օտարված եւ օտարման ենթակա գոտիների բնակիչները, ովքեր փորձում էին կտրել պատգամավորների առաջը եւ թույլ չտալ մտնել խորհրդարան: Ցուցարարների շրջանում նույնիսկ պատգամավորներից ոմանց պատանդ վերցնելու միտք էր առաջացել, ինչը երեկ իրականություն չդարձավ: Ցուցարարները բավական մարտական տրամադրություն ունեին, եւ կարծիքներ կային, որ պետք է պահանջել կառավարության եւ վարչապետի հրաժարականը: Բողոքի հիմնական պատճառը վերոնշյալ օրինագծի 18-րդ հոդվածն է, որը ցուցարարները պահանջում են հանել: Երեկ ԱԺ-ում այս օրինագծի վերաբերյալ ելույթ ունեցող պատգամավորները նշում էին, թե իրենց ներկայացրած առաջարկները հաշվի չեն առնվել: Օրինակ՝ Հմայակ Հովհաննիսյանը պնդում էր, թե լսումների ինստիտուտն ինքնանպատակ չէ, եւ երբ հոկտեմբերին ԱԺ-ում լսումներ են կազմակերպվել «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագծի վերաբերյալ, որի արդյունքում էլ առաջարկներ են ներկայացվել ու իրենց խոստացվել է, որ այդ չարաբաստիկ 18-րդ հոդվածը կհանվի, սակայն պարզվում է, որ ներկայացված առաջարկները հաշվի չեն առնվել: ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանն էլ, նշելով, որ լսումների արդյունքում արված առաջարկները պարտադիր չեն ընդունման համար, ավելացրեց, թե այդ առաջարկներից 10-ն ընդունվել են: Վարդան Խաչատրյանն էլ առաջարկում էր օրինագծի երկրորդ ընթերցումը մեկ անգամ էլ անցկացնել: Իսկ ի՞նչ էր գրված այդ 18-րդ հոդվածում, որն այսքան մեծ դժգոհություն է առաջացրել հանրության շրջանում: Բանն այն է, որ այդ հոդվածում նշված է, որ պետական կարիքների համար սեփականության օտարման հետ կապված դատարանների՝ նախկինում կայացրած վճիռները տուժողներն այլեւս չեն կարող բողոքարկել: Սակայն ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարեց, որ ճիշտ է, թեեւ կառավարությունը խոստացել էր 18-րդ հոդվածի այդ մասն ամբողջությամբ հանել, «բայց մի մասը թողել է. եթե պայմանագիրն առկա է…, իսկ մնացած մասը հանվել է»: «Սա մեր քաղաքացիների, նախկին տուժողների շահերի խոր պաշտպանության ապացույց է, որ կառավարությունն ընդունել է մեր առաջարկները: Բազմաթիվ առաջարկներ, այդ թվում եւ` նախկին վճիռների վերանայման իրավունք, մենք նվաճել ենք հօգուտ ժողովրդի»,- հայտարարեց Ռ. Պետրոսյանը: Իսկ նույն պահին դրսում հավաքված ցուցարարների շարքերում իրավիճակը սկսեց թեժանալ ու ինչ-որ խժդժություններ սկսվեցին: Բանն այն է, որ ցուցարարների շարքում լուրեր էին շրջում, թե իրենց շարքերում գտնվողներից ոմանք «Գագիկ Ծառուկյանի մարդն են» եւ ամեն ինչ անելու են, որ ցուցարարների դիմադրությունը տապալվի: Ինչեւէ, երեկ ԱԺ-ում սկսվեց նաեւ ՀՀ 2007 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը, ինչի համար էլ ԱԺ էր եկել նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Վերջինս, լրագրողներից տեղեկանալով, որ ցուցարարները որոշել են պահանջել իր հրաժարականն ու, բացի այդ, նաեւ պատանդ վերցնել ՀՀԿ-ի եւ ՄԱԿ-ի երկուական պատգամավորի, որպեսզի ԱԺ-ն տապալի «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագիծը, ցուցարարների կազմակերպիչներին խորհուրդ տվեց նայել Սահմանադրությունը, «թե ցուցարարները կարո՞ղ են կառավարության հրաժարականը պահանջել, թե՞ ոչ»: «Պատանդների համար էլ իրավապահ մարմիններ ունենք»,- հայտարարեց վարչապետը: Անդրադառնալով այն կարծիքին, թե բյուջեի նախագիծը եկամուտների մասով համարձակ է, Ա. Մարգարյանը եւս մեկ անգամ նշեց, թե ներկայացվածը «հիասքանչ փաստաթուղթ է»: «Կապ չունի, որ այն ռիսկային է: Այո, կատարվելիք բյուջե է, եւ կառավարությունը հաշվի է առել այն հանգամանքը, որ որոշակի աստիճանի ռիսկայնություն գոյություն ունի, բայց միաժամանակ կառավարությունը պատրաստ է որոշակի քայլեր ձեռնարկել դա չեզոքացնելու համար, որ բյուջեն կատարվի»,- երեկ ասել է վարչապետը: Իսկ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, երեկ ԱԺ-ում ներկայացնելով Հայաստանի՝ 2007թ. պետական բյուջեի նախագիծը, հայտարարեց, որ կառավարությունը մտադիր է իր նպատակին հասնել «հատկապես տնտեսության ստվերային հատվածի կրճատման հաշվին»: