ԼՂՀ ժողովուրդը չի հրաժարվի իր անկախությունից, եւ հանուն տարածաշրջանում երկարատեւ խաղաղության, կայունության եւ տնտեսական զարգացման` մենք պատրաստ ենք լուրջ երկխոսության եւ համագործակցության բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Այս մասին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարել է ԱՄՆ-ում` «Նովոյե ռուսսկոյե սլովո» եւ «Իններ սիթի պրեսս» թերթերին, ինչպես նաեւ ՀԸՄԲ «Արարատ» եւ «AGBU» ամսագրերին տված իր հարցազրույցներում:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս փուլի մասին, Ա. Ղուկասյանը մատնանշել է Ադրբեջանի նախագահի ոչ կառուցողական կեցվածքը, եւ մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հետ ուղղակի բանակցություններից եւ հակամարտության գոտում վստահության մթնոլորտ հաստատելուց նրա հրաժարվելու իրողությունը, որը խոչընդոտում է հիմնախնդրի վերջնական կարգավորմանը:
Ի դեպ, Ա. Ղուկասյանը ԱՄՆ է այցելել նոյեմբերի 23-ին կայանալիք եւ ԼՂՀ բարեկարգմանը նվիրված հեռուստամարաթոնի կապակցությամբ:
Հեռուստամարաթոնի նախապատրաստման շրջանակներում Ա. Ղուկասյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան (Մ.Տ.Կիլիկիո կաթողիկոսության) թեմի առաջնորդարան, որտեղ հանդիպում է ունեցել թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Օշական Չոլոյանի հետ: Հանդիպման ավարտին տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել են Հայ օգնության միության (ՀՕՄ), Հայ մարմնամարզական ընդհանուր միության («Հ.Մ.Ը.Մ.»), Համազգային հայ կրթական եւ մշակութային միության («Համազգային»), ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի, ինչպես նաեւ մի շարք այլ կազմակերպությունների ղեկավարներն ու անդամները: Ա. Ղուկասյանն այցելել է նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան թեմի առաջնորդարան, որտեղ հանդիպում է ունեցել արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանի, ինչպես նաեւ թեմի հետ ակտիվորեն համագործակցող մի շարք կազմակերպությունների, այդ թվում` Հայ օգնության հիմնադրամի ղեկավարների հետ:
Նյու Յորք կատարած իր այցի շրջանակներում Ա. Ղուկասյանը հանդիպում է ունեցել նաեւ ամերիկահայ բարերարներ Հակոբ Կույումջյանի եւ Հարություն Մխչյանի հետ: Քննարկվել են ԼՂՀ-ում իրականացվող մարդասիրական եւ ներդրումային ծրագրերի ընդարձակմանն առնչվող հարցեր:
Ա.Ղուկասյանի այցը համընկել է ԱՄՆ-ում Կոնգրեսի ընտրությունների հետ, որում հաղթանակ են տարել դեմոկրատները, որոնց հայերը հոգեպես իրենց ավելի մոտ են համարում: Կարծիք կա նաեւ, որ ընտրությունների արդյունքներից ոգեւորված հայերն ավելի ակտիվորեն կմասնակցեն հեռուստամարաթոնին: