3 միլիոնից ավելի ենք

18/11/2006

2006թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության բնակչության թվաքանակը կազմում է 3.220.800 մարդ։ Այս տվյալները ներկայացրել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։ 2 միլիոն 62 հազար 8 հարյուրը կամ բնակչության 64%-ը բնակվում է քաղաքային վայրերում։ Երեւանի բնակչությունը կազմում է մեկ միլիոն 104 հազար 5 հարյուր մարդ (բնակչության 34.3%-ը)։ Բնակչության թվաքանակով առաջին տեղում Լոռվա մարզն է (282.7 հազար մարդ), իսկ ամենաքիչ բնակչություն ունեցող մարզը Վայոց ձորն է՝ 55.7 հազար մարդ։ Հանրապետության երկրորդ քաղաքը համարվող Գյումրին, ըստ պաշտոնական տվյալների, ունի 147.8 հազար բնակչություն, իսկ ընդհանրապես Շիրակի մարզը՝ 281.2 հազար։

Բնակչության թվաքանակի ընթացիկ գնահատականը տրվում է 2001թ. հոկտեմբերի 10-19-ը անցկացված բնակչության վերջին մարդահամարի արդյունքների հիման վրա, որոնց ամեն տարի ավելացվում են տվյալ տարածքի ծնվածների եւ եկողների թվաքանակը, հանվում են մահացածների եւ տվյալ տարածքից մեկնողների թվաքանակը: