Կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է միայնակ կամ այլ ընդդիմադիր ուժերի հետ դաշինքով: «Ես գտնում եմ, որ դա չէ ճանապարհը (բոյկոտի գաղափարը), ճանապարհը պայքարելն է»,- ասել է ՀԺԿ եւ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավարը: Նա համոզված է, որ ընդդիմությունը դեռ իր խոսքը կասի: Դեմիրճյանը չի մանրամասնել, թե հատկապես ո՞ր ուժերի հետ է հնարավոր համարում նախընտրական դաշինքը` նշելով միայն, որ ՀԺԿ-ն դաշինք կարող է կազմել միայն ընդդիմադիր ուժերի հետ: Այն հարցին, թե ընդդիմադիր համարո՞ւմ է «Օրինաց երկիր» կուսակցությունը եւ հնարավոր համարո՞ւմ է համագործակցությունն այդ կուսակցության հետ, Ստեփան Դեմիրճյանը պատասխանել է. «Համագործակցության մենք պատրաստ ենք: Եթե «Օրինաց երկիրը» հայտարարում է, որ ընդդիմություն է, մենք կասկածամտությամբ չենք տառապում, պատրաստ ենք համագործակցելու, եւ արդեն իսկ այդ համագործակցությունը կա»: ՀԺԿ նախագահը նկատի ունի համագործակցությունն օրինաստեղծ ոլորտում: ԱԺ առաջիկա ընտրություններին ՀԺԿ-ն, ըստ Ս. Դեմիրճյանի, մասնակցելու է հաղթելու նպատակով: Ս. Դեմիրճյանի գնահատմամբ՝ արդեն այսօր իշխանական տարբեր թեւերը առավելագույնս օգտագործում են ադմինիստրատիվ ռեսուրսը, ստվերային եկամուտների մի մասն ուղղվում է քաղաքական գործընթացների վրա ներազդելուն: «Ճնշումներ են արդեն իրականացվում, այդ թվում` լրագրողների նկատմամբ: Կուսակցականացում է գնում. տարբեր ոլորտներ կուսակցականացրին, հիմա անցել են հարկային եւ մաքսային ծառայություններին»,- ասել է նա: ՀԺԿ ղեկավարի խոսքերով՝ նախընտրական շրջանում իրենք պատրաստվում են անել այն, ինչ արել են անցյալում: «Փորձելու ենք անել ավելի լավ, ավելի կազմակերպված, ավելի արդյունավետ»,- նշել է նա: Հայաստանյան ընտրությունների վրա ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հնարավոր ազդեցության մասին հարցին ի պատասխան, ՀԺԿ առաջնորդը վստահեցրել է, որ իրենք հույսը դնելու են հայ ժողովրդի վրա: Իսկ հարցին, թե կարո՞ղ է լինել իրավիճակ, որում հնարավոր լինի Ստեփան Դեմիրճյան-Սերժ Սարգսյան դաշինքը, ՀԺԿ նախագահը տվել է միանշանակ բացասական պատասխան: Ըստ Ստեփան Դեմիրճյանի` այդպիսի պատճառ կամ առիթ չի կարող լինել, նույնիսկ «հանուն հայրենիքի լուսավոր ապագայի»: «Հանուն հայրենիքի լուսավոր ապագայի այս իշխանությունը պետք է հեռանա»,- ավելացրել է նա: Իսկ կա՞ր արդյոք գաղափարական տարբերություն ՀԺԿ եւ ՀՀԿ կուսակցությունների միջեւ, որոնք այժմ հակառակորդներ են, մինչդեռ ընդամենը 7 տարի առաջ միասնական` «Միասնություն» կոչվող դաշինքով էին մասնակցում 1999 թվականի խորհրդարանի ընտրությանը: Ս. Դեմիրճյանի խոսքերով՝ բնականաբար կա գաղափարական տարբերություն, հենց ինչի պատճառով էլ ՀԺԿ-ն դարձել է ընդդիմություն: Իսկ դա նշանակո՞ւմ է արդյոք, որ ՀԺԿ հիմնադիր Կարեն Դեմիրճյանը ՀՀԿ-ի հետ ապագաղափարական դաշինք էր կազմել: «Ոչ, դա նշանակում է, որ հետագայում «Միասնություն» դաշինքը շեղվեց: 1999-ին չի կարելի համարել ապագաղափարական դաշինք, եւ դա վերջին հաշվով երկու հզոր անհատների դաշինք էր, եւ դա ճիշտ քայլ էր, որն արվեց հանուն երկրի»,- ասել է Ս. Դեմիրճյանը: