«Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հայտարարել է, թե նախօրեին Հարավային Օսիայում անցկացված հանրաքվեն «ժամանակավրեպ էր, անօգուտ եւ անարդար»: Դեւիսն ասել է նաեւ, թե քվեարկությունը որեւէ ձեւով չնպաստեց Հարավային Օսիայի շուրջ տիրող իրավիճակի խաղաղ քաղաքական կարգավորման որոնմանը: Ըստ նրա, հանրաքվեի արդյունքները չեն ճանաչվի միջազգային հանրության կողմից: «Հանգամանքները, որոնցում անցկացվում էր հանրաքվեն, եւ հատկապես այն փաստը, որ բնիկ վրացիները ձայնի իրավունք չունեին, զրկում են այն որեւէ իմաստից»,- հայտարարել է Թերի Դեւիսը՝ հավելելով, թե հանրաքվեի արդյունքները չեն կարող նույնիսկ «ընդունվել ի գիտություն»: Հարավային Օսիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ չճանաչված հանրապետության անկախության օգտին է արտահայտվել ընտրողների 99%-ը: