Հայկական արտադրողների համար գազի սակագների բարձրացման վերաբերյալ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հայտը դեռեւս պետք է քննարկվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, եւ եթե համապատասխան որոշում ընդունվի, ապա դրանից ստացված միջոցները կուղղորդվեն հանրապետության գազիֆիկացման տեմպերի ավելացմանը: Այդ մասին երեկ լրագրողների հետ զրույցում հաղորդել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանում արտադրության ծավալների անկման վրա ազդում են ոչ միայն գազի սակագներն, այլեւ՝ հայկական դրամի արժեւորումը: Պատասխանելով այն հարցին, թե կառավարությունն արտահանման եւ ներմուծման ծավալների միջեւ խզումը կրճատելու համար ինչ միջոցներ է ձեռնարկում հայրենական արտադրողներին խրախուսելու նպատակով՝ Ա. Մարգարյանն ասել է, որ ներկայումս այդ հարցերով զբաղվում է Հակամենաշնորհային քաղաքականության հանձնաժողովը: Նրա խոսքերով, հանձնաժողովն ակտիվ միջոցառումներ է իրականացնում հայկական շուկայում մենաշնորհների բացառման նպատակով: Վարչապետը խոստացել է, որ 2007թ. հանձնաժողովի գործողությունները կլինեն առավել ակտիվ: