Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյանը քաղաքապետարանում երեկ կայացած ճեպազրույցի ընթացքում հորդորում էր, թե ի տարբերություն նախորդ տարիների, երբ ինքնակամ կառուցապատվում էին բենզալցակայաններ, գազալցակայաններ՝ այսօրվա ինքնակամները վերահսկելի են: Երեկ մենք արձանագրեցինք ապօրինի, ինքնակամ կառուցված գազալցման հսկայական մի կայանի շինարարական աշխատանքների պատկերը: Երեւան-Գյումրի մայրուղու կամրջին հարող հատվածում 3050 քմ տարածքով գազալցակայանի շինարարություն է իրականացվում, որի համար թույլտվությունը մերժվել է թե ՀՀ վարչապետի, թե Արագածոտնի մարզպետ Գեւորգ Գյոզալյանի կողմից: ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամրազյանը Արագածոտնի մարզպետ Գեւորգ Գյոզալյանին գրավոր դիմումով խնդրել է ըստ ՀՀ կառավարության 29.12.2005թ. հմ. 2404-Ն որոշման 8-րդ կետով սահմանված կարգի, տալ իր համաձայնությունը Երեւան-Գյումրի մայրուղու ձախ հատվածում գտնվող 3050քմ հողատարածքը կառուցապատման նպատակով տրամադրելու համար: Մարզպետ Գ. Գյոզալյանն ի պատասխան տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանի մոտ 04.07.06թ. կայացած խորհրդակցության թիվ 68-85 արձանագրության 3-րդ կետի պահանջներից ելնելով, ՀՀ Արագածոտնի մարզպետարանը չի կարող տալ իր համաձայնությունը Երեւան-Գյումրի ավտոմայրուղու Աշտարակ քաղաքի քաղաքային գերեզմանոցին հարող հատվածում եւ Երեւան-Գյումրի ավտոմայրուղու ձախ հատվածում՝ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամաս տանող կամրջին հարող տարածքը կառուցապատման համար տրամադրել Գագիկ Թամրազյանին: Նման բացասական պատասխանից մոտ 20 օր անց, սակայն, կառուցապատման աշխատանքները սկսվել են եւ այժմ էլ շարունակվում են: Մեր տեղեկություններով` գազալցակայանը պատկանում է Աշտարակի քաղաքապետի տեղակալ Գագիկ Շահազիզյանին, որի որդին աշխատում է մարզի դատախազությունում:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ մարզպետարանների վարչական սահմաններում մայրուղիների վրա կառուցապատման համաձայնեցված նախագծերն անպայմանորեն պետք է վերահամաձայնեցվեն նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետի հետ: