Հոգնեցինք ոտքով ման գալուց

18/11/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«Ամեն ոք, ով մեքենա չունի, երազում է գնել։ Իսկ ով մեքենա ունի, երազում է այն վաճառել»։ Որքան հիշում եմ, այս խոսքերը «Խոշոր շահում» ֆիլմից են, որտեղ սպորտլոտոյով «Զապորոժեց» շահած գլխավոր հերոսին մարմնավորել է Մհեր Մկրտչյանը։ Առաջին մասի հետ դժվար է չհամաձայնել։ Մենք՝ հայերս, մի քիչ ցուցամոլ ժողովուրդ ենք (լավ իմաստով), եւ մեքենան մեզ համար պարզապես փոխադրամիջոց չէ։ Գիտակցական կյանք մտնելով՝ հատկապես տղաները ձգտում են ավտոմեքենա վարել, ցանկալի է՝ սեփական ավտոմեքենան։ Այդ ձգտումները հստակ մարմնավորում են ստանում հատկապես «Վերջին զանգի» արարողության օրը։ Վերը նշված պնդման երկրորդ մասն էլ հիմնավորում ունի (խոսքը չի վերաբերում մեքենաների առեւտրով զբաղվողներին)։ Մեքենա ունեցողները ցանկանում են վաճառել կա՛մ ավելի լավը գնելու համար, կա՛մ մի քիչ ավելի էժանը (եթե որոշ գումար է հարկավոր), կա՛մ էլ որոշում են, որ տվյալ պահին մեքենան իրեն պետք չէ, եւ գումարը ծախսելու ավելի կարեւոր տեղեր կան։ Սովորաբար փորձը ցույց է տալիս, որ այս վերջին խմբի մարդիկ շատ արագ փոշմանում են՝ մեքենան վաճառելու համար։ Փոշմանում են նույն արագությամբ, ինչ արագությամբ որ ծախսվում է վաճառքից ստացված փողը։ Եվ քանի որ դժվար է գտնել ՀՀ որեւէ քաղաքացու, որը կարողանա ժխտել հայերի առանձնահատուկ սերը երկաթյա նժույգների նկատմամբ, այսուհետ ամեն երեքշաբթի մենք կանդրադառնանք «հայի մեքենա» ֆենոմենին՝ սկսած դրա ձեռքբերման պահից։

Սովորաբար, մեքենա գնելու գաղափարը՝ ծնողների, կնոջ կամ ընկերների մոտ «ներարկվում է» այս արտահայտությամբ։ Ժողովրդական լավ խոսք կա՝ «ցրցամ տալ»։ Կարող են լինել նաեւ այլ տիպի արտահայտություններ՝ «մեռանք տաքսիներին փող տալով», կամ «մեռանք մարշրուտկայի սպասելով»։ Ինչպիսին էլ լինի ձեւակերպումը՝ «հոգնեցինք», «մեռանք», «տանջվեցինք» տիպի արտահայտություններն անպակաս են։ Դրանք ավելի արտահայտիչ են դարձնում մեքենա գնելու ձգտման արդարացված լինելը։

Թեեւ սա ավելի շատ վերաբերում է այն մարդկանց, որոնց հարազատներն ու ընտանիքի անդամներն այնքան էլ ոգեւորված չեն մեքենա գնելու գաղափարով։ Ինչեւէ, եթե այս էտապը հաջողվում է հաղթահարել, գալիս է մյուսը՝ մեքենա ընտրելը։

Եվ այսպես, ընտրության հարցում ամենակարեւոր գործոնն այն գումարն է, որն ունի պոտենցիալ գնորդը։ Ըստ այդմ նա որոշում է, թե ինչ կարգի մեքենա կարող է գնել։ Նշենք, որ այս հարցում մեքենա գնողներն այժմ մի քիչ ավելի մեծ հնարավորություններ ունեն, քան նախկինում։ Բանկերի կողմից ավտովարկավորման մեխանիզմը զգալիորեն բարելավվել է, եւ կարելի է գնել ձեռքի տակ եղած գումարը 2-3 անգամ գերազանցող արժեքով մեքենա։ Նշենք նաեւ, որ օգտագործված մեքենաների հարցում վիճակը մի փոքր բարդ է։ Նախ, ոչ բոլոր բանկերն են օգտագործված մեքենաների համար վարկ տրամադրում։ Եվ բացի այդ, այս դեպքում կանխավճարի չափն ավելի մեծ է, վարկի մարման ժամկետն էլ` ավելի կարճ։

Ինչեւէ, այս փուլն էլ հաղթահարվում է՝ ընտանեկան խորհրդում որոշում կայացնելով՝ ինչքան հատկացնել մեքենային։ Հետո որոշվում է մակնիշի հարցը։ Եթե մեքենա գնողն ինքը հստակ նախասիրություններ չունի, ապա նրա վիճակը նախանձելի չէ։ Օրինակ, «BMW» սիրող նրա ընկերը ամեն կերպ կփնովի «Մերսեդեսը»։ Եթե նա համոզվի եւ «BMW» գնի, ապա «Մերսեդես» սիրող նրա մյուս ընկերը դա երբեք չի ների, ընկերների միջեւ կարող է անգամ ճաշակի հողի վրա լուրջ վիճաբանություն ծագել։ Մի խոսքով, այս հարցում որքան մոտիկ մարդկանցից խորհուրդ հարցնեք, այնքան ավելի շատ կխճճվեք։

Ավելի լավ է սկզբում հստակ որոշեք, թե ինչին եք նախապատվություն տալու. արագությա՞նը, հուսալիությա՞նը, կայունությա՞նը, թե՞ ընթացիկ ծախսերի մեծությանը։ Վերջինը վերաբերում է ոչ միայն վառելիքի ծախսին, այլ նաեւ պահեստամասերի գներին եւ այլն։ Դրանից հետո կարելի է խորհրդակցել մի քանի «չեզոք» մասնագետների հետ (եթե կարողանաք գտնել) եւ նոր միայն որոշում կայացնել։ Ամեն դեպքում, պարտադիր պետք է հաշվի առնել գրպանի ամենամսյա պարունակությունը եւ մեր ճանապարհների վիճակը։

Եվ այսպես, այս փուլն էլ անցանք։ Գումարը որոշված է, մակնիշը որոշված է։ Ըստ այդմ, մոտավորապես պարզ է դառնում՝ որ թվի արտադրության մեքենա է լինելու «ձեր տակ»։ Սկսվում է ամենադժվար փուլերից մեկը՝ որտեղից եւ ումից գնել։

Կան մի քանի տարբերակներ։ Ամենահեշտ տարբերակը՝ մեքենա գնել մեր ավտոսրահներից մեկից։ Սա լավ է նրանով, որ ժամանակի առումով ավելի հարմար է, հաճելի պրոցես է, եւ բացի այդ՝ մեքենան նոր է, առանց թերությունների։ Գլխավոր թերությունն այն է, որ այն թանկ է եւ կարող է չհամապատասխանել գնորդի հնարավորություններին։

Այն մարդիկ, ովքեր որոշում են գնել «միջին տարիքի» մեքենա, պարտադիր այցելում են Էրեբունու «ավտոբազար»։ Եթե ոչ գնելու, ապա գոնե գներին ծանոթանալու համար։ Սովորաբար ընտրելու գործընթացն օրեր է տեւում, երբեմն` նաեւ շաբաթներ։ Մեքենա գնողին դա նյարդայնացնում է, սակայն նա իրեն հանգստացնում է շատ տարածված մի արտահայտությամբ՝ «բա հո սեմուշկա չե՞նք առնում»։ Ավտոշուկայից մարդիկ սովորաբար խուսափում են մեքենա գնել (կամ, ինչպես ասում են՝ «բազարից հանել») այն պատճառով, որ դրանք թանկ են։ Բանն այն է, որ մեքենաներ այստեղ վաճառում են հիմնականում մեքենաների առեւտրով զբաղվողները՝ «դալալները», որոնք, բնական է՝ պետք է իրենք էլ փող աշխատեն։

Սակայն հարմար մեքենա ընտրելու գործընթացը գնում է մի քանի «ֆրոնտով»։ Պոտենցիալ գնորդն այդ ընթացքում դառնում է բոլոր ալիքներով ցուցադրվող «ավտոշուկաների» մոլի երկրպագու։ Ընդ որում, նայում է՝ նշումներ կատարելով։

Բացի այդ, ընկերա-բարեկամա-հարազատական շրջանին «մեսիջ» է ուղարկվում՝ թե ով հարմար գնով հարմար մեքենա ունի։

Սրան զուգահեռ, պոտենցիալ գնորդը գնում է հանդիպող բոլոր թերթերն ու ամսագրերը, որոնցում կարելի է գտնել մեքենայի մակնիշներ եւ գներ։

Վերջին շրջանում, բարձր տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, այս հարցում սկսել է մեծ դեր խաղալ ինտերնետը։ Արդեն կան մի քանի հայկական կայքէջեր, որոնց օգնությամբ կարելի է մեքենա գտնել։

Նշենք նաեւ, որ կայքէջերն օգտագործվում են առավելապես արտասահմանից (հիմնականում, Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա) մեքենա գնելու դեպքում։ Այս տարբերակը հարմար է նրանով, որ ընտրության հնարավորությունն ավելի մեծ է, գներն էլ` ավելի էժան։ Սակայն գլխավոր խնդիրն այն է, որ պետք է տվյալ երկրում ապրող մոտ մարդ ունենաք, որը ձեզ համար կգնա, կտեսնի այդ մեքենան, կգնահատի, կգնի եւ կուղարկի ձեզ։ Արտասահմանում բարեկամ կամ ընկեր (ընդ որում, մոտ բարեկամ) չունեցող անձինք ավելի լավ կլինի հենց սկզբից հրաժարվեն այս տարբերակից, եթե, իհարկե, իրենք չեն ուզում գնալ եւ բերել։

Այս ամենն իրականում կարող է շատ երկար տեւել, սակայն մենք չենք կարող անդրադառնալ դրան ամենայն մանրամասնությամբ։ Եվ եթե դուք հաստատակամ որոշել եք մեքենայի տեր դառնալ, ապա համբերատար կերպով կանցնեք բոլոր փուլերը՝ կընտրեք, կպայմանավորվեք, կտանեք արհեստավորի մոտ, «բեհ» կտաք կամ միանգամից կվճարեք գումարը, կանեք անհրաժեշտ ձեւակերպումները։ Եվ վերջապես կգա այն երկար սպասված պահը, երբ դուք տանը նստած մի-մի թաս օղի կամ գինի կխմեք եւ կնշեք ձեր նոր գույքը։

Թվում է՝ վերջ տանջանքներին, խնդիրները վերջացան։ Սակայն ամեն ինչ դեռ առջեւում է…

շարունակելի