Նա համոզված է, որ թատրոնը պետք է նույնքան բազմաբնույթ լինի, որքան այսօրվա խանութներն ու խանութներում առաջարկվող մթերքի տեսականին: «Չէ՞ որ մենք չենք առաջարկում, որ բոլոր կուսակցությունները գործեն մեկի ներքո, չենք ասում` եկե՛ք բոլորս մի մեծ տան մեջ ապրենք, ամեն մեկս իր ընտանիքն ունենա, բայց ճաշը միասին ուտենք»,- համոզված է ռեժիսորը: Նա վստահեցնում է, որ երբ մի նոր բան է ստեղծվում, ամենեւին էլ չի նշանակում, որ դա արվում է մյուսի «աչքը հանելու» համար:
Ռ. Բաբայանն ու ստեղծվելիք նոր միությունն արդեն համախոհների մեծ բանակ ունեն, որոնցից մեկը` Երվանդ Մանարյանը, ողջունելով դեպի նորի ձգտումը, ասում է, որ ինքն անձամբ չի պատրաստվում մտնել այդ միության կազմի մեջ, որովհետեւ իր տարիքում դա կդիտվի որպես «կապիկություն». «Էշի վրա նստած 21-րդ դար չես կարող մտնել, մենք հիմա համակարգված դարում ենք ապրում, որտեղ եթե կես րոպե ավելի քնես, աշխարհից 100 տարով ետ կընկնես: Կյանքը շատ կարճ է, պետք չէ ժամանակը հիմար բաների վրա վատնել»: Այս ամենը լավ գիտակցելով` «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանը նույնպես անցավ այս նոր միության շարքերը: «Գիտեմ, որ գնահատականը լինելու է՝ թայֆա են, իրենք իրենց համար են անում»,- ասում է ռեժիսորը: Նրա խոսքերով` ստեղծված համակարգն արդեն սկսել է գործել, եւ աշխարհի տարբեր երկրների թատրոնների հետ նամակագրական կապեր են հաստատվում: Նա վստահ է, որ շուտով հրավերներ ու առաջարկներ էլ կլինեն, ինչպես նաեւ` դերասանների ու ռեժիսորների իրավունքները պաշտպանող իրավաբանական գրասենյակ կստեղծվի:
Թատերական գործիչների նոր միության գաղափարն իրականություն են ցանկանում դարձնել Ժիրայր Դադասյանը, Արա Երնջակյանը, Արմեն Մելիքսեթյանը, Լեւոն Աբրահամյանը, Արթուր Ղուկասյանը: Շշուկներ կային, թե այս անունների կողքին է նաեւ Արմեն Էլբակյանը, սակայն մեզ հետ զրույցում նա ասաց, որ իր կարծիքով` թատերական միությունները եւ ընդհանրապես բոլոր ստեղծագործական կառույցներն իրենց վաղուց սպառել են: «Տեսնելով, թե ինչպես են ֆինանսավորվում մեր ստեղծագործական միությունները, պարզ է դառնում, որ նրանք ավելի լավ գործել չեն էլ կարող»,- ասում է նա: Իսկ թատրոնների ու երշիկների համեմատությունը պարոն Էլբակյանին այդքան էլ դուր չեկավ: «Երշիկների գծով մասնագետ չեմ»,- ասաց նա:
Նոր միությունն, անկասկած, ֆինանսական նոր աղբյուրների կարիք է ունենալու, սակայն Ռուբեն Բաբայանի նախագիծը սեփական գումարային ֆոնդ դեռ չունի: Ֆոնդ ստեղծելու համար հարկավոր է համապատասխան օրենսդրական գործողություններ իրականացնել: «Միությունը կկազմակերպի ներկայացումների քննարկում լայն հասարակության շրջանակներում, որում կընդգրկվեն թատերագետներ, ռեժիսորներ ու դերասաններ: Նման փորձեր Հայաստանում արվել են դեռեւս 20 տարի առաջ, իսկ այսօր մենք սահմանափակվում ենք միայն գովասանքի խոսքերով»,- պարզաբանում է Ռ. Բաբայանը, ով մեր օրերում լուրջ արվեստագետների քննադատության կարիք է զգում: Քննարկումներն ու քննադատությունները պետք է օգնեն թատրոնին. «Հակառակ դեպքում կխաղանք դատարկ դահլիճներում»,- ասում է նա: Թատրոնի ավագ սերնդի ներկայացուցիչները տարբեր կերպ են նայում այս նոր միության ստեղծմանը: Ամեն դեպքում, թերեւս, պետք է ողջունել նոր միության գաղափարը` հույս ունենալով, որ այն կկարողանա աշխուժացնել այսօրվա թատերական կյանքը: