Երիտասարդության քաղաքականացումը տարբեր պատճառներ ունի

17/11/2006 Զրուցեց Լուսինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

– Վերջերս երիտասարդական գործիչները եւ կազմակերպություններն ակտիվորեն քաղաքական դաշտ են ներխուժում: Ինչո՞ւ են երիտասարդները ձգտում զբաղվել քաղաքականությամբ:

– Իսկապես քաղաքական կուսակցությունները սկսել են համալրվել երիտասարդներով, եւ այդ հետաքրքրությունը երկկողմանի է: Մեր քաղաքական ուժերը շահագրգռված են նոր դեմքերի եւ թարմ մտքերի երեւան գալու հարցում: Իսկ երիտասարդների «քաղաքականացվելու» շարժառիթների մասին կարելի է երկար խոսել: Փորձեմ այդ մոտեցումները խմբավորել: Նախ, քաղաքական դաշտը ինքնադրսեւորվելու, ինքնահաստատվելու, կայանալու համար հրաշալի միջավայր է: Երկրորդը, թեպետ մեզանում գաղափարական պայքարի ակնհայտ պակաս է զգացվում, այդուհանդերձ, գոնե ՀՀԿ-ի եւ մի շարք այլ կուսակցությունների դեպքում (ՀՀՇ, ՀՅԴ եւ այլն) կուսակցության անդամ դառնալ նշանակում է` կիսել տվյալ կուսակցության գաղափարները եւ որոշակի արժեքային համակարգ: Եվ վերջապես, չեմ բացառում, որ հաճախ երիտասարդների քաղաքականացվելը կարիերային դրդապատճառներ ունի: Այս ամենով հանդերձ, քաղաքական գործընթացների մասնակից երիտասարդը՝ մեր երկրի ներկայով ու ապագայով հետաքրքրված, մտահոգ քաղաքացի է: Իսկ դա, անկախ քաղաքական տարաձայնություններից, չի կարող ողջունելի չլինել:

– Հանրապետականը, հատկապես, իր վերջին ընդլայնումից հետո, կադրերի պակաս կարծես թե չունի: Ո՞րն է ՀՀԿ երիտասարդական թեւի դերը: Արդյոք պահանջարկ ունի՞ քաղաքական ձեր ակտիվությունը:

– Իրոք Հանրապետականը կադրերի պակաս չի ունեցել եւ չունի: Փառք Աստծո, մեր հասարակության մեջ շատ են այն մարդիկ, որոնք կիսում են մեր կուսակցության դավանած արժեքային համակարգը, որովհետեւ այն հենց հայ ժողովրդի արժեհամակարգն է: Ինչպես արդեն նշեցի, կուսակցությունները նաեւ իրենք են շահագրգռված երիտասարդ զանգվածների ներգրավման հարցում, քանի որ երիտասարդությունը նույնպես էլեկտորատ է, այն էլ՝ գիտակից ու պոտենցիալ մեծ ակտիվությամբ օժտված էլեկտորատ: Ինչ վերաբերում է ՀՀԿ երիտասարդականին, ապա այն առաջնորդվում է կուսակցության ծրագրային եւ կանոնադրական դրույթներով, մաքսիմալ ինտեգրված է կուսակցական գործունեության մեջ` թե քաղաքական, թե սոցիալական եւ թե քարոզչական գործընթացներում: ՀՀԿ-ն 1999 թվականից պարբերաբար ներգրավում է երիտասարդներին նաեւ հրապարակային քաղաքականության մեջ` եւ օրենսդրական, եւ գործադիր օղակներում:

– Դուք մասնագիտությամբ բժիշկ եք: Հայաստանի քաղաքական դաշտում բժիշկները զգալի թիվ չեն կազմում: Բժշկի աչքերով՝ ի՞նչ է քաղաքականությունը:

-Նշեմ, որ որեւէ մասնագիտական կրթություն չի կարող բացառիկ նշանակություն ունենալ քաղաքական գործունեություն ծավալելու համար: Իհարկե, իրավաբաններին, գուցե, մի քիչ ավելի դյուրին է լինում օրենսդրական դաշտում, սակայն քաղաքականությունը միայն օրենքները չեն: Առհասարակ քաղաքական ասպարեզում հաջողությամբ են դրսեւորվում նաեւ տարբեր մասնագիտությունների տեր գործիչները: Կարեւորն, իմ կարծիքով, որ մարդը կրթված լինի, այլ ոչ թե սոսկ դիպլոմավորված: Իսկ բժշկի տեսանկյունից՝ կան մի շարք ընդհանրություններ քաղաքականության եւ բժշկագիտության հիմնական արժեքների միջեւ: Թվարկեմ մի քանիսը: Երկու ոլորտներում էլ խիստ արդիական է հայտնի «Մի վնասիր» սկզբունքը: Երկուսն էլ գերադասում են սահուն` «թերապեւտիկ», այլ ոչ թե կտրուկ` «վիրաբուժական» մեթոդները: Երկու դեպքում էլ խիստ կարեւորվում են մարդասիրական, հանդուրժողական, խտրականություններից զերծ մոտեցումները, եւ այլն:

– Տարին նախընտրական է, քաղաքական ուժերը նախապատրաստվում են քարոզարշավի եւ ընտրություններին: Որո՞նք են Հայաստանի առջեւ ծառացած այն երեք հիմնական խնդիրները, որոնցով, անկախ ընտրությունների արդյունքից, պետք է զբաղվեն հաջորդ իշխանությունները:

– Հայտնի է լրագրողական «թուլությունը» նմանատիպ «հիթ շքերթների» հանդեպ: Իրականում մեր պետության առջեւ ծառացած խնդիրները երեքից շատ են եւ, որպես կանոն, իրար հետ փոխկապակցված են: Ես կցանկանայի առանձնացնել խնդիրների 3 խումբ, որոնց լուծումը եղել է ու մնում է արդիական, թեպետ զգալի հաջողություններ յուրաքանչյուր ուղղությամբ արձանագրվել են: Խնդիրների առաջին խումբը վերաբերում է պետական եւ ազգային անվտանգության հիմնախնդիրներին` Ղարաբաղյան հարց, հայ-թուրքական հարաբերություններ, Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-ԿԱՊԿ եւ այլն: Խնդիրների երկրորդ խումբը կարելի է անվանել սոցիալ-տնտեսական` տնտեսական զարգացում, տնտեսության հետագա ազատականացում, սոցիալական ապահովություն, սոցիալական արդարություն եւ այլն: Երրորդ խումբ խնդիրները կոչենք քաղաքացիա-հասարակական` պետականության ֆենոմենի արժեւորում, քաղաքացիական գիտակցության ամրապնդում, հայրենապաշտական դաստիարակություն, քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացում: Վերոհիշյալ խնդիրները, վստահ եմ, հնարավոր է շարունակել լուծել միայն ազատ, արդար եւ հիրավի ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ձեւավորված իշխանությունների եւ ազգային համերաշխության վրա խարսխված հասարակության երկխոսության եւ համագործակցության միջոցով: