«Կովկասպրեսի» փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան հայտարարել է, թե Վրաստանին ռուսական «Գազպրոմ» ընկերության ներկայացրած վերջնագիրը դեմ է միջազգային առեւտրական համագործակցության սկզբունքներին: «Չեմ կարող հիշել մի օրինակ, երբ մի երկիր մեկ այլ երկրի սպառնա բարձրացնել գազի գինը կամ դադարեցնել գազամատակարարումը, եթե այն հրաժարվի վաճառել իր էներգետիկ ակտիվները»,- ասել է ամերիկացի դիվանագետն ու հավելել, թե Վրաստանը պատճառ չունի զիջելու իր գազատար համակարգը, քանզի այն ինքնիշխան պետություն է՝ ինքնիշխան կառավարությամբ: «Վրաստանն ավելի վաղ հրաժարվել է վաճառել իր էներգետիկ ակտիվները՝ չմեծացնելու համար իր կախվածությունը Ռուսաստանից»,- ասել է Մ. Բրայզան: Հիշեցնենք, որ Վրաստանը հրաժարվել է էժան գնով ռուսական գազ ստանալու դիմաց վաճառել իր գազատար համակարգը եւ «Գազպրոմի» առաջարկը որակել է «քաղաքական շանտաժ»: