Եթե ապացուցվի՝ դատի կտամ

17/11/2006

Անդրադառնալով «Տարեգիր» թերթի օրերս հրապարակած լուրին, թե 2003թ. նախագահական ընտրություններում Հայկ Բաբուխանյանը, վաստակելով 97.000 դոլար, գործել է «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի դեմ` ընտրական հանձնաժողովներում վաճառելով ՍԻՄ-ի տեղերը (որի արդյունքում Ա. Կարապետյանի ստացած քվեները 10%-ով նվազել են)` Ա. Կարապետյանը 3 տարի ուշացումով լրագրողների հետ զրույցում մեղադրանքներ է հնչեցրել Հ. Բաբուխանյանի դեմ: «Այն տեղեկատվությունը, որ Հ. Բաբուխանյանը 2003թ. նախագահական ընտրություններում գործել է իմ դեմ, տարաբնույթ ասեկոսեների տեղիք է տվել՝ դառնալով նաեւ մի շարք թյուրըմբռնումների պատճառ, որովհետեւ խնդրին անդրադարձած լրատվամիջոցներից յուրաքանչյուրը հարցը մեկնաբանել է յուրովի»,- նշված է Ա. Կարապետյանի` երեկ լրատվամիջոցներին տարածած հաղորդագրության մեջ: ՆԺ-ի նախագահը պարզաբանում է, որ 2003թ. ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում իշխանությունների եւ որոշ անբարեխիղճ մարդկանց գործողությունների արդյունքում տեղի է ունեցել խոշոր չափերի կոռումպացված գործարք, ինչի պատճառով իրեն տրված ձայները 10%-ով իջեցվել են հօգուտ Ռոբերտ Քոչարյանի: «Տեղամասային հանձնաժողովներում կատարված որոշ ֆինանսական ապօրինի գործարքների մասին ինձ հայտնել է ՍԻՄ նախագահության անդամ Գեղամ Գրիգորյանը ս/թ մայիսի վերջին: Այդ իսկ պատճառով էլ ես անցած երեք տարիներին չէի կարող անդրադառնալ հիշյալ խնդրին: Հ. Բաբուխանյանին, ով 2003թ. նախագահական ընտրություններում եղել է իմ նախընտրական շտաբի պետը, չեմ պատրաստվում քրեորեն պատժելի որեւէ պահանջ ներկայացնել, բայց եթե պարզվի, որ նա իրոք մասնակցել է ինչ-ինչ զեղծարարությունների, ապա դա իմ կողմից ավելի շատ կդիտվի որպես բարոյական եւ քաղաքական խնդիր»,- նշել է Ա. Կարապետյանը: ՆԺ նախագահի պնդմամբ, եթե փաստացիորեն ապացուցվի դա, ապա ինքը հասնելու է նրան, որ քրեական պատասխանատվություն կրեն պետական այն պաշտոնյաներն ու նրանց օժանդակողները, ովքեր միտումնավոր նվազեցրել են իր քվեների քանակը: