ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին Երեւանի պետական համալսարանի բակում դիմավորելուց հետո, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր հյուրին ուղեկցեց հենց նոր «ռեմոնտ» արված Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն, որից հետո ուղեւորվեցին դահլիճ՝ քննարկելու Ազգային անվտանգության հայեցակարգը։
Ըստ Սերժ Սարգսյանի, կա անվտանգության ռազմավարություն մշակելու 3 եղանակ՝ վերցնել մեկ այլ երկրի համապատասխան փաստաթուղթը, կատարել որոշ փոփոխություններ եւ ասել՝ սա մերն է, կամ դրսից հրավիրել մասնագետների խումբ, որոնք մեզ համար կմշակեն այդ ռազմավարությունը։ Երրորդ տարբերակն այն է, որ մեր մասնագետները դրսում նախապատրաստվեն, ուսումնասիրեն այլ երկրների փորձը եւ մեխանիզմները, եւ Հայաստանի համար մշակեն ուրույն փաստաթուղթ։ Պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ մենք ընտրել ենք հենց այդ ճանապարհը։ Ռազմավարության մշակման համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որն արդեն 7 նիստ է անցկացրել։ Նախարարը տեղեկացրեց, որ փաստաթուղթը նոյեմբերի 17-ին կքննարկվի Գիտությունների ազգային ակադեմիայի ընդլայնված նիստում, իսկ ամսի 27-ին կներկայացվի Ազգային ժողովին, որից հետո՝ ՀՀ նախագահին։
Իսկ երեկ Ս. Սարգսյանը եկել էր լսելու Մայր բուհի մասնագետների դիտարկումները, որոնք բավական հետաքրքիր էին՝ սկսած Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Վլադիմիր Հարությունյանի ելույթից։ Գիտնականի համար անընդունելի է, որ գործընկեր երկրների թվում առաջինը հիշատակվում է Վրաստանը։ Պրն Հարությունյանը գտնում էր, որ առաջին տեղում պետք է լիներ Ռուսաստանը, հետո՝ ԱՄՆ-ը, Իրանը եւ Ֆրանսիան։ Իսկ Վրաստանը, ըստ գիտնականի, «մարիոնետային» պետություն է, որը որոշ չափով «հակահայկական քաղաքականություն է իրականացնում իր երկրի ներսում»։
Տնտեսագիտության ֆակուլտետը ներկայացնող Գրիգոր Ղարիբյանը կարեւորեց գիտության եւ կրթության դերը։ Այս առումով պրն Ղարիբյանը շատ դժգոհ էր, որ 5-6 տարեկան երեխային կտրում են բնությունից եւ ուղարկում դպրոց կամ մանկապարտեզ։ «Երեխան պետք է մեծանա արեւի տակ, իսկ մենք նրան կտրել ենք բնությունից…. Ջերմոցային երեխաներ ենք մեծացնում»,- նեղսրտեց պրն Ղարիբյանը։
Պատմաբան Բաբկեն Հարությունյանի դժգոհությունները հիմնականում կապված էին այն փաստի հետ, որ Անվտանգության ռազմավարությունը փորձաքննություն է անցել այլ երկրներում՝ օրինակ, Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում. «Փաստաթուղթը պետք է բավարարի առաջին հերթին մեզ»։ Պրն Հարությունյանի կարծիքով, այլ երկրներն այդ փաստաթուղթը դիտարկում են սեփական շահերի տեսանկյունից, որոնք կարող են ամենեւին էլ չհամընկնել մեր պետության շահերի հետ։ Ըստ պատմաբանի, պետք է լիներ նաեւ այս փաստաթղթին կից գաղտնի փաստաթուղթ։ Բացի այդ, առկա խնդիրների մասին գրեթե ամեն ինչ ասված է, սակայն լուծումները քիչ են։ Սերժ Սարգսյանն այս տեսակետին համաձայն չէր։ Նա գտնում է, որ անվտանգության ռազմավարությունը չի կարող լինել գաղտնի, գաղտնի կարող են լինել դրանից բխող այլ բաները, օրինակ` պաշտպանության դոկտրինը, որն ունենալու է գաղտնի մաս։
Իսկ Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ Ալբերտ Ստեփանյանի կարծիքով, Հայոց ցեղասպանության խնդիրը պատշաճ ձեւով չի ներկայացված։ «Մեր ողբերգությունը պետք է դառնա մեր առավելությունը»,- գտնում է պրն Ստեփանյանը։ Ս. Սարգսյանն առարկեց՝ այնպես եք խոսում, կարծես այդ մասին ոչինչ չկա գրված։ «Կա, ձեւակերպումներն են սխալ»,- պատասխանեց գիտնականը։
Ցեղասպանությանն առնչվող մասից դժգոհ էր նաեւ փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Հրաչիկ Միրզոյանը։ Վերջինս համաձայն չէր «Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ…»՝ ձեւակերպմանը։ «Ինչո՞ւ չենք ասում, որ այդ մարդկանց կոտորել են իրենց հայրենի հողի վրա»,- հարցրեց պրն Միրզոյանը՝ կարծիք հայտնելով, որ դրանով մենք Արեւմտյան Հայաստանի ողջ տարածքը զիջում ենք Թուրքիային։ Հ. Միրզոյանը նույնպիսի դժգոհություն արտահայտեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հետ կապված։ «ԼՂՀ-ի մասին խոսվում է միայն 1988-ից այս կողմ կատարված բաների տեսանկյունից»,- նշում է գիտնականը։ Հ. Միրզոյանը նշեց նաեւ մտքային եւ լեզվական որոշ թերությունների մասին. «Զգացվում է օտար լեզվի՝ անգլերենի ազդեցությունը։ Մտքեր կան, որ հայերեն չեն հնչում»։ Սա էլ երեւի ԱՄՆ-ի փորձագետների «շունչն» է։
Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Հայաստանի ինտեգրումը միջազգային կառույցներին ոչ թե նպատակ է (ինչպես գրված է փաստաթղթում), այլ նպատակներին հասնելու միջոց։ Պրն Ղազինյանը նաեւ կարծիք հայտնեց, որ լավ կլիներ, եթե այս փաստաթուղթը լիներ ոչ թե հռչակագրի, այլ օրենքի տեսքով։ Իսկ Սերժ Սարգսյանը չի կարծում, որ այն օրենքի տեսքով կընդունվի։ Ըստ նախարարի, տրամաբանությունն այն է, որ օրենքը ենթադրում է պարտադիր կատարում, իսկ այս փաստաթուղթը կարելի է համարել կառավարության գործունեության ծրագիր։
Ինտեգրման խնդրին անդրադարձավ նաեւ քաղաքագետ Աղասի Ենոքյանը, որի կարծիքով` փաստաթղթի մեջ ինտեգրացիան գաղտնի կոդի է նման. չի նշվում՝ ո՞ւմ պետք է ինտեգրվենք։ Պրն Ենոքյանը նաեւ ուշադրություն դարձրեց արտաքին քաղաքականության որոշ հարցերի։ Մասնավորապես, Իրանի հետ մեր հարաբերությունների մասին խոսվում է միայն մշակութային եւ տնտեսական համագործակցության տեսանկյունից։ Հնչած կարծիքներն ու տեսակետներն ամփոփեց Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։ «Պահանջել, որ այս փաստաթուղթն արտացոլի բոլոր հարցերը, խնդիրները եւ այլն, ըստ էության, նշանակում է՝ մեր գործունեությունը բերել չգործունեության»,- ասաց պրն Մկրտչյանը՝ պարզաբանելով, որ հայեցակարգը ռազմավարական փաստաթուղթ է, որի հիման վրա իրականացվելու են շատ ծրագրեր։
Ելույթ ունեցողներից մի քանիսը նաեւ նշեցին, որ արտաքին խնդիրներին շատ ավելի մեծ ուշադրություն է դարձված, քան ներքին։ Ս. Սարգսյանի կարծիքով, դա այդպես էլ պետք է լիներ։ «Ամենակարեւորը ժողովրդի ֆիզիկական գոյությունը պահպանելն է։ Չինացիները կարող են այս մասին չմտածել։ Իսկ մենք չենք կարող՝ այս տարածաշրջանում մնացել ենք 3 միլիոն։ Իսկ հիմնական վտանգը դրսից է», – գտնում է Ս. Սարգսյանը։ Նախարարի խոսքերով, այս քննարկումից նրա սպասելիքներն արդարացան, թեեւ ավելի լավ կլիներ, եթե հնչեին կոնկրետ առաջարկություններ, ինչպես արեց Աստվածաբանության ֆակուլտետը ներկայացնող Հայր Անուշավանը։ Նա իր դիտողությունները ներկայացրեց կոնկրետ կետերի նկատմամբ եւ արեց համապատասխան կոնկրետ առաջարկներ՝ օրինակ, այսինչ էջի այսինչ կետը փոխել այսինչով։
Իսկ լրագրողները, որոնք Ս. Սարգսյանին հարցեր տալու համար սպասել էին 3 ժամ, վերջում հնարավորություն ունեցան մի քանի պատասխաններ ստանալու։ Սակայն նախարարն ավելի շատ հակված էր պատասխանելու «բուն թեմային» վերաբերող հարցերին։ Եվ բնական է, որ Ս. Սարգսյանը հրաժարվեց մեկնաբանել իր ամերիկյան արդեն նախկին պաշտոնակից Դոնալդ Ռամսֆելդի հրաժարականը՝ «դա մեր քննարկման հետ որեւէ կապ չունի»։ Ցավոք, այս վերջին տեսակետի շուրջ ԵՊՀ դասախոսները չէին կարող բանավիճել, քանի որ արդեն հրաժեշտ էին տվել նիստերի դահլիճից ու գնացել իրենց ոչ պակաս կարեւոր գործերին։