Պետությունը չի օգնում քաղաքացուն

17/11/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Խորհրդային կարգերի փլուզումից հետո անկախ Հայաստանի եւ ոչ մի կառավարություն իր քաղաքացիների համար բնակարանային խնդիր չի լուծել: Իհարկե, խոսքը չի վերաբերում աղետի գոտում իրականացված շինարարության կամ փախստականներին բնակարանով ապահովելու ծրագրերին, որոնք դեռ մասամբ են լուծվել:

Մնացած բոլոր դեպքերում ՀՀ քաղաքացիներն իրենք են լուծում իրենց բնակարանային խնդիրները: Ազատ շուկայական տնտեսվարման պայմաններում հենց այդպես էլ պետք է լինի: Պարզապես Խորհրդային Միության նախկին քաղաքացիները միանգամից ընկնելով այս նոր հասարակարգ՝ չկարողացան նույնքան արագ հարմարվել ստեղծված իրավիճակին: Նրանք իրենց հին պետությունից բնակարան ստացել են: Խորհրդային պետությունն իր քաղաքացիներին աշխատանքի դիմաց քիչ էր վճարում, բայց փոխարենը տուն էր տալիս: Այս մոտեցումն ամուր նստած է մեր հատկապես տարեց բնակիչների տրամաբանության մեջ, մանավանդ, որ անկախ Հայաստանը նույնպես իր քաղաքացիներին քիչ է վճարում: Խորհրդային տարիներին գործարաններն ու տարբեր ոլորտի հիմնարկները բնակարանի խնդիր ունեցող իրենց աշխատողներին հերթագրում էին, բնակելի շենքեր կառուցում ու հերթով բաժանում նրանց: Իսկ մեր նոր պետությունը նման խնդիրների համար իր սուղ բյուջեում գումարներ չունի: Եթե ունենա էլ՝ չի լուծի, որովհետեւ կարգերն այլեւս խորհրդային չեն: Հիմա բնակարանային խնդիրը շատ փոքր ծավալով լուծում է միայն ՀՀ Պաշտպանության նախարարությունը, որը նախկին հանրակացարաններից կամ պետական այլ տիպի շենքերից հատվածներ է գնում, վերանորոգում եւ տալիս է իր անապահով ծառայողներին: 2000 թվականից նմանատիպ ծրագիր ունի նաեւ ՀՀ կառավարությունը, որը նույնպես ոչ թե գլոբալ, այլ խիստ մասնակի հարցեր է լուծում:

Խորհրդային տարիներից Երեւանն ունի 2050 բարձրահարկ ու 2500 հատ էլ 2-5 հարկանի բազմաբնակարան շենքեր, որոնցից շատերի պիտանելիության ժամկետն արդեն անցել է: Ավելին, բազմաթիվ շենքեր վաղուց արդեն վթարային են դարձել եւ շահագործման պիտանի չեն: Այսինքն, այնպես է ստացվում, որ նոր ստեղծված ընտանիքների հետ միասին բնակարանի խնդիր ունեն նաեւ տուն ունեցողները: Հայտնի է, որ Աջափնյակ համայնքում շատ շենքեր վթարային են: Դրանք հիմնականում «խրուշչովկա» կոչվող շենքերն են, որոնք ժամանակավոր ու շուտափույթ խնդիր լուծելու համար կառուցվել են 1960-ական թվականներին եւ ունեն 25 տարվա շահագործման ժամկետ: Դրանց պիտանելիության ժամկետն ավարտվել էր դեռ խորհրդային վերջին տարիներին: Պետությունը ժամանակին պետք է դրանք քանդեր եւ նորերը կառուցեր: Ավելին, այս շենքերը վթարային են դարձել կառուցելուց ընդամենը 10-15 տարի հետո: Այն ժամանակ ուսումնասիրել եւ պարզել են, որ այդ համայնքում գրունտի վերին շերտը շատ թույլ է, եւ ստորերկրյա ջրերից շուտ քայքայվել եւ թուլացել են շենքերի հիմքերը: Մասնագետներն ասում են, որ 1960-ական թվականներին այդ հատվածում սեյսմիկ նորմալ ուսումնասիրություն չեն իրականացրել: Նման տեղանքում գրունտի թույլ շերտը պետք է հեռացնեին ու հասնեին ավելի ամուր հատվածին: Շենքերի հիմքը հենց այդ ամուր հատվածից պետք է սկսեին: Բայց խորհրդային հասարակարգն էլ, մանավանդ վերջին տարիներին, ուներ իր խնդիրները, ու ժամանակավոր օգտագործման այդ շենքերը շարունակում են մինչ օրս գոյատեւել: Հիմա այդ վթարային 100 շենքերի խնդիրը ծառացել է մեր կառավարության ուսերին, որոնցից 14-ի փոխարեն պետք է նորերը կառուցվեն: Սկզբնական շրջանում բնակիչներին դրամական փոխհատուցում են տվել: Բայց այդ գումարը տուն գնելու համար քիչ է եղել, եւ բնակարաններն էլ շատ արագ տեմպերով են թանկացել: Բնակիչները ծախսել են այդ փողերը եւ նորից պահանջատեր դարձել: Ապա որոշել են դրամական փոխհատուցման փոխարեն նոր շենք կառուցել. այդ ծրագիրը կառավարությունն իրականացնում է Երեւանի քաղաքապետարանի միջոցով եւ շատ դանդաղ տեմպերով: Անցած մի քանի տարիների ընթացքում Աջափնյակ համայնքում կառուցվել ու շահագործման է հանձնվել ընդամենը 1 շենք, 2 շենք էլ շահագործման կհանձնվեն մինչեւ այս տարեվերջ: Քաղաքապետարանի՝ չորրորդ կարգի վթարային շենքերի խնդիրներով զբաղվող վարչության պետ Գագիկ Մազմանյանի ասելով` այս 14 շենքերը նորերով կփոխարինվեն մինչեւ 2010թ.: Յուրաքանչյուր շենքի կառուցման համար կառավարությունը ծախսել է 700-800 մլն դրամ: Իսկ երրորդ կարգի վթարայնության 83 շենքերի ամրացման համար ժամկետ է սահմանվել մինչեւ 2013թ.: Այս տարի տարբեր համայնքներում ամրացրել են 11 շենք եւ յուրաքանչյուր մուտքի համար ծախսվել է 30-50 մլն դրամ: Անկախ Հայաստանը բնակարանային խնդիրներ լուծելու այլ ծրագիր չունի:

Բնակարանաշինությունն, ինչպես բոլոր երկրներում, այդպես էլ շուկայական տնտեսություն ունեցող Հայաստանի բիզնես-ճյուղերից մեկն է, որի մոտ 50%-ի գնորդները օտարերկրացիներն են: Այս տարվա 9 ամիսներին գործարկվել է մոտ 264.493քմ ընդհանուր մակերեսով բնակելի տարածք, որի մեծ մասը՝ 215.201քմ-ն իրականացվել է բնակիչների միջոցով: 49255 քմ էլ կազմակերպություններն են կառուցել: Ընդամենը 37 քմ կառուցել է «Փախստականների հարցերով նորվեգական խորհուրդը»: Բայց այս բիզնես-կառուցապատումները շատ փոքր ծավալ եւ շատ թանկ գներ ունեն, որոնք հանրապետության բնակարանային տարեցտարի ավելացող ու հիմնական խնդիրները չեն լուծում: Մեր պայմաններում պետությունն իր կարգավորիչ դերը դեռ պետք է ունենա: Պետությունները (նաեւ հետխորհրդային պետությունները) ինչ-որ ելքեր գտել են, պայմաններ են ստեղծել, որ իրենց քաղաքացիների համար հեշտացնեն այս խնդիրը: Ամբողջ աշխարհում ընդունված միջոց է դարձել հիփոթեքային վարկերի միջոցով տուն գնելը: Այս միջոցը մի քանի տարի առաջ սկսել է կիրառվել նաեւ մեզանում: Բայց հիփոթեքային վարկավորման շուկան մեզ մոտ դեռեւս տարերայնորեն է զարգանում: Պետությունը շուկան խթանելու եւ իր քաղաքացիներին օգնելու համար գրեթե ոչինչ չի անում: Իսկ վարկ տրամադրող բանկերն էլ սահմանել են շատ բարձր տոկոսադրույք, որը քչերին է մատչելի: 12-15 տոկոսով, 30-50% կանխավճարով եւ 7-8 տարի մարման ժամկետով քչերը կարող են վարկ վերցնել: Արտասահմանյան երկրներում այս պայմանները սահմանված են համապատասխանաբար 4-5% եւ 20-25 ու նույնիսկ 30-40 տարի մարման ժամկետով: Անցած 4-5 տարվա ընթացքում Հայաստանում ընդամենը 19,5 մլն դրամի վարկ է հատկացվել, որով տնավորվել են մոտ 1000 ընտանիքներ: Մինչդեռ մասնագետների հավաստմամբ` շուկայում կա 250 մլն դոլարի հիփոթեքային վարկի պահանջարկ: Բայց բանկերն իրենց պայմանները մտադիր չեն մեղմացնել, որովհետեւ ունեցած փողերն ավելի բարձր տոկոսներով կարող են տալ առեւտրային վարկ վերցնողներին: Այստեղ է, որ պետությունը պետք է օգնության հասնի իր քաղաքացուն: Հեռու չգնանք, հարեւան հետխորհրդային Ռուսաստանում նորաստեղծ ընտանիքների հիփոթեքային վարկի կանխավճարը պետությունն իր ուսերին է վերցրել եւ այդպիսով խթանում է ոչ միայն հիփոթեքային ու անշարժ գույքի շուկաների զարգացմանը, այլեւ տեր է կանգնում երիտասարդ ընտանիքներին: Ռուսաստանից ավելի լավ պայմաններ են առաջարկում հետխորհրդային Մերձբալթյան երկրները: Իսկ Հայաստանը դեռ ոչ մի քայլ չի անում: Որոշ միջազգային վարկատու կազմակերպություններ, օրինակ, գերմանական KFW բանկը, մեր բանկերին գումար են հատկացրել առավել մեղմ պայմաններով միայն հիփոթեքային վարկ հատկացնելու համար: Սա որոշ չափով կօգնի բնակարանի կարիք ունեցողներին, բայց 250 մլն դոլար պահանջարկի դիմաց փոքր գումար է: ՀՀ կառավարությունն արդեն մի քանի տարի ցանկություն է հայտնում, թե ապագայում կուզենար Ռուսաստանի ու Մերձբալթյան երկրների նման տեր կանգնել իր քաղաքացիներին: Այդ ցանկությունը նույնիսկ բոլորովին վերջերս 2007թ. բյուջեի քննարկումների ժամանակ է հնչել, ու պարզ չէ, թե երբ կդառնա իրականություն: