Անշարժ գույքը թանկանում է

17/11/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ժողովրդական հին խոսք կա՝ իսկական տղամարդը պետք է ծառ տնկի, որդի ունենա եւ տուն կառուցի։ Հերթականությունն ամեն ոք կարող է որոշել յուրովի։ Սակայն, իհարկե, ավելի ցանկալի է սկզբում տուն կառուցել եւ որդուն մեծացնել սեփական տան մեջ։ Ծառ էլ կարելի է հենց այդ տան բակում տնկել։

Սակայն այդ 3 կարեւոր բաներից ամենաառաջին տեղում տուն կառուցելը դնելը պայմանավորված է ոչ միայն դաստիարակչական խնդիրներով եւ հարմարավետությամբ։ Առաջին տեղում տնտեսական գործոնն է՝ որքան ուշ կառուցեք, այնքան թանկ կնստի։ Իհարկե, կառուցել պարտադիր չէ, կարելի է նաեւ գնել՝ տղամարդկության աստիճանը դրանից չի փոխվում։ Սակայն նույն բանն է՝ որքան ուշ գնեք, այնքան թանկ կվճարեք։ Իսկ որ ավելի հավանական է՝ ոչինչ էլ չեք գնի։

Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, ներկայացնենք որոշ պաշտոնական տվյալներ։ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն անցկացրել է Հայաստանի անշարժ գույքի շուկայի ուսումնասիրություն՝ 2006թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար։

2006թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 90.213 գործարքներ, որից մոտ 45%-ը` Երեւանում։ Անշարժ գույքի օտարման գործարքների 38.5% արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ 38.1%-ը՝ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ:

Երեւան քաղաքում 2006թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2005թ. նույն ժամանակամիջոցի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ շինության շուկայական միջին գների աճը կազմել է 29.9%: Սակայն, եթե հաշվի առնենք, որ անցյալ տարի 1 ԱՄՆ դոլարն արժեր 450 դրամ, իսկ հիմա՝ 380, ապա դոլարային արտահայտությամբ բնակարանների գնաճը շատ ավելի բարձր է, քան այս ցուցանիշը։ Հետաքրքիր է, որ մարզերում բնակարաններն ավելի մեծ չափով են թանկացել՝

42.1%-ով։ Աճել են նաեւ անհատական բնակելի տների շինությունների գները՝ Երեւանում 25.9 %, մարզերում՝ 37.6%:

Ոնց որ թե ապացուցեցինք, որ առաջին հերթին ձեռնտու է՝ որքան հնարավոր է շուտ տուն կառուցել (կամ գնել), հետո անցնել մյուս գործերին։ Միեւնույն ժամանակ, որքան էլ զարմանալի է՝ Ազգային վիճակագրական ծառայությունը գնաճի հաշվարկման ժամանակ անշարժ գույքի գները ոչ մի կերպ չի ուզում հաշվի առնել։