Երեկ մեր երկիրը միացել է Տրանսասիական երկաթուղային ցանցի ստեղծման ծրագրին: Հայաստանը եւ 17 այլ երկրներ, այդ թվում` Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը, Հարավային Կորեայի Բուսան քաղաքում ստորագրել են մի համաձայնագիր, որով նախատեսվում է ստեղծել երկաթուղային ճանապարհների ճյուղավորված ցանց, որը կմիացնի Ասիան եւ Եվրոպան: Ըստ այդ ծրագրի, որը նախաձեռնվել է ՄԱԿ-ում դեռ 1960 թվականին եւ արդեն ստացել է «Երկաթուղային Մետաքսի ճանապարհ» անվանումը, երկաթուղիները կանցնեն 28 երկրներով եւ կձգվեն ավելի քան 80 հազար կիլոմետր: Վկայակոչելով Հայաստանի տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանին` «Ասոշիեյթեդ փրեսը» նշում է, որ Հայաստանը, ունենալով ընդամենը մեկ երկաթուղային ելք դեպի վրացական նավահանգիստ, հույս ունի, որ ծրագրի իրագործումը թույլ կտա նվազեցնել տեղափոխվող ապրանքների գինը: «Ցանկացած տարածաշրջանային ծրագիր, որը կապված է տրանսպորտի ոլորտում համագործակցության հետ, շատ կարեւոր է մեզ համար»,- ասել է Հ. Բեգլարյանը: Նախնական հաշվարկներով` պետք է կառուցվի 6500 կիլոմետր նոր երկաթուղի, ինչի համար կպահանջվի մոտ 2,5 միլիարդ դոլար: