«Ինձ խելք է պետք»,- ասում է նախկին աղբանոցում ապրող 9-ամյա Գեւորգը

17/11/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Դաշնամուրի գործարանի հարեւանությամբ քարուքանդ արահետով անցնելով` հայտնվում եմ ամայի մի տարածքում, ուր միայն աղբ, մետաղալարեր ու երկաթե ջարդոններ են թափված: Անմարդաբնակ մի տարածքում եմ հայտնվում: Մեկ էլ՝ աղբակույտերի արանքից մի փոքրիկ տղա է ինձ ժպտում` նկատելով, որ մոլորվել եմ, եւ առաջարկում է գնալ իրենց տուն: Այդ տղան 9-ամյա Գեւորգն է, ով իր ընտանիքի 4 երեխաներից ավագն է: Կաղալով, մի կերպ է քայլում: Հարցնում եմ՝ «Ոտքդ ցավո՞ւմ է»: Ամաչելով պատասխանում է՝ «Հա՛, բայց կանցնի: Մաման ասում ա՝ բոյովանում եմ, դրա համար ա ցավում: Հիմա շատ-շատ ա ցավում, մտածում եմ, երեւի շուշուտ եմ մեծանում, շատ եմ բոյ քաշում, դրա համար էլ ցավում ա»: Հարցնում եմ՝ «Ծնողներդ քեզ բժշկի մոտ տարե՞լ են, կարող է ուրիշ խնդիր կա, որ էդպես կաղում ես»: Ասում է՝ «Չէ, չեն տարել: Երեկ ցավին չէի դիմանում, մաման յոդով կլետկա արեց, լրիվ մաշկս վառվեց, հիմա մրմռում ա»: Մեր հանդիպման պահին Գեւորգը ծանր ուսապարկը քարշ տալով՝ դպրոցից տուն էր վերադառնում: Ասում եմ՝ «Պայուսակդ տուր, ես պահեմ, ծանր է, ոտքդ էլ ցավում է»: Այնքան հպարտ է, որ մերժում է առաջարկս: Ծանր հոգոց հանելով` ասում է՝ «Բոլորը խիստ են, իմ ուսուցիչներն էլ են խիստ, չեմ սիրում իրանց: Ձեր նման ջահել մի հատ ուսուցչուհի ունեմ, մենակ իրան եմ սիրում, բայց ինքն էլ ա խիստ: Խիստ մարդիկ հիմա շատ են»: Զրուցելով քայլում ենք: «Հես ա մեր տունը»,- կանգ առնելով` ասաց Գեւորգը: Շուրջս նայում եմ, որ տան նման մի շինություն գտնեմ, բայց փոխարենը միայն աղբակույտեր ու երկաթե դուռ եմ տեսնում, որը շքամուտքերի մոտ տեղադրված աղբանոցի զույգ դռներից մեկն է: «Հա՛, հա՛, էս ա մեր տունը, ներս գնա` մերոնց տես»,- հեգնանքով ասում է Գեւորգն ու ինձ ուղեկցում ներս: Ապա տեսնելով հետադարձ ճանապարհս փնտրող մտահոգ դեմքս, ասում է՝ «Մի վախեցի, ես քեզ կտանեմ մինչեւ մարշրուտկեքի կանգառ: Չես կորի, արխային, մինչեւ վերջ կտանեմ, խոստանում եմ, կնստացնեմ մարշրուտկա»: Գեւորգի մայրը՝ Աննան, դռան արանքից կախված վարագույրը մի կողմ քաշելով ներս է հրավիրում: Ներսն առավել քան սարսափելի է, քան դրսից երեւացող ծանր տեսարանը: Նրանց տունը մի գորշ քառակուսի է, որը նախկինում աղբանոց է եղել: Պատերը խոնավությունից քրքրված ու բորբոսնած են, իսկ սենյակի մեջտեղով կոյուղու մի մեծ խողովակ է անցնում: Սենյակում մահճակալի կողքին դրված է կեղտոտ հագուստներով լի թասը: Սենյակում լցված են դատարկ տուփեր, դեն գցելու թղթեր, պլաստմասսայե դատարկ շշեր… Ներսում ոտքի տեղ ազատելու համար Աննան հատակի վրայից ինչ-որ բաներ է տեղաշարժում, որ կարողանամ առաջանալ: Ինձ տեսնելուն պես Աննան, չգիտես ինչո՞ւ, անմիջապես խիստ տոնով սկսում է իր կենսագրական տվյալները ներկայացնել՝ «Մաթեւոսյան Աննա, 39 տարեկան, ապրում եմ առաջվա Առեւտրի տեխնիկումի աղբանոցում: Որպես վթարային շենք էս շենքը լուծարվել ա, ու ով կացարան չուներ, անտուն, աղքատ, դրսերում, հողամասերում ապրող մարդիկ եկել են ստեղ, պատսպարվել են…»: Մտածում է, թե կուսակցություններից մեկի ներկայացուցիչ եմ եւ եկել եմ ընտրակաշառք առաջարկելու: Հետո, երբ իմանում է, որ լրագրող եմ՝ փոքր-ինչ հուսահատվում է: «Մի կերպ, կոտորվելով ապրում ենք՝ հույս ունենալով, որ էս հազարավոր կուսակցություններից մեկը ձեռք կմեկնի: Գալիս սարեր-ձորեր են խոստանում, ասում են, որ կօգնեն մեզ: Բայց արդեն ոչ մեկի հանդեպ հույս ու հավատ չկա, բոլորն էլ նույն սանրի կտավն են: Էդքան որ խոստանում են, չե՞ն հասկանում, որ մեր նման ծայրաստիճան աղքատ ընտանիքների համար մի չոփն էլ նշանակություն ունի: Ո՞ւր են խաբում, հույսով անում ախր»,- հարցնում է նա, բայց արդեն մեղմ տոնով ու «այ սիրելիս» դիմելաձեւով: «Դե, ասում ես` խի՞ ես ջղայնանում, այ սիրելիս… Էս բակ շատ են գալիս: Եկել են Դաշնակցական կուսակցությունից, Հանրապետականից, «Բարգավաճ Հայաստանից», բայց ի՞նչ: Մոտիկանում եմ, ցույց եմ տալիս իմ վիճակը, նկարագրում եմ մեր պայմանները, ասում են՝ հա՛ կգանք, կօգնենք, ու էդ գալն ա, որ պետք ա գան: Երեւակայի, որ էս պետությունից արդեն ոչ մի ակնկալիք չունենք, մինչեւ կոկորդներս կուշտ ենք էս անտարբերությունից: 3 տղա ունեմ, հես ա, մեծացան թե չէ` տանելու են բանակ, ա՛յ էդ ժամանակ նոր կզգանք, որ պետություն գոյություն ունի»,- ասում է նա՝ կտրուկ շարժումներով գրկելով լաց լինող 2 տարեկան Անիին: Ասում է, որ ճգնաժամային տարիներին մեծ պարտքեր են կուտակել, որի պատճառով էլ սկեսրայրը մեռնելուց առաջ վաճառել է բնակարանը: 12 տարի է, ինչ կիսաքանդ տեխնիկումի աղբանոցում են ապրում: «Պարտքերը փակեց, մեռավ, մենք էլ եկանք-մտանք էս զիբիլանոցը: Շենքի զիբիլանոցն ա էս»: 4 անչափահաս երեխաների համար 31.000 դրամ նպաստ են ստանում, որն այս 6 հոգուց բաղկացած ընտանիքի միակ եկամուտն է: «Էս պայմաններում ապրում ենք, «Փարոսի» տեսուչն էլ գալիս, ասում ա՝ դու 31.000 նպաստ ես ստանում, բայց քո հարցը ո՞նց պիտի լինի: Կոնկրետ չի ասում, որ փող ա ուզում, բայց նեղում ա էլի: Էն օրը ասում ա՝ 31.000-ը հանաք-մասխարա ա՞: Ես էլ ասեցի՝ ես ապօրինի ոչինչ չեմ անում, էդ 31.000-ով 4 անչափահաս, մանր երեխա եմ պահում: Երեւի կաշառք ա ուզում, էլի, հասկացնում ա, որ չտամ՝ կկտրի նպաստից: Բայց ինչի՞ տամ, սիրելիս, չէ՞ որ ես էս երեխեքին սարսափելի պայմաններում եմ պահում, 20 դրամն էլ մեր համար նշանակություն ունի: Աչքովդ տեսնում ես, շան բունն էլ սենց չի, որտեղ մենք ենք ապրում»,- բարկացած պատմում է Աննան՝ ասելով, որ էլեկտրաէներգիա էլ չունեն, վերեւներից մի լար են բերել, որ լուսավորեն սենյակը: Ձմռանը չեն կարողանում սենյակը տաքացնել, ոչինչ չեն վառում, իսկ 4 փոքրիկ երեխաներին կրկին սպառնում է սարսափելի ցուրտը: «Էս գազով ճաշ եմ եփում, էդ ընթացքում մի քիչ տաքանում ա, ուրիշ հնարավորություն չկա, ի՞նչ անենք: Էսքան տարի մի հատ շոր չենք առել: Ծանոթ-բարեկամ խղճում, շոր են տալիս, այ տենց ուրիշի հներով մեծանում են երեխեքս»: Նրա ամուսինը՝ Ռոբերտը, խոսակցությանը չի արձագանքում, այնքան կաշկանդված է, որ գլուխը կախ գցած մի սիգարետը հանգցնելով` մյուսն է սկսում: Ամուսնու շփոթմունքը մեղմելու համար Աննան միջամտում է՝ «Լավ բան չկա, սիրելիս»: Վարագույրը մի կողմ քաշելով՝ ներս է մտնում Գեւորգը: Ուրեմն՝ գնալու ժամանակն է: Ինքնավստահ Գեւորգն ինձ ճանապարհելիս շատ տխուր ու կոտրված է: Հարցնում եմ՝ «Ինչի՞ կարիք ունես՝ տետրեր, գրքեր կարողանո՞ւմ եք գնել, քեզ ի՞նչ է պետք»: Թախծոտ ժպիտով պատասխանում է՝ «Խելք»: 9 տարեկան տղայի անսպասելի պատասխանից ծիծաղում եմ, որ զարմանքս թաքցնեմ: Ասում է՝ «Հա՛, հա՛, ինձ խելք ա պետք, որ մեծանամ, տուն առնեմ, մարդավարի, խելացի կյանքս դասավորեմ: Դրա համար ուզում եմ լավ սովորեմ, գրագետ լինեմ: Գիտե՞ս, ես մեր տանը հաց չեմ ուտում, չեմ սիրում մեր ճաշերը: Մեկ-մեկ տատիկս կամ պապիկս ինձ թաքուն փող են տալիս, դպրոցում եմ մի բան առնում-ուտում: Մեր տանն ընդհանրապես բան չեմ ուտում»,- վստահեցնում է Գեւորգն` այդպես էլ չասելով, թե իրեն բացի խելքից ի՞նչ է հարկավոր: «Էս կողմերը քիչ եկեք, ես որ ստեղ չլինեի` վտանգավոր կլիներ»,- ասում է նա ու սպասում մինչեւ հեռանամ: