«Մեր համայնքում անտերություն է, ոչոք չի զբաղվում մեր պրոբլեմներով: Բնակիչներն ամեն ինչ իրենց միջոցներով են վերականգնում»,- գանգատվում էր թիվ 1 բնակարանի բնակչուհի Ջ. Խաչատուրյանը: Համատիրության նախագահ Ռոզա Բաղիշյանի գնահատմամբ, համատիրությունը, որի բյուջեն բնակիչների ողորմելի գումարներով է գոյանում` յուրաքանչյուրից մեկ քառակուսի մետրի համար գանձելով 7 դրամ, չի կարող վերանորոգել համայնքի կոյուղու ներքին ցանցը: «Մենք ոչ մի տեղից չենք կարող ճարել այդ գումարները: Ամբողջ Աջափնյակի գրունտային հողերը նստվածք են տալիս, որի պատճառով նստվածք են տալիս նաեւ դիտահորերը: Դա «Երեւանջուր» ընկերության գործն է, նրանք բնակիչներից ամեն ամիս խմելու ջրի եւ կոյուղաջրերի համար մեծ գումարներ են հավաքագրում: Նման անմխիթար վիճակում են նաեւ Մազմանյան- 2, 6, 22, Բաշինջաղյան-18, 4 շենքերը, ինչպես նաեւ` Մարգարյան փողոցի մի քանի շենքեր: Մենք այս տարի չինացիների օժանդակությամբ կարողացել ենք վերանորոգել միայն համայնքի ջրատար խողովակների ներքին ցանցը: Ոչ նախանձելի վիճակում են նաեւ բազմաբնակարանների տանիքները: Մեր հաշվարկներով, միայն մի շենքի տանիքի հիմնարար վերանորոգման համար անհրաժեշտ է 7 մլն դրամ»,- նշում է համատիրության նախագահը:
Աջափնյակի թաղապետարանի Անշարժ գույքի կառավարման եւ համատիրությունների կոորդինացման բաժնի պետ Արամ Արամյանի ասելով, Մազմանյան-14 շենքը շուրջ 10 տարի պատկանում է համատիրությանը, թաղապետարանը զբաղվում է միայն վերահսկողական գործառույթներով: Նրա ասելով, իրենք նշված շենքի կոյուղու վթարի վերաբերյալ բնակիչներից ահազանգ ստացել են, ու հնարավորինս աջակցել են խցանումների վերացման աշխատանքներին: «Աջափնյակում կան մոտ 400 բազմաբնակարան շենքեր, որոնց մեծ մասը 40-45 տարվա վաղեմություն ունի: Գրունտային հողերի պատճառով այսօր ամենաշատ վթարային շենքերը գտնվում են Աջափնյակում: Պարբերաբար վթարային վիճակում հայտնվում են նաեւ դիտահորերը, որոնց սպասարկմամբ զբաղվում է «Երեւանջուրը»` բնակչությունից գանձումներ կատարելով: Նրանք պարտավոր են սեփական միջոցներով վերացնել դրանց վթարային հետեւանքները»,- հավաստիացնում է թաղապետարանի ներկայացուցիչը: «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի համաձայն, կոյուղու ներքին ցանցը համատիրությունների գործունեության ոլորտն է: Փաստորեն, կոյուղու ներքին ցանցը պատկանում է համատիրություններին, իսկ դիտահորերը` «Երեւանջուր» ընկերությանը: Մասնավորի եւ հանրայինի այս չտրամաբանված սահմանազատման պատճառով, պարտավորությունների կատարման գործընթացում սողանցքներ են առաջանում, եւ ստեղծված իրավիճակում դժվար է պարզաբանել, թե կրկնվող վթարներն առաջանում են կոյուղու ներքին ցանցի մաշվածությա՞ն, դիտահորերում առկա թերությունների՞, թե՞ բնակիչների անփութության պատճառով: Այս մասնագիտական անտեսանելի խնդրի պարզաբանմամբ մոտ օրերս կզբաղվեն «Երեւանջուր» ընկերության մասնագետները եւ ուսումնասիրությունների արդյունքների մասին կտեղեկացնեն «168 Ժամին»: Նշենք նաեւ, որ այս տարվա մայիսից ֆրանսիացիներին հանձնված «Երեւանջուրը» բազմաբնակարան շենքերի բնակիչներից` 1 խորանարդ մետրի ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայության դիմաց գանձում է մոտ 173 դրամ, որտեղ ջրահեռացումն ու կեղտաջրերի մաքրման ծառայությունը գնահատված է 25 դրամ: «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքը համատիրությունների ղեկավարներին նաեւ հնարավորություն է ընձեռում առկա խնդիրները լուծելիս դիմել որեւէ երրորդ ուժի: Այս պարագայում շատ բան կախված է լինում տվյալ ղեկավարի սուբյեկտիվ գործոններից` հնարամտությունից, գործելաոճի ակտիվությունից, նաեւ, թե նա որքանով է մտահոգված իր բնակիչների խնդիրներով: Բոլոր դեպքերում տուժողը Աջափնյակ համայնքի բնակիչն է, որն ունի նորընտիր թաղապետ: «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ, Աջափնյակի համայնքապետ Ռուբեն Հովսեփյանի (նա կառավարության որոշմամբ վաղօրոք ստանձնել է իր լիազորությունները, թեեւ նախկին համայնքապետ Արծրուն Խաչատրյանը մինչեւ դեկտեմբերի 4-ն իրավասու էր պաշտոնավարել) նախընտրական լոզունգն էր` «Բարի գործեր, բարեկարգ համայնք»: Այդ ցուցապաստառները դեռ փողոցներից չեն ապամոնտաժվել եւ դեռ երկար կհիշեցնեն կատարվելիք բարի գործերի մասին: Ինչեւէ, բարեկարգ համայնք հասկացության մեջ իր ենթաբաժինն ունի նաեւ բազմաբնակարանների տարրական կոմունալ պայմաններ ապահովելը, մանավանդ, որ թաղապետարանն օժտված է միջնորդական եւ վերահսկողական գործառույթներով: Սակայն նկատենք, որ թաղապետարանի ներուժն ու հնարամտությունը բավականացնում է միայն համայնքի ազատ հողատարածքների ապօրինի վաճառքով եւ տարբեր սադրիչ եղանակներով ընտրությունից ընտրություն բնակիչների ձայները գողանալով: Համենայնդեպս, բնակիչների հետ զրույցից կարելի էր եզրակացնել, որ նրանք Երեւանի ամենաանբարեկարգ համայնքի բարեկարգման մութ ու աղոտ ճանապարհին նոր համայնքապետից ակնկալիքներ ունեն: Ինչո՞ւ աղոտ, որովհետեւ Ա. Խաչատրյանը միշտ բողոքում էր, որ Աջափնյակը ենթակառուցվածքների պատճառով ամենաաղքատ բյուջեով համայնքն է: Իսկ եթե հաշվի առնենք համայնքի ղեկավար Ռ. Բաղիշյանի տվյալները, թե Աջափնյակի միայն մի շենքի տանիքի վերանորոգմանն անհրաժեշտ է մոտ 7 մլն դրամ, ապա բարեկարգ համայնքի համար աստղաբաշխական գումարներ են պետք ներդնել: